Վրաստանի հետ կմշակվեն կրթական համատեղ ծրագրեր. ԿԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի կրթության և գիտության նախարար Ալեքսանդր Ջեջելավայի հետ: Վրաստանի կրթության նախարար Ջեջելավան, ջերմորեն ողջունելով պատվիրակության անդամներին, հույս է հայտնել, որ այցը գործնականորեն կնպաստի երկու հարևան երկրների կրթական համակարգերի սերտ համագործակցությանը:

Նա ներկայացրել է Վրաստանի կրթության ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումները և ծրագրերը, ինչպես նաև համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները:

Իր հերթին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ հարաբերություններն առաջիկայում զարգացման նոր մակարդակ կարձանագրեն: Անդրադառնալով Հայաստանի կրթության համակարգի մարտահրավերներին` Լևոն Մկրտչյանը նկատել է, որ դրանցից շատերը բնորոշ են նաև Վրաստանի կրթական համակարգին: Այդ համատեքստում ՀՀ կրթության և գիտության նախարարն իր վրաց գործընկերոջն առաջարկել է երկու երկրների հարաբերություններում ակտիվացնել ընդհանուր կրթական տարածքի գործունեությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների, կրթական քաղաքականության, կրթության որակի ապահովման և օրենսդրական դաշտի կատարելագործման, ինչպես նաև բարձրագույն կրթության ոլորտում հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:

Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել գործնական պայմանավորվածություններ երեք հիմնական ուղղություններով՝ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում համատեղ գիտակրթական նախագծերի իրականացում, հանրակրթական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում սերտ համագործակցության կոնկրետ ծրագրերի իրագործում:

Մասնավորապես, նախարարներ Մկրտչյանն ու Ջեջելավան համաձայնություն են ձեռք բերել նաև, որ Վրաստանում գործող հայկական դպրոցների համար դասագրքերի հայերեն թարգմանությունը, մեթոդական աշխատանքները և վերապատրաստման հետ առնչվող գործընթացները կիրականացվեն Հայաստանի մասնագետների գործուն մասնակցությամբ:

Այցի ընթացքում, ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի կրթության որակի ազգային կենտրոն: Պատվավոր հյուրերին ողջունել է կենտրոնի ղեկավար Թամար Սանիկիձեն և հանդես եկել կենտրոնի հիմնական գործունեության և կրթության որակի ապահովման մեխանիզմների վերաբերյալ շնորհանդեսով: Վրացական կողմը նշել է, կրթության որակի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի և մեխանիզմների շնորհիվ կոնկրետ արդյունքներ են արձանագրել:

Հայկական պատվիրակությունը հատկապես հետաքրքրված է եղել կենտրոնի անկախության աստիճանով և առաջարկել մշակել համատեղ կրթական ծրագրեր, ինչպես նաև հավատարմագրման համակարգ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել իրենց ակտիվ համագործակցությունը:

Նախարարի գլխավորած պատվիրակություննն այցելել է նաև Վրաստանի տեխնիկական համալսարան և հանդիպում ունեցել ռեկտոր Արչիլ Պռանգիշվիլու և բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Քննարկվել են Հայաստանի տեխնիկական և ինժենարական բուհերի հետ համագործակցության հնարավորությունները՝ շեշտելով տարածաշրջանում տեխնիկական կրթությունն ամուր հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:




Լրահոս