Կյանքն առաջ է շարժվում, և հասունացել են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում. Լևոն Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանն անդրադարձավ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարականին եւ հետագայում սպասվող փոփոխություններին՝ մասնավորապես նշելով, որ փոփոխություններ կլինեն կառավարման համակարգի գրեթե բոլոր ոլորտներում` սկսած նախագահի աշխատակազմից մինչեւ դատաիրավական համակարգ: Ըստ այդմ, սպասվում են կադրային վերադասավորումներ:

«Ժողովուրդը» այդ փոփոխությունների մեկնարկի եւ դրա արդյունքում սպասվող պաշտոնների վերադասավորումների մասին զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, ըստ Ձեզ՝ ինչու՞ հիմա անհրաժեշտ դարձավ կառավարության փոփոխությունը:

-Նախագահը ելույթում երեկ ասաց, որ սահմանադրական բարեփոխումներից հետո քաղաքական բարեփոխումներն են առաջնահերթ, եւ ինչ-որ չափով հետաձգվեցին այդ բարեփոխումները ապրիլյան պատերազմի եւ վերջին իրադարձությունների պատճառով: Բայց որ այդ բարեփոխումները պետք է տեղի ունենան, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Նախագահի խոսքին ավելացնելու բան չունեմ:

-Հովիկ Աբրահամյանի նշանակման ժամանա՞կ ավելի շատ հույսեր ունեիք դրական փոփոխության, թե՞ հիմա:

-Գիտեք, համեմատելը ճիշտ չի լինի, եւ Հովիկ Աբրահամյանն էլ իր խոսքում նշեց, որ ճիշտ չի լինի նախորդ կառավարության գործունեությունը գնահատել: Կյանքն առաջ է շարժվում, եւ հասունացել են այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում, ես ողջունում եմ այդ փոփոխությունները, ես դրանց կողմնակիցն եմ:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր նախարարները չպետք է վերանշանակվեն նոր կառավարությունում:

-Դա իմ որոշելիքը չի, նախագահը եւ նորանշանակ վարչապետը քաղաքական թիմի հետ խորհրդակցելով՝ շատ մոտ ապագայում այդ հարցի պատասխանը կտան:

Վահագն Հակոբյան




Լրահոս