Սերժ Սարգսյանն իր առջև նպատակ է դրել վարչապետափոխություններով հասնել մինչև 2018թ. ապրիլը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում օրերի ընթացքում տեղի ունեցավ վարչապետի փոփոխություն եւ նոր վարչապետի նշանակում: Այդպես էլ, սակայն, չպարզվեց, թե կոնկրետ ինչու է փոխվում վարչապետը: Ամբողջ դաշտը լցված է ամպագոռգոռ հայտարարություններով նոր փոփոխությունների անհրաժեշտության ու հրատապության մասին, մինչդեռ բաց է մնում մի կարեւորագույն հարցի պատասխան` արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը տապալվել է իր ձեռնարկումներում, եւ ժամանակին նրան նշանակողն ու թիկունք կանգնած կուսակցությունը լուրջ բացթողո՞ւմ են ունեցել: Մինչդեռ աշխարհում վարչապետի կամ բարձր պաշտոնյայի հրաժարականը հիմնականում լինում է հիմնավոր` հասարակությունից ոչինչ չթաքցնելու ճանապարհով:

Ըստ էության, դատելով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի տեքստից` կարող ենք ենթադրել, որ նախկին վարչապետը բավականին գոհ է եղել իր գործունեությունից: Ձեռքբերումների մասին նրա շարունակական թվարկումները եւ դրան զուգահեռ բացթողումների մասին որեւէ կոնկրետության բացակայությունը հուշում են, որ Աբրահամյանի հրաժարականը այնքան էլ կամովին չէր: Ի վերջո, դեռ նախորդ տարի էր Հովիկ Աբրահամյանը խոսում սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետի պաշտոնը պահպանելու մասին: Ավելին` Սերժ Սարգսյանը ուղղակիորեն հասկացրեց, որ Հովիկ Աբրահամայանն այդ պաշտոնում առավելագույնն է արել: Եթե տնտեսության նման անմխիթար իրավիճակը Աբրահամյանի առավելագույնն էր, ապա Սերժ Սարգսյանն ու նրա կուսակցությունը գոնե պետք է հրապարակավ ընդունեին, որ սխալվել են վարչապետի հարցում: Սակայն Սարգսյանը շնորհակալությունների տարափի տակ չի պատասխանում այն գերագույն հարցին, թե ինչո՞ւմ է ձախողվել Աբրահամյանի կառավարությունը: Նոր փոփոխությունների խոստում տալով եւ միաժամանակ որեւէ սխալից չխոսելով` Սերժ Սարգսյանն ամենեւին էլ համոզիչ չէ:

Այս առումով լիովին խամրում է նոր վարչապետի նշանակումը` ցանկացած առումով թերհավատության պաշարը չնվազեցնելով: Նախ` Կարեն Կարապետյանը արդեն իսկ հասցրել է «Հայռուսգազարդի» ղեկավարի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոններում դրսեւորվել Հայաստանի պետականության հանդեպ իր անտարբերությամբ: Այս առումով խիստ խոսուն է «Գազպրոմում» բարձր աշխատավարձը (կամ թե նույնն է` ֆինանսական ավելի լայն օգուտի ակնկալիքով) Երեւանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնից նախընտրելու նրա քայլը: Ավելին` Կարապետյանը «Գազպրոմի» պես հիմնարկում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը պետական շահերի բախման կիզակետում է գտնվում, եղել է տնօրենի տեղակալ: Սա հոգեբանական բավականին լուրջ ազդեցություն կարող է ունենալ ՀՀ կառավարության ու «Գազպրոմի» միջեւ գործակցության վրա: Բնական է, որ Կարապետյանը Միլլերի ու նրա շրջապատի համար միշտ էլ ընկալվելու է որպես ենթակա կատարող անձ: Այդ հանգամանքը հաշվի առնելով` զգալիորեն նվազում է Կարապետյանի վարչապետական գործունեության օգտակար գործողության գործակիցը: Եթե դրան հավելում ենք նաեւ սահմանադրական դրույթները վարչապետի նշանակման հարցում, որոնցով Կարապետյանը դեռ չնշանակված արդեն իսկ գնացող վարչապետ է, պատկերն ավելի տխուր է թվում: Եվ, վերջապես, այստեղ էլ «մեծ խելք պետք չէ»՝ հասկանալու համար, որ ինչպիսի բնավորության, ազգության կամ նույնիսկ ռասսայի ներկայացուցիչ էլ վարչապետ նշանակվի Հայաստանում, անկարող է լինելու տնտեսական լուրջ փոփոխություններ անել, քանի դեռ երկիրը կքած է մենաշնորհների տակ: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում փորձում են մի նոր տնտեսական համակարգ հորինել, երբ երկիրը խեղդող մենաշնորհների պահպանմամբ տնտեսությունը իբր պիտի զարգանա: Այս բանաձեւը պարզապես անհեթեթություն է, ինչը հաստատապես գիտակցում է նաեւ Սերժ Սարգսյանը:

Վարչապետափոխության միջազգային լավագույն օրինակը վերջերս տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում: Թեեւ ի տարբերություն Հայաստանի` այստեղ վարչապետը պետության առաջին դեմքն էր, սակայն գործընթացի տրամաբանությունը նույնն է: Դեյվիդ Քեմերոնը հրաժարական տվեց Բրեքզիթից հետո, երբ բրիտանացիների մեծամասնությունը որոշեց քվեարկել ԵՄ-ից դուրս գալու օգտին: Նման իրավիճակում վարչապետը այդ քայլն ընկալեց իբրեւ իր հանդեպ հասարակության մեծամասնության անվստահության քվե եւ առանց ծամծմելու, ժամանակ ձգձգելու հայտարարեց իր հրաժարականը: Հարկ է հավելել, որ Քեմերոնը ցանկության պարագայում կարող էր եւ հրաժարական չտալ: Այդ հանրաքվեն իրավաբանական ուժ չուներ, իսկ Քեմերոնն էլ կարող էր արդյունքները պարզապես ի գիտություն ընդունել եւ վերջ: Նա նույնիսկ կարող էր անձամբ ղեկավարել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը, սակայն գաղափարական անհամաձայնությունը կատարեց իր վճռորոշ դերը: Այստեղ բավականին հետաքրքիր հակադրություն է առաջանում Հայաստանի իշխանությունների հետ, որոնք 4 տարի բանակցում էին ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կնքելու ուղղությամբ, սակայն մի գիշերվա ընթացքում քաղաքական կողմնորոշումը փոխեցին դեպի ԵԱՏՄ: Համաշխարհային օրինաչափություններով առաջնորդվելիս Սերժ Սարգսյանը դեռ 2013թ. սեպտեմբերի 2-ին պիտի իր ամբողջ իշխանությամբ հրաժարական տար:

Ի դեպ, հայացք ձգելով Հայաստանի պատմությանը` տեսնում ենք, որ նախորդ 12 վարչապետափոխություններն էլ եղել են հստակորեն սահմանված, երբ առնվազն պատասխան է տրվել, թե ինչու է հեռանում վարչապետը: Այս օրինաչափությունը գործել է թե՛ Տեր-Պետրոսյանի, թե՛ Քոչարյանի նախագահության շրջանում: Սերժ Սարգսյանը այս հարցում էլ շարունակեց իր նախագահությանը բնորոշ երեւույթների լղոզման ավանդույթը, երբ Տիգրան Սարգսյանին հեռացնելիս չխոսեց պատճառների մասին:

Իսկ պատճառը ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ, չափազանց ակնհայտ է. Սերժ Սարգսյանը իր առջեւ նպատակ է դրել վարչապետափոխություններով հասնել մինչեւ 2018թ. ապրիլը եւ ապահովել իր հետնախագահական կառավարումը, իսկ մնացածը զուտ տեխնիկայի խնդիր է:

Ն. Հովսեփյան




Լրահոս