Սևանի հանրապետականները վերջապես կողմնորոշվեցին. առավելությունը՝ երիտասարդներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին կայանալիք Սեւանի ընտրությունները քաղաքի ՀՀԿ կառույցի համար դարձել էին իսկական գլխացավանք: Այստեղ առաջադրվել են 3 ՀՀԿ-ականներ՝ գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ հայտնի Ուդոն, նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանը, Սեւանի մեկ այլ նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանը:

Սեւանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաեւ «ՌԱՖ ԵՎ ԷԼ» ՍՊԸ տնօրեն Արա Սմբատյանը, որը վայելում է տեղի երկրապահների աջակցությունը: Ու դեռ ընտրապայքարը չսկսված՝ Սեւանում «խաղից դուրս եկավ» ՀՀԿ Սեւանի շրջանային կառույցի ղեկավար Ալիկ Պետրոսյանի՝ Լոբի Ալիկի որդին՝ անկուսակցական Մհեր Պողոսյանը: Նա «Գազպրոմ Արմենիա»-ում ավագ մասնագետ է, եւ հայրը հորդորել է չխառնվել ներկուսակցական գզվռտոցի վերածված Սեւանի ընտրապայքարին:

Ի թիվս թվարկվածների՝ Սեւանում ընտրապայքարի մեջ է մտել նաեւ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանը: Այս երիտասարդին սատարում է Սերժ Սարգսյանի հետ քավորսանիկական հարաբերությունների մեջ գտնվող Բարսեղ Բեգլարյանը, որին այս առնչությամբ խնդրել է նրա համակուրսեցին՝ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աշոտ Գնդոյանը:

Նկատենք, որ այս թեկնածուի վրա է կանգ առել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ընտրությունը: Ու այս պայմաններում ՀՀԿ տեղական կառույցին այլ բան չէր մնում, քան վավերացնել «մեծերի» կայացրած որոշումը:

Ինչեւէ, այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀԿ Սեւանի կառույցի ղեկավար Ալիկ Պողոսյանի հետ:

-Պարո՛ն Պողոսյան, Սեւանի ՀՀԿ-ն երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, թե ում է սատարելու հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում: Ինչո՞ւ է այսքան ձգձգվում այդ որոշումը:

-Ասեմ, որ մենք առաջադրելու ենք Սարգիս Մուրադյանի թեկնածությունը:

-Այդքան թեկնածուների միջից ինչո՞ւ հենց նրան, որը անկուսակցական է:

-Կուսակցության խորհուրդը հավանությունը նրան տվեց:

-Իսկ ինչո՞ւ կրկին գործող քաղաքապետին չառաջադրեցիք, նա ՀՀԿ-ական էր:

– Ձգձգվում էր, որովհետեւ ուսումնասիրում էինք բնակիչների կարծիքը: Երբ պատկերն ընդհանուր եղավ, որոշումն էլ կայացվեց: Դա միանձնյա որոշվող հարց չէ, քննարկվեց, եւ դրա արդյունքում հավանությունը տրվեց Մուրադյան Սարգիսին:

-Իսկ ի՞նչ եք կարծում՝ այդ երիտասարդը կկարողա արդյունավետ գործել Սեւանում:

-Եթե այդքան մարդ նրա համար ձեռք բարձրացրեց-քվեարկեց, ուրեմն, ինձ թվում է, կկարողանա:

Հ. Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Սեւանում առաջադրված քաղաքապետի թեկնածուներից Աշոտ Ալեքսանյանը (Մողես), դիմում է ներկայացրել` իր թեկնածությունը հանելու վերաբերյալ: Նա արարքը հիմնավորել է այսպես. Ես առաջադրվել էի, որովհետեւ մի քանի ՀՀԿ-ականներ էին առաջադրվել, բայց քանի որ ՀՀԿ շրջանային կառույցը որոշում կայացրեց սատարել Սարգիս Մուրադյանին, լինելով ՀՀԿ Սեւանի հիմնադիրներից մեկը, որոշեցի հանել իմ թեկնածությունը: Ես կսատարեմ ՀՀԿ կողմից պաշտպանվող Սարգիս Մուրադյանի թեկնածությունը:

Զրուցեց Լիլիթ Շաբոյանը




Լրահոս