ArmLur.am-ը ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանի նախագահությամբ սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստը՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պատրաստված օրենքների նախագծերի քննարկմանը:
Արփինե Հովհաննիսյանը ողջունել է ներկաներին և ընդգծել նոր ձևավորված հասարակական խորհրդի նիստի օրակարգում ներառված հարցերի կարևորությունը:
Նրա խոսքով՝ նիստի նպատակը մեկն է՝ նախքան օրենսդրական նախաձեռնությունները Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնելը, դրանք քննարկել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և ստանալ առաջարկություններ: Արփինե Հովհաննիսյանը հասարակական խորհրդի անդամներին մաղթել է բաց և արդյունավետ աշխատանք:
Նիստի ընթացքում Արդարադատության նախարարության ներկայացուցիչները խորհրդի անդամներին են ներկայացրել հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ վերլուծություններն ու առաջարկությունները, կոռուպցիայի դեմ պայքարի երկու հիմնական՝ ունիվերսալ և կանխարգելիչ մոդելները, ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը, ինչպես նաև պետական գնումների համակարգում իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտի ներդրման վերաբերյալ հայեցակարգը:
Արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի անդամները ողջունել են նախարարության օրենսդրական նախաձեռնությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և ներկայացված հարցերի շուրջ ներկայացրել իրենց մտահոգություններն ու առաջարկները:
Քննարկման ավարտին նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հորդորել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին գրավոր տեսքով Արդարադատության նախարարություն ներկայացնել առաջարկություններ ու առարկություններ՝ իրենց հիմնավորումներով. դրանք կամփոփվեն, կներառվեն նախագծերում, որից հետո դրանք կներկայացվեն ՀՀ կառավարություն: