ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ասում է, որ 2011 թվականի բյուջեով
հայագիտությանը հատկացվել են չնչին միջոցներ, որոնք հազիվ կբավականացնեն մի
քանի ակադեմիական ինստիտուտների պահպանման ծախսերին:
ԳԱԱ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը
հաստատեց այս, իր մտահոգությունը հայտնելով հայագիտության նկատմամբ
դրսեւորվող նման վերաբերմունքի առթիվ, բայց նաեւ տնօրենը լավատես էր, որ
կգտնվեն այլ աղբյուրներ, դրամաշնորհներ, որոնք էլ հնարավորություն կտան
կյանքի կոչելու մի շարք ծրագրեր: Նույն մտահոգությամբ են ապրում նաեւ
Արվեստի, պատմության, հնագիտության եւ ազգագրության, Լեզվի ինստիտուտները:
Ակադեմիայի նախագահն, իհարկե, հայագիտության հանդեպ նման վերաբերմունքի մեջ
չի տեսնում կանխակալություն, այլ ամեն ինչ բացատրում է բյուջետային
միջոցների սղությամբ, մինչդեռ նրա բացատրությունը հազիվ թե հիմնավոր լինի,
որովհետեւ Գիտությունների ակադեմիան գործում է ՊՈԱԿ-ի կարգավիճակով,
հետեւաբար ինքն է ի զորու եւ պարտավոր պետական բյուջեի միջոցները բաշխել
ըստ ոլորտների եւ առաջնությունների: Հայագիտության հանդեպ այս
վերաբերմունքը մեկ անգամ եւս հաստատում է այն միտքը, որ ակադեմիական
ծերակույտը բնավ էլ մտադրված չէ տեր կանգնել հայագիտությամբ զբաղվող
ինստիտուտներին եւ այն թեմաներին, որոնք այստեղ համարվում են գերակա:
ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար
Վլադիմիր Բարխուդարյանը եւս մտահոգվելով նշված հարցով, վիճակը ողբերգական
չի համարում: Ակադեմիկոս-քարտուղարն այդպես էլ չկարողացավ հիշել, թե
թղթակից-անդամներից ո՞ւմ հետազոտություններն են ֆինանսավորվել ակադեմիական
բյուջեից: Թվարկված շատ քիչ աշխատությունների մեջ է նաեւ թղթակից-անդամ
Հենրիկ Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն. XIX դար» աշխատությունը,
որի առաջաբանում, հեռանալով տարրական գիտականությունից, հեղինակ-գիտնականը
Արվեստի ինստիտուտի հիմնադիր` ակադեմիկոս Ռուբեն Զարյանին հռչակել է…
գրագող… Տպագրելով այս գիրքը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի
որոշմամբ, պարզվում է` գիտական խորհուրդը տեղյակ էլ չի եղել, թե ինչ է
երաշխավորում տպագրության:
ՆԱՐԵԿ  ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս