«Ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Նպատակը վերջիններիս բոլորովին նոր դիտանկյունից բացահայտելն է, անկեղծ խոստովանություններ «կորզելն» ու նրանց կյանքից` քչերին հայտնի դրվագներին ծանոթացնելը: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է:
-Ելենա՛, ի՞նչը կարող է կտրուկ կերպով բարձրացնել Ձեր տրամադրությունը:
-Նկարահանման հրապարակում, օրինակ, գործընկերներս ասում են, որ ես հատուկ կոճակ ունեմ, սեղմում են, մեկ լալիս եմ, մեկ ծիծաղում: Այդ կոճակից, էկրանից դուրս, կյանքում էլ ունեմ: Անհեթեթ մի բան կարող է ինձ պայծառացնել: Վերջերս, օրինակ, իմ ուրախությունն էր հարուցել բադիկը` իր ճուտիկներով, որն իմ շրջակայքում հայտնվեց շատ պատահական ու հանկարծակի:
-Հավաքածուներ ունե՞ք:
-80-ականներին, օրինակ, մոդայիկ էր նամականիշների հավաքածու ունենալը: Իմ վերջին հավաքածուն ունեցել եմ 90-ականներին, այն բաղկացած էր Kinder-ի խաղալիքներից (ծիծաղում է):
-Ձեր մասին լսած ամենազվարճալի ասեկոսեն:
-Շատ կան: Օրինակ` այն, թե իբր ես «Վերվարածներում» Կնյազի դերակատար Արտյոմ Կարապետյանից երեխա ունեմ:
-Շարժվում եք հոսանքի ուղղությամբ, թե՞ դրան հակառակ:
-Հակառակ. ես այն «ձկներից» չեմ, որոնք հոսանքի ուղղությամբ են լողում:
-Գրող, որի ազդեցությունը Ձեր կյանքում մեծ է եղել:
-Իմ բախտը բերել է այնքանով, որ ծնողներս, ընկերներս, կամ, օրինակ` բեմադրիչ, դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը ստեղծել են իրավիճակներ, որոնց պայմաններում ես ծանոթացել եմ հրաշալի գրողների հետ: Ինձ ցնցել է Սերգեյ Դովլաթովը, մի քանի օրում կարդացել եմ նրա մի շարք գործեր, տպավորվել եմ Ռիչարդ Բախի, Միլան Կունդերայի ստեղծագործություններով:
–Եթե որեւէ մեկին պարգեւատրելու հնարավորություն ունենայիք, ո՞վ կլիներ նա:
-Արժանի հայ գիտնական: Ցավոք, գիտության ոլորտը դեռեւս 1990-ականներից մեզ մոտ անտեսվում է. այն չի գնահատվում, քանի որ չի հարստացնում ոմանց…
–Հաջողության հասնելու գրավականը:
-Ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելը: Միայն այդ կերպ է մարդու տաղանդը երեւում: Ես դեռ սպասում եմ այն «քամուն», որն ինձ ճիշտ պահին կտանի ճիշտ վայր: Հուսանք, որ ամեն բան դեռ առջեւում է:
-Համառ, իրատես, թե՞ հաշվենկատ. այս երեք հատկանիշներից ո՞րն է Ձեր էությանը ավելի մոտ:
-Հաշվենկատ չեմ, ոչ էլ իրատես: Թվարկվածներից երեւի թե կընտրեմ համառը, այն մոտ է ինձ այն առումով միայն, որ ինչ որոշում եմ անել, անպայման իրականացնում եմ:
-Մի բան, որ սերը չի հանդուրժում:
-Դիմացինին փոխելը: Դրանից սերը փշրվում է: Օրինակ` լինում է այնպես, որ տղամարդը սիրահարվում է կնոջը, ապա փորձում է փոխել նրան: Բայց տարիներ անց նա սկսում է «խեղդվել», քանի որ նորից փնտրում է այն կնոջը, որին ինքը ժամանակին սիրահարվել էր: Ի վերջո, հարկավոր է չմոռանալ, որ մարդուն սիրում են ոչ թե հանուն արժանիքների, այլ չնայած նրա թերություններին:
-Անգամ ամենածանր պահերին հիշում եք, որ…
-Որ ես երջանիկ մարդ եմ, պարտավոր եմ այդպիսին լինել, դրա համար եմ լույս աշխարհ եկել: Անգամ ամենածանր պահերին պետք է շնորհակալությամբ ընդունել փորձությունները:
-Շնորհք, որն ունեք, բայց քչերը գիտեն այդ մասին:
-Նկարում եմ, սիրում եմ գործել հելյունով, ինչ-որ բաներ սարքել: Օրինակ` տարիներ առաջ Բջնիի մեր ամառանոցում ես ցանկապատ էի սարքել` բալենու նուրբ ճյուղերը հյուսելով: Արդյունքը հպարտանալու տեղիք տվեց անգամ իմ բծախնդիր տատիկին:
-Կնոջ ամենամեծ թուլությունը:
-Էմոցիաներին տրվելը:
-Ձեր արտաքինի ամենատպավորիչ մասը:
-Կոկո Շանելն ասում էր, որ ծնկները հարկավոր է փակել, քանի որ այն կնոջ մարմնի ամենատգեղ հատվածն է, բայց իմ պարագայում այդպես չէ. ծնկներս գեղեցիկ են, կարծում եմ` գեղեցիկ ոտքեր ունեմ: Երբեմն ինձ ասում են, թե սիրուն աչքեր ունեմ, բայց ես այդ կարծիքին չեմ, թեեւ սիրում եմ իմ աչքերը: Ընդհանրապես, գիտեմ, որ ոչ ստանդարտ արտաքին ունեմ:
-Տղամարդը ուժեղ է, երբ…
-Երբեք: Կինն է ուժեղը: Եթե նույնիսկ տղամարդն ուժեղ է, նա պարտադիր փախչում է ուժեղ կնոջից:
-Ձեզ կոտրելու փորձեր եղե՞լ են:
-Բազմիցս, բայց չի հաջողվել: Ես «սխալ» նյութից եմ, չեմ կոտրվում (ծիծաղում է): Դժվարին պահերին ասում եմ. «Ես ինքս ինձնից էլ ուժեղ եմ» եւ առաջ եմ գնում: Ցավ եմ զգացել, ինձ դավաճել են ու «վաճառել», բայց էլի առաջ եմ գնացել: Լաց եմ եղել, ծանր եմ տարել այդ ամենը, բայց վերջակետ դնելուց հետո ժպտացել եմ ու ներել:
-Հայաստանն այսօր ինչի՞ կարիք ունի:
-Նոր ղեկավարի, կառավարման նոր համակարգի, հինը հարկավոր է արմատախիլ անել, գցել աղբը, վառել, մոխիրն էլ Հայաստանից հեռացնել:
-Պետք է ապրել, թեկուզ հանուն…
-Եթե մենք ծնվել ենք, ուրեմն անելիք ունենք: Պետք է հասկանալ` որն է այդ անելիքը եւ գործել:
Աննա Բաբաջանյան