ԱԺ կանոնակարգում ինչ փոփոխություն էր առաջարկում Նաիրա Զոհրաբյանը, և ում վրա այն կտարածվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

– Տիկին Զոհրաբյան, այսօր գլխավոր դատախազի ընտրության քննարկման ժամանակ, դուք վերջում հայտարարեցիք, որ ԱԺ-ում շրջանառության  մեջ դրված ԱԺ կանոնակարգ օրենքում դուք առաջարկել եք փոփոխություն, որ, եթե որևէ պատգամավորի համար խմբակցության որոշումները ընդունելի չեն, ապա նշյալ պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ դուք նկատի ունեք ԲՀԿ այն պատգամավորներին, ովքեր շատ դեպքերում քվեարկում են ինչպես ՀՀԿ-ականները: Այդպե՞ս է, թե՞ ոչ:

– Գիտեք, ինձ զարմացնում է հարցի նման պարզունակ մոտեցումը, որ ես հանդիպեցի հայտարարությունից հետո մամուլի մի քանի միջոցներով: Դուք շատ լավ գիտեք, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը դրվել է շրջանառության մեջ, լավագույն դեպքում խորհրդարանում քննարկվելու է դեկտեմբեր ամսին և լավագույն դեպքում այն ընդունվելու է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ: Ովքեր կարդացել են նոր Սահմանադրությունը, հրաշալի հասկանում են, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը սահմանում է մի քանի փոփոխություններ, որոնք պարտադիր ուժի մեջ պետք է մտնեն միայն հաջորդ խորհրդարանում: Բնականաբար, այդ ամենը չի կարող հիմա մտնել ուժի մեջ, բոլոր այդ դրույթներն ուժի մեջ կմտնեն 2017 թվականի խորհրդարանում:

– Բայց նման փոփոխություն պատրատսվո՞ւմ եք առաջարկել:

Քննարկումների ժամանակ, այո ԲՀԿ-ն նախատեսում է առաջարկել դրույթ, որ հաջորդ խորհրդարանում այն գործի և պատգամավորները, ովքեր հանդես են գալիս խմբակցության որոշումների դեմ, որի միջոցով դարձել են պատգամավոր, վայր դնեն պատգամավորական մանդատները: Բնականաբար, իմ խոսքը չէր վերաբերում այս խորհրդարանին և ԲՀԿ այն պատգամավորներին, ովքեր դուք գիտեք, հայտնի իրադարձություններից հետո խմբակցության հետ իրենց կապերը խզել են: Ես ավելի գլոբալ խնդրի մասին եմ խոսել, որ ճիշտ կլինի նման դրույթ սահմանել: Մենք քննարկում ենք նման առաջարկով հանդես գալու տարբերակը: Իհարկե, ես քիչ հավանական եմ համարում, որ մեր առաջարկն ընդունվի, բայց դա առաջարկ է, որն արժի քննարկվել , բայց դրույթ է, որը պետք է գործի հաջորդ խորհրդարանում:

զրուցեց Սյունէ Համբարձումյանը




Լրահոս