ՀԷՑ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԳԵՐՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը հնարավորություն չունենա «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության եկամուտները գնահատելու, որ մարդիկ չտեսնեն այն թալանը, որը իրականացվում է բնակչությանը թանկ սակագնով էլէներգիա վաճառելու հաշվին:

Այսպես՝ պաշտոնապես հրապարակված հաշվետվություններից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով՝ ՀԷՑ-ը սպառողներին է մատակարարել 2 միլիարդ 967,4 մլն կՎտ/ժ էլէներգիա: Տեղեկացնենք, որ Հայաստանի ատոմակայանը, ՋԷԿ-երը եւ ՀԷԿ-երը ՀԷՑ-ին այս տարվա առաջին կիսամյակում մատակարարել են 60 միլիարդ 804 միլիոն 700 հազար դրամի էլէներգիա, սակայն ՀԷՑ-ը փաստացի արտադրողներին վճարել է 75 միլիարդ 793 միլիոն 700 հազար դրամ: ՀԷՑ-ը ՀԱԷԿ-ի եւ «Երեւան ՋԷԿ»-ի հանդեպ նախկինում կուտակած պարտքերը մարել է գերավճարումներով:
Իսկ էլէներգիայի բաշխման համակարգի գործունեության համար անհրաժեշտ ծառայությունների դիմաց ՀԷՑ-ը վճարել է 5 միլիարդ 758 միլիոն դրամ: Ի դեպ, այս դեպքում էլ ՀԷՑ-ը մատուցված ծառայություններից ավել է վճարել: Ընթացիկ տարվա ծառայությունների վճարների արժեքը եղել է 3 միլիարդ 411 միլիոն 100 հազար դրամ, սակայն ՀԷՑ-ը մարել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության հանդեպ նախկինում կուտակած պարտքերը: Այսինքն՝ փաստն այն է, որ ՀԷՑ-ը էներգետիկ բնագավառի բոլոր պետական ձեռնարկությունների հանդեպ պարտքեր է կուտակած եղել, որոնք այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով մարել է:
ՀԷՑ-ի ստացած եկամուտների եւ վաճառված էլէներգիայի տվյալների համեմատությունից ստացվում է, որ 1 կՎտ/ժ-ի իրացման միջին գինը կազմել է 33,5 դրամ: Սա այն դեպքում, երբ այս տարվա առաջին կիսամյակում ՀԷՑ-ը մատակարարված էլէներգիայի 69 տոկոսի դիմաց վճարել է 1 կՎտ/ժ-ը 5-ից 7 դրամ սակագնով, իսկ ընդհանուրի 25,4 տոկոսի սակագինը կազմել է 22-ից 25 դրամ, եւ միայն 4,9 տոկոս էլէներգիան է, որը ՀԷՑ-ը գնել է, այսպես կոչված, բարձր սակագնով՝ 42,9 դրամով: Հայաստանում սպառվող էլէներգիայի արտադրության սակագները առավել պատկերավոր դարձնելու համար ստորեւ բերված աղյուսակում ներկայացրել են արտադրող ընկերությունները, սպառված էլէներգիայի մեջ նրանց մատակարարածի մասնաբաժինը եւ ՀԷՑ-ի կողմից վճարվող մեկ միավորի սակագինը.

էլ.արտադր. ծավ. % գինը դր/կՎտ/ժ

ՀԱԷԿ- 47,4 5,5
Սեւանի կասկդ. 7,1 5
Տաթեի ՀԷԿ 14,4 7,4
Երեւան ՋԷԿ 5,9 22,2
Փոքր ՀԷԿ-եր 19,5 25
Հրազդան ՋԷԿ 4,9 42,9

Նկատենք, որ այսքանով հանդերձ ՀԷՑ-ը գերշահույթ է ունեցել: Էլէներգիայի իրացումից ՀԷՑ-ի մուտքերը կազմել են 115 միլիարդ 145 միլիոն 700 հազար դրամ: Ստացվում է, որ այս տարվա առաջին կիսամյակում ՀԷՑ-ի եկամուտը կազմել է 33 միլիարդ 594 միլիոն դրամ: Ընդունենք, որ ՀԷՑ-ի կես տարվա պահպանման եւ մնացած ծախսերը կազմում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած մեկ տարվա համար անհրաժեշտ գումարի կեսը՝ 18 միլիարդ 496 միլիոն դրամ: Այսպիսով ստացվում է, որ էլէներգիայի բաշխումից ՀԷՑ-ի զուտ շահույթը կազմել է 15 միլիարդ 97 միլիոն դրամ:
Ի դեպ, ՀԷՑ-ի կորուստները այս տարվա երկրորդ եռամսյակում կրկին նվազել եւ կազմել են 10 տոկոս: Ընթացիկ տարվա կորուստների ընդհանուր ցուցանիշը՝ տոկոսային արտահայտությամբ, կազմել է 10,7 տոկոս, իսկ ապրանքային արտահայտությամբ՝ 303 միլիոն 500 հազար կՎտ/ժ: Այսինքն՝ անցած տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ ՀԷՑ-ի կորուստները նվազել են 60 մլն կՎտ/ժ-ով: Եթե կորուստների նվազումը վերածենք գումարի, ապա կստացվի, որ այս տարվա առաջին կեսին, անցած տարվա հետ համեմատած, ՀԷՑ-ի խնայողությունը կազմել է ավելի քան 2 միլիարդ դրամ: Հատկանշական է այն փաստը, որ էլէներգիայի սակագինը հաշվարկելիս ՀԾԿՀ-ն կորուստների չափը հաշվարկել է 11,2 տոկոս: Այսինքն՝ ստացվում է, որ ՀԷՑ-ի կառավարման որոշակի բարելավումից հետո միայն կորուստների նվազեցման հաշվին այդ ընկերությունը վերջին մեկ տարում ավելի քան 5 միլիարդ դրամ է խնայել:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 
ԹՈՂԵՑԻՆ «ԱՆՏԵՐ»
Հոկտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Գառնի գյուղում սպասվող համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել է չորս թեկնածու՝ ՀՅԴ անդամ Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ից Ահարոն Սահակյանը, գործող գյուղապետ, անկուսակցական Աշոտ Վարդանյանը եւ Ազատ գետի պաշտպանության համար պայքարից հայտնի Գառնիի բնակչուհի Արյուսակ Այվազյանը: Ուշագրավն այն է, որ իշխող ՀՀԿ-ն ոչ թե գործող գյուղապետին է առաջադրել, այլ գործարար Ահարոն Սահակյանին: Իսկ Գառնի գործող գյուղապետը ստիպված է եղել ինքնառաջադրվել: Ի դեպ, այս գյուղապետը հանրության շրջանում առավել հայտնի է իր քրեական պատմություններով եւ ունեցվածքով:
«Ժողովուրդ»-ը ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից փորձեց պարզել, թե ինչու իրենց կուսակցությունը չի սատարել Գառնիի գործող գյուղապետին: «Գործող գյուղապետին ինչո՞ւ պետք է առաջադրեինք: Գառնիի գործող գյուղապետը Հանրապետական կուսակցության անդամ չէ»,- պատասխանեց Թադեւոսյանը: Այսպիսով, ՀՀ իշխանությունները Գառնի գործող գյուղապետ Աշոտ Վարդանյանին «անտեր» են թողել:

 

 

ԱՆՊԻՏԱՆ ՁՄԵՐՈՒԿԸ
Այս տարվա օգոստոսի 21-ին անդրադարձել էինք քրեակատարողական հիմնարկների համար անհրաժեշտ կենցաղային եւ սննդի նյութեր գնելու խնդրին: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ «Ֆոտոն» ՍՊԸ-ն մեկ պայմանագրով պարտավորվել էր միանգամից ինն անուն ապրանքներ մատակարարել, որոնց թվում էին՝ կարագ, հունդեղեն, բանջարեղեն եւ անգամ ձմերուկ: Ի դեպ, ձմերուկը պարտավորվել է մատակարարել մեկ կիլոգրամը 94 դրամով: Սակայն, պարզվում է, դատապարտյալները չեն համարձակվում այդ ձմերուկից ուտել՝ վախենալով թունավորումներից: Դատապարտյալների հարազատների խոսքերով՝ ՔԿՀ-ի ձմերուկները այնքան սփրթնած ու վատ վիճակում են, որ իրենց հարազատները հրաժարվում են դրանք ուտել:

 

 

ՌԴ-Ն ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-հուլիսին, անցած տարվա հետ համեմատած, գարեջրի արտադրության ծավալները նվազել են 15.4 տոկոսով: Ի դեպ, անցած տարի եւս գարեջրի արտադրությունը 13 տոկոսով նվազել էր: Ըստ մասնագետների՝ գարեջրի արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է ինչպես ներքին շուկայում սպառման ծավալների անկմամբ, այնպես էլ ռուսական ռուբլու փոխարժեքի վայրիվերումներով պայմանավորված դեպի ՌԴ արտահանումների ծավալների փոքրությամբ: Բանն այն է, որ ՌԴ-ում ապրանքները գնում են միմիայն ռուբլով, ինչի արդյունքում գործարքները շատ ռիսկային են դառնում, եւ հայ արտադրողները չեն համարձակվում մեծ խմբաքանակներով ապրանքներ արտահանել: Փոխարենը ՌԴ-ից դեպի Հայաստան գարեջրի ներմուծումը վերջին ամիսներին զգալիորեն ավելացել է:

 

 
ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
Այսօր Աժ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելիք մի շարք նախագծերի թվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին պատգամավոր Թեւան Պողոսյանի աղմկահարույց նախագիծը: Հիշեցնենք, որ դրանով զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով ամրագրվում է. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում»: Նախագիծը, որը ներկայացվեց ապրիլյան քառօրյայից անմիջապես հետո, հանրային բուռն, հիմնականում բացասական, արձագանքի տեղիք տվեց, եւ կառավարությունն էլ բացասական եզրակացություն ներկայացրեց` պատճառների թվում նշելով մի շարք գործոններ, այդ թվում` էթիկական:

 

 

ԻՐԵՆՑ ԿՎՆԱՍԵՆ
Գյուղատնտեսության նախարարությունը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Լոռու եւ Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերները գների նվազման պատճառով օրերս հայտարարել են կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին, պարզաբանում է տարածել, որում մասնավորապես ասված է.«Գների մակարդակի վրա իր ազդեցությունն է ունեցել շուրջ 10%-ով կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացումը։ Ակնկալվում է, որ ներքին շուկայում գները կկարգավորվեն աշնանը՝ կարտոֆիլի սպառման պահանջարկի ավելացմանը զուգընթաց։ Ինչ վերաբերում է «կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցմանը», ապա հարկ ենք համարում նշել, որ դա հիմնավորված որոշում չէ, քանի որ միեւնույն է՝ շուկայի պահանջարկը կբավարարվի հանրապետության մյուս մարզերի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների արտադրանքի հաշվին, եւ վերը նշված որոշման կիրառումը բացասաբար կանդրադառնա Շիրակի եւ Լոռու մարզերի ֆերմերների վրա:

 

 

ԱՆՏԵՂՅԱԿՆԵՐԸ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչները ՌԴ ԱԳՆ-ում իրենց ռուս գործընկերների հետ քննարկել են քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի նկատմամբ Ռուսաստան մուտք գործելու արգելքի հարցը: «Ներկա պահին ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն չունի արգելքի պատճառների մասին: Ռուսական նախարարությունը հարցում է ուղարկել ՌԴ համապատասխան ծառայություններին եւ պատասխան ստանալուն պես հավելյալ տեղեկություններ կտրամադրի դեսպանատանը»,- Rusarminfo-ին հայտնել են դեսպանատան մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին հոր շիրիմին այցելած քաղաքագետը Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում տեղեկացել է, որ մինչեւ 2030 թվականը զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից:

 

 

ՄԵԿՆԵԼ Է ԱՐՑԱԽ
Սեպտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արցախ, որտեղ կանցկացվի Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը։




Լրահոս