Ուորլիքի հայտարարությունը Արցախում անցկացվելիք իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի մասին է. քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ենթադրում է որոշ տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց: «Интерфакс» գործակալությանը երեկ տված հարցազրույցում նման հայտարարութուն է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հարցազրույցում Հայաստանին վերաբերող այլ հայտարարություններ ևս հնչել են, որոնց շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ.

-Պարո՛ն Մեհրաբյան, ամերիկացի համանախագահի ողջ հարցազրույցը, կարծես, կառուցված է այն բանի շուրջ, որ ցույց տրվի ԱՄՆ-ՌԴ սերտ համագործակցությունը ղարաբաղյան հիմնահարցը լուծելու ուղղությամբ: Ուորլիքն անգամ կրկնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը հաղթողներ ու պարտվողներ չլինելու մասին:

-Դա պատվավոր խաղաղության միակ բանական բանաձևն է, որի մասին բազմիցս խոսում են: Այնպես չէ, որ Պուտինը պետք է ասեր, հետո մենք հասկանայինք, կամ էլ Ուորլիքը պետք է հիշեցներ, որ մենք անդրադառնայինք դրան:

Ի վերջո այս կոնֆլիկտը չի կարող տևել այնքան, որքան գոյություն կունենա մարդկությունը: Այն մի օր պետք է ավարտվի և պետք է ավարտվի այնպես, որ լինի պատվավոր խաղաղություն երկու կողմերի համար էլ:

-Ուորլիքը նաև ընդգծվեց, որ բանակցությունների սեղանին դրված է «որոշ տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձևը, ի՞նչ կասեք այս մասով:

-Ըստ էության` Ուորլիքն ասաց մի բան, որի մասին բազմիցս խոսվում է: Խոսքը սրա մասին է` եթե լուծվում է այն, ինչը հանդիսանում է կոնֆլիկտի պատճառը:

Իսկ կոնֆլիկտի պատճառն այն է, որ ղարաբաղցիները չեն ուզում և չեն ապրելու Ադրբեջանի իշխանության ներքո: Եվ ցանկացած տարբերակ, որով Ղարաբաղը կհայտնվի ինչ-ինչ կարգավիճակում՝ Ադրբեջանի կազմում, դա կդառնա Ղարաբաղի հայության կոտորածի, արտագաղթի պատճառ, 100 տարվա պատմության կրկնություն:

-Ուորլիքը հակամարտության կողմեր է անվանում Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց նաև նշում է, որ Ղարաբաղի ժողովրդի ձայնը ևս պետք է լսելի լինի: Հույս կա՞, որ բանակցությունների սեղանի շուրջ կտեսնենք նաև Արցախին:

-Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների մեջ, որոնց նախաձեռնողը նույն ինքը` Ուորլիքն է, նույն ինքը` ամերիկյան դիվանագիտությունը, ասվում է հետևյալը` խոսքն իրավաբանորեն պարտադիր հանրաքվեի մասին է, որը կանխորոշելու է հենց Արցախի ճակատագիրը: Եվ այդ հանրաքվեի ժամանակ արցախցիները պետք հայտնեն իրենց տեսակետը:

-Ադրբեջանական կողմը կընդունի՞ այդ որոշումը:

-Կոսովոյի անկախությունը մինչև հիմա Սերբիան չի ճանաչում, բայց դա չի խոչընդոտում նրան, որ այնտեղ տիրի խաղաղություն, դա չի խոչընդոտում, որ Կոսովոյի անկախությունը ճանաչեն բազմաթիվ արևմտյան պետություններ:

Ի վերջո, պետք է համակերպվեն, քանի որ հարևաններ են, իսկ հարևանների համակեցության նորմալ ձևը բարիդրացիական հարաբերություններ են և ոչ թե կոնֆլիկտը:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս