«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 29-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի, դրանց հետ կապված իրավական գործընթացների շուրջ զրուցել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
-Պարո՛ն Թաթոյան, Դուք առաջին պաշտոնյան էիք, որ Սարի թաղի բախումներից անմիջապես հետո գնացիք դեպքի վայր: Հետաքրքիր է՝ գնացիք եւ ի՞նչ արեցիք այնտեղ:
-Առաջինը տեղի ունեցան, իհարկե, քաղաքացիների հետ շփումները, ուսումնասիրությունները: Վնաս կրած գրեթե բոլոր անձանց հետ աշխատեցինք հանդիպել, ընդ որում, խոսքը, հատկապես, վերաբերում է բոլոր այն քաղաքացիներին, այն ընտանիքներին, ովքեր հատուկ միջոցների գործադրման արդյունքում էին վնաս կրել, օրինակ՝ մի ընտանիք կար, որտեղ երեխաներ էին շատ տուժել: Մենք եղանք այդտեղ, քննարկումներ արեցինք: Դրանից հետո միջազգային կազմակերպությունների հետ էլ աշխատեցինք, որպեսզի աջակցեն իրենց: Բայց ես պետք է ասեմ, որ, իհարկե, այն վնասը, որը պատճառվել էր, անթույլատրելի էր, հատկապես երեխաների մասով: Խոսքը վերաբերում է նրան, որ հատուկ միջոցի գործադրման արդյունքում թե՛ երեխաներն էին վախեցել, թե՛ նաեւ վնաս էր պատճառվել ընտանիքի մեծերին, մի մասը հիվանդանոցում էր գտնվում: Դրանից անմիջապես հետո հիվանդանոց էլ այցելեցինք եւ իրենց նաեւ հիվանդանոցում հանդիպեցինք: Այնուհետեւ քաղաքացիների հետ էլ անհատական աշխատանք է կատարվել, իհարկե, եւ գլխավորապես բոլոր համապատասխան տեղեկությունները ներկայացվել են թե՛ քրեական հետապնդման մարմնին, թե՛ նաեւ ոստիկանություն: Հիմա մենք արդեն պատասխաններ ենք ստանում պատասխանատվության ենթարկված ոստիկանության ծառայողների մասով, իսկ քրեական հետապնդման մասով էլ իրականացվում է քննություն: Այստեղ եւս լինելու ենք հետեւողական, որպեսզի հասկանանք, տեսնենք, ի վերջո, այդ կանխատեսելիությունը, որ անհրաժեշտ է ունենալ, ապահովվում է, թե չէ:
-Այդ օրը նաեւ լրագրողները զանգվածային բռնությունների ենթարկվեցին: Կա՞ որեւէ ձերբակալված այդ փաստի առթիվ: Ի վերջո, մենք` լրագրողներս, ինչպե՞ս վստահ լինենք, որ պաշտպանված ենք:
-Լրագրողների հետ կապված, այո, եղան դեպքեր, որոնց մասին, իհարկե, բոլորս գիտենք: Ես լրագրողներին էլ տեսել եմ թե՛ հիվանդանոցում, թե՛ վնաս կրած վիճակում, դա, իհարկե, անթույլատրելի է: Ես, հատկապես, գիտեք ինչու եմ կարեւորում լրագրողների պաշտպանվածությունը նման բարդ իրավիճակներում, որովհետեւ լրագրողների միջոցով հստակ կարողանում ես տեղեկություն ստանալ, թե, ի վերջո, ինչ է կատարվում երկրում եւ ունենալ պատկերացումներ, դա ինքնին լարվածության թուլացման է տանում: Եւ երկրորդ՝ այստեղ շատ կարեւոր նշանակություն ունի լրագրողի ներկայությունը` զգոնությունը ապահովելու իմաստով: Ավելորդ էլ է ընդգծել խոսքի ազատության իրացման հարցում լրագրողի կարեւորագույն դերը, որ մշտապես ենթակա է պաշտպանության: Լրագրողների մասով հատուկ քննչական ծառայությունից մենք եւս ստացել ենք պատասխան, որ որոշակի ձերբակալված անձինք կան: Բայց գիտեք, ես պետք է ասեմ, որ այս իմաստով, հատկապես, անհարժեշտ է հանրությանը լրագրողների միջոցով ներկայացնել մանրակրկիտ տեղեկություններ, թե ինչ գործողություններ են կատարվում, որովհետեւ տեղեկությունների ոչ պարբերաբար մատուցումը ինքնին կարող է անվստահություն առաջացնել քրեական հետապնդման մարմնի գործողությունների նկատմամբ: Դրա համար անընդհատ մեր հայտարարություններում, իմ պահանջներում, առաջարկներում դրվում է այդ հարցը. պարբերաբար տեղեկություն մատուցել նաեւ պատասխանատվության ենթարկվող անձանց մասին: Չէ որ լրագրողը նույնպես խնդիր ունի երաշխիք ունենալ պետությունից, որ բռնության գործադրման ցանկացած դեպք բացահայտվելու է, իսկ մեղավոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության:
-ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնապահները եւս մասնակցում էին Սարի թաղի ծեծուջարդին, ավելին` ակտիվ հրահրողներից էին: Կոնկրետ նրանք պատժվելո՞ւ են:
-Հիմա քննություն է ընթանում, եւ այդ հարցերին քննությունը պետք է պատասխան տա: Այն, որ կար անհանգստություն, որ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ էին կամ բռնության գործադրման հարցերում ոստիկաններ էին ներգրաված եղել, այդ տեղեկությունները մենք էլ ունենք եւ դրա համար մենք էլ ենք ուղարկել քրեական հետապնդման մարմիններին: Ինչ վերաբերում է՝ պատժվելու են, թե չէ, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քննության ընթացքում պետք է պատասխանը ստանանք, մանավանդ դեռ առջեւում ունենք դատական քննություն:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Վահագն Հակոբյան, Հովսեփ Հովսեփյան