Նախօրեին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը երկարաշունչ ելույթ ունեցավ` անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականին եւ մոտալուտ փոփոխություններին: Սերժ Սարգսյանի ելույթի մասին «Ժողովուրդը» զրուցեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, Ս. Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Կարեն Կարապետյանը, արդյունավետ աշխատելու դեպքում, կլինի փոփոխությունների սիմվոլը…
-Տիգրան Սարգսյանն էլ էր այդպես, ինչ տարբերություն:
-Այսինքն՝ նրա պարագայո՞ւմ էլ էր այդպես ասել:
-Վա՜յ, Տիգրանին շատ ավելի վեհ բառերով: Մեր բարեփոխումների հայրը պետք է լիներ: Ինքն էլ այդ ծրագրով եկավ, մոնոպոլիաների, օլիգարխիաներ դեմ պայքարենք, տենց բաներ էր ասում, շատ լավ հիշում եմ: Բարդ աշխատանքը ստանձնելու համար սուպերհերոս պետք չէ, թող նորմալ ընտրություններ անցկացնեն` նախագահական, խորհրդարանական, կառավարման համակարգը ճիշտ կազմակերպելու համար, առանց կեղծիքների նոր Սահմանադրություն ընդունեն, ու այդ սուպերհերոսին փնտրել էլ պետք չէ, առավել եւս՝ Կարեն Կարապետյանն այդ սուպերհերոսը չէ:
-Փաստորեն, չսահմանափակվեցինք մեր ներուժով եւ դրսում գտանք մեզ փրկողին: Մի՞թե մեր երկրում չկար այդ փրկիչը:
-Իհարկե, կա, բայց «Գազպրոմը» շատ հզոր ներուժ է Սերժ Սարգսյանի համար այս պարագայում, որովհետեւ ուղիղ ենթակայություն է այլեւս պետք, ուղիղ վերահսկողություն է պետք Հայաստանի վրա: Կամ Հայաստանը «Գազպրոմին» քիչ գումար է տվել, նվիրաբերել, պետք է ավելի շատացնեն: Ես դեռ սպասում եմ անհասկացողության պատի քանդմանը: Շատ ուղերձներ է արել, բայց որեւէ բան չի փոխվել: Վարչապետ փոխելով` ոչինչ չի փոխվի: Ըստ էության, եթե տիպային առումով վերցնենք, Տիգրան Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը, այսպես ասած, նույն PR տիպի մեջ են գտնվում՝ ինտելեկտուալ, լեզուներ իմացող, լավ կազմակերպող, չգիտեմ… եւ այլն, եւ այլն: Ի՞նչ է, Կարեն Կարապետյանն այս համակարգի վառ ներկայացուցիչների՞ց չէ: Որ քաղաքապետ էր, արմատական բաներ փոխվեցի՞ն, թե՞ Երեւանցիների մեջքին թեւեր աճեցին, ի՞նչ լուծվեց. մի քանի կրպակ հանեցին, մի քանի փողոցային առեւտուր անողների հացը կտրեցին, կրպակատերերից մի քանիսը թողեցին, Հայաստանից գնացին, կողքի սուպերմարկետներում գնորդները շատացան: Էսթետիկական առումով՝ հրաշալի ազատ ծառեր են, բովանդակային առումով՝ մի քանի ընտանիք էլ գնաց Հայաստանից: Վերջ, այդքան բան:
Վահագն Հակոբյան