Կարեն Կարապետյանի նշանակումն ամենամեծ մտավախությունն առաջացրել է ֆինանսների նախարարությունում. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանին նշանակելու դեռ պաշտոնապես չարձանագրված որոշումը ամենամեծ մտավախությունները առաջացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունում։ Դրանք պայմանավորված են հաջորդ տարվա պետբյուջեի նախագծով։

Խնդիրն այն է, որ մինչև հոկտեմբերի 1-ը 2017 թ. պետական բյուջեի նախագիծը հիմնականում պետք է պատրաստ լինի։ Բյուջեի բովանդակությունը, պատկերավոր ասած, հարմարեցված է արդեն նախկին կառավարության «ճաշակին»։ Սակայն իրական են սպասումները, որ վարչապետի պաշտոնում նշանակվելուց և նոր կառավարություն ձևավորելու ընթացքում Կարեն Կարապետյանը կպահանջի արմատապես փոխել նախագիծը։ Նոր վարչապետը, դժվար թե, համաձայնվի իր վրա վերցնել նախկին «ստանդարտների» ու գերակայությունների վրա հիմնված բյուջեի իրականացման պատասխանատվությունը։

Բյուջեի՝ նույնիսկ ոչ արմատական, այսպես ասած՝ զգալի փոփոխությունները չափազանց աշխատատար են, և դրա համար կարող են պահանջվել ամիսներ, իսկ մեր օրենսդրությամբ սահմանված ժամկետները շատ քիչ են: Ֆինանսների նախարարության մասնագետների համար «չարյաց փոքրագույնը» կլինի այն, որ նոր կառավարությունը հավանություն կտա 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի ներկայիս նախագծին և հետո, մինչև տարեվերջ կամ նույնիսկ ընդունվելուց հետո դրանում փոփոխություններ կնախաձեռնի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս