Տների գրավադրումը վերջին տարիներին ավելացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տարվա հուլիսին Հայաստանում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 14 հազար 32 գործարք: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ դրանց հիմնական մասը իրականացվել է մայրաքաղաք Երեւանում եւ կազմել 40.8 տոկոս:
ՀՀ Կոտայքի մարզում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 11.1 տոկոս, Արմավիրում եւ Լոռիում կազմել է 7 տոկոս, Վայոց ձորի մարզում՝ 2.3 տոկոս: Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Երեւանում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները կազմել են 36.3 տոկոս: Այսինքն՝ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երեւանում անշարժ գույքի նկատմամբ իրականցված գործարքները 4.5 տոկոսով ավելացել են:
«Ժողովուրդ»-ին պաշտոնական վիճակագրությունից հայտնի դարձավ նաեւ, որ այս տարվա հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից 28.5 տոկոսը վերաբերել է օտարելուն, վաճառքին:

Այս տարվա հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է նաեւ անշարժ գույքի գրավադրումը՝ 1.8 տոկոսով: Այս տարվա հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից գրավադրումը կազմել է 12.7 տոկոս: Հայտնի է, որ մարդիկ սոցիալապես ծանր պայմանների պատճառով են միայն իրենց բնակարանները գրավադրում: Եւ նրանցից շատերը ուղղակի չեն կարողանում գրավադրած տան, բնակարանի վարկային պարտավորությունները կատարել եւ հայտնվում են փողոցում՝ անտուն կարգավիճակով:
Հավելենք նաեւ, որ այս տարվա հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, Երեւանի բոլոր վարչական շրջաններում բնակարանի 1 քմ-ի գինը 250-1000 դրամով բարձրացել է: Նույն իրավիճակն է նաեւ ՀՀ գրեթե բոլոր մարզերում: Սակայն այստեղ բնակարանի 1 քմ-ի թանկացումը սկսում է 50 դրամից եւ տատանվում 1000 դրամի սահմաններում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս