ՋԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունում տեղի ունեցած Հայկական ազգային կինոակադեմիայի հերթական նիստի ժամանակ կինոակադեմիայի անդամների փակ քվեարկության արդյունքում որոշվեց Սարիկ Անդրեասյանի` 1988-ի դեկտեմբերի 7-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմը ներկայացնել «Օսկարի»: Ըստ կինոակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանի` շատ կարեւոր է, որ Հայաստանը ֆիլմ ներկայացնի «Օսկարի» նման հեղինակավոր մրցանակաբաշխությանը: «Մենք երեք ֆիլմի հայտ ենք ստացել: Հայաստանի համար սա աննախադեպ երեւույթ է, քանի որ քիչ կինոնկարներ են նկարահանվում եւ ներկայացվում»,- նշել է նա:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Երկրաշարժ» ֆիլմի դերակատարներից մեկի` Սոս Ջանիբեկյանի հետ: Նրա խոսքով` այն հանգամանքը, որ Հայաստանն «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու կինոնկար» անվանակարգի համար հայտավորել է «Երկրաշարժ»-ը, ողջունելի է, բայց ինքը ֆիլմից ավելի մեծ սպասելիքներ ունի:
«Շնորհավորում եմ ֆիլմի ողջ անձնակազմին, մասնավորապես` Սարիկ Անդրեասյանին, ուրախ եմ, որ իմ դերակատարումն ունեմ «Երկրաշարժ»-ում, բայց ես ակնկալում եմ, որ այն կնոմինացվի «Օսկար»-ի, քանի որ ֆիլմը մասշտաբային է, ունի մեծ բյուջե, դերասանական լուրջ կազմ (գլխավոր դերակատարը Կոնստանտին Լավրոնենկոն է, ով Կաննի կինոփառատոնում արժանացել է մրցանակի` տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում (2007) -հեղ.): Եթե ես լինեի ուսանող, եւ այս ֆիլմն էլ նկարահանված լիներ ուսանողների կողմից, «Երկրաշարժ»-ի հայտավորվելու փաստը շատ ուրախալի կլիներ, բայց քանի որ հայկական կինոինդուստրիայի նկատմամբ իմ պահանջներն աստիճանաբար մեծանում են, այդ փաստը հաճելի է, բայց ուրախալի չէ»,-մեկնաբանեց Սոսը:
Վերջինս «Երկրաշարժ»-ում կերտել է բացասական կերպար` մեկը այն խարդախներից, որոնք աղետից տուժածներից ոսկեղեն եւ թանկարժեք իրեր էին գողանում: Ի դեպ, Սոսը հանդես է եկել նաեւ Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմում, որը «Օսկար»-ի հավակնորդ երեք ֆիլմերից էր` Հայաստանից (Վերոնշյալ նիստի ընթացքում քվեարկության երկրորդ փուլում 24 կինոակադեմիկոսներից 6-ը քվեարկել էր «Վերջին բնակիչը» կինոնկարի օգտին-հեղ.): «Այս ֆիլմից եւս մեծ սպասելիքներ ունեմ: Նման մեծամասշտաբ նախագծերում հանդես գալն ինձ համար պատախանատու քայլ է եւ կարեւոր իրադարձություն»,-նշեց դերասանը:
Նա նկատեց, որ եթե կարողանանք ստեղծել կինեմատոգրաֆիական այնպիսի արժեք, որը կնոմինացվի «Օսկար»-ի, կներկայացվի Կաննում եւ ստվերում մնացած այլ փառատոների շրջանակներում, որոնք իր համար ավելի արժեքավոր են, եթե կարողանանք արտադրել այնպիսի ֆիլմ, որի միջոցով ամբողջ աշխարհը կճանաչի մեր կինոլեզուն, մեր դերասաններին եւ որը կկառուցի կամուրջ մեր եւ համաշխարհային կինոաշխարհի միջեւ, այդ փաստն իր համար կլինի իսկապես ուրախալի:
«Նայում եմ մեր հարեւան ադրբեջանցիների, պարսիկների նկարահանած ֆիլմերը, որոնք «պարկերով» ներկայացվում են փառատոների, եւ հասկանում, որ դրանք, իսկապես, արժեք ներկայացնող արվեստի գործեր են: Վշտանում եմ, որ մենք չունենք այդպիսի կինոարտադրություն, քանի որ չունենք ֆինանսներ եւ դիսցիպլինա նկարահանման տաղավարում: Մեր գրիչն ու գումարը իրար հետ ընկերություն չեն անում: Ամենուր կոմերցիոն նախագծեր են, որոնց սիրով մասնակցում եմ նաեւ ես, բայց, ցավոք, դրանք են այսօր գերակշռողը: Կցանկանայի, որ այդ նախագծերին զուգահեռ ստեղծվեին նաեւ գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող գործեր, որոնք կհամապատասխանեին համաշխարհային կինոյի պահանջներին»,-շեշտեց դերասանը:
Մենք հարցրինք` գուցե արվեստի լեզվով հնարավոր լինի լուծել նաեւ սոցիալական խնդիր` դրան հաղորդելով համաշխարհային հնչեղություն. Սպիտակի երկրաշարժից անցել է 28 տարի, սակայն աղետից տուժածների զգալի մի հատված դեռ ապրում է տնակներում. «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել, եթե դա հնարավոր լինի, ես ուրախ կլինեմ, ամեն դեպքում, կարծում եմ, որ «Երկրաշարժ» ֆիլմը արժեքավոր է իր գեղարվեստով»,-եզրափակեց Սոսը:

 

 

 
ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ` ՌՈՒՍ ԳՅՈՒՂԱՑԻ

Դերասան Յուրի Իգիթխանյանը, ով այժմ նկարահանվում է «Աբելի քույրը» հեռուստասերիալում, որպես պրոդյուսեր-համակարգող` չի կարողանում իրականացնել, իր խոսքով, հայկական շուկայի համար աննախադեպ մի ծրագիր հովանավոր չունենալու պատճառով: Հեռուստածրագիրը մշակման փուլից առաջ չի անցնում. «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը իր ազդեցությունն ունի նաեւ մեր ոլորտի վրա, ամեն դեպքում, հովանավոր գտնելու հարցում փորձում եմ գործի դնել անձնական կապերս»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց նա:

Երեւանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի նախկին դերասանին հարցրինք` արդյոք ունի թատրոնից հրավերներ կամ այնտեղ վերադառնալու ցանկություն. «Խաղացանկային թատրոնում հանդես գալն ինձ համար շատ բարդ է, ես ազատ ռեժիմով աշխատելու կողմնակից եմ. այսինքն` խաղացանկը պետք է հարմարեցնեմ ինձ, ոչ թե հակառակը: Իսկ այդպես չի ստացվում»,-պատասխանեց նա:
Յուրին, սակայն, նշեց, որ որպես պրոդյուսեր՝ թատերական հետաքրքիր նախագիծ իրականացնելու ցանկություն ունի. «Դա կանեմ այն ժամանակ, երբ գտնեմ երիտասարդ, կրեատիվ մտածողությամբ ռեժիսոր, համապատասխան պիես, եւ երբ հնարավոր կլինի նյութը մատուցել 21-րդ դարի շնչով»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գեղարվեստական ֆիլմերին, ապա Յուրին ուրախությամբ հայտնեց, որ առիթ է ունեցել դերասան Հայկ Մարությանի թիմի հետ հետաքրքիր ու հաճելի համագործակցություն ունենալ նոր կինոկատակերգության շրջանակում: Դերասանի խոսքով` ինքը մարմնավորելու է գյուղի ռուս տղամարդու կերպար:
Մեր այն դիտարկմանը, որ Յուրիին բավական հաճախ են բաժին ընկնում ռուս տղամարդկանց դերեր, վերջինս պատասխանեց. «Այո՛, ճիշտն ասած, նույնիսկ հոգնել էի ռուսի դերից, կար մի ընթացք, որ հրաժարվում էի հրավերներից, այդ թվում` իրավաբանների, բժիշկների ու Մոսկվայից եկած գանգստերների կերպարներից. անընդհատ նույն բանը խաղալը հետաքրքիր չէ, սցենարիստներն էլ ջանք չեն գործադրում, որպեսզի մի փոքր այլ կերպ ներկայացնեն այդ կերպարներին, բայց սա ուրիշ ռուս է (ծիծաղում է): Այս ֆիլմում խաղացածս կերպարի տեսակը բավական ինքնատիպ է»,- եզրափակեց նա` խոստանալով, որ առաջիկայում հանդիսատեսը հնարավորություն կունենա մեծ էկրանին յուրահատուկ լուծումներով ֆիլմ դիտել:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՅՐԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ
Երեւանի Արաբկիր 43-րդ փողոցն այսուհետ արդեն պաշտոնապես կկրի հայ երգի երախտավոր Հայրիկ Մուրադյանի անունը։ Այս մասին կհուշեն տեղադրված վահանակները: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ փողոցի անվանակոչության հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լեւոն Մուրադյանը` ընտանիքի անդամների հետ:
Նշենք, որ փողոցն անվանակոչվել էր Երեւան քաղաքի ավագանու՝ 2015թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ:
Միջոցառումն ուղեկցվել է մուրադյանական կատարումներով, նրա հիմնադրած «Ակունք» ազգագրական համույթի, ինչպես նաեւ ժողովրդական երգի-պարի այլ համույթների մասնակցությամբ:

 

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի մահվանից հետո պաշտոնակատար է նշանակվել գիտնական քարտուղար, պատմաբան Վահան Տեր-Ղեւոնդյանը: Hraparak.am-ի փոխանցմամբ` նա կպաշտոնավարի այնքան ժամանակ, մինչեւ Մատենադարանի կառավարման խորհուրդը կընտրի նոր տնօրեն:
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի՝ արդեն նախկին տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, անվանի գիտնական, բանաստեղծ, թարգամանիչ, Հրաչյա Թամրազյանը մահացել է սեպտեմբերի 3-ին, 63 տարեկանում:

 

 

ՄԵՐԿՈՒՐԻԻ ՊԱՏՎԻՆ
20-րդ դարի լավագույն ռոք երաժիշտներից մեկի՝ Queen խմբի մեներգիչ Ֆրեդի Մերկուրիի պատվին երկնաքար է անվանակոչվել:
The Telegraph-ի փոխանցմամբ` անվանակոչումը տեղի է ունեցել հանգուցյալ ռոք աստղի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ: «Ուրախ եմ հայտարարել, որ Միջազգային աստղագիտական միության փոքր մոլորակների կենտրոնը 17473 երկնաքարն անվանակոչել է Ֆրեդի Մերկուրիի պատվին»,-ասել է Queen-ի նախկին անդամ Բրայան Մեյը:
Հավելենք, որ Freddiemercury երկնային մարմինը հայտնաբերվել է 1991-ին: Այն գտնվում է Մարսի եւ Յուպիտերի միջեւ ընկած երկնաքարերի գոտում եւ ունի մոտ 3.5 կմ տրամագիծ:




Լրահոս