Ներկա ռեժիմը անկարող է էական փոփոխություններ մտցնել այս իրավիճակում. հասարակությունը վերստին ոտքի է կանգնելու. Ալեք Ենիգոմշյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ից սկսած պայքարը «Սասնա ծռեր»-ի հանձնվելուց հետո, կարծես թե, հետզհետե մարում է, քանի որ նրանց՝ ազատության մեջ գտնվող գաղափարակից ընկերների կողմից համարժեք ակտիվությամբ քաղաքական գործընթացներ չեն տարվում: Իսկ ամենշաբաթյա հանրահավքներն էլ աստիճանաբար իրենց սպառում են հստակ ասելիքի բացակայության պայմաններում: Արդյո՞ք նման գործելաոճը նոր հիասթափության պատճառ չի դառնա եւ վեջնականապես չի մարի պայքարի ոգին: Այս հարցի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ:

-«Սասնա ծռերի» գործողությունների ընթացքում եւ նաեւ հետո` մինչ օրս, անցկացնում եք հանրահավաքներ: Հարթակից ելույթ ունեցողներից շատերը, սակայն, միայն իրենց տեսակետներն են հայտնում, որեւէ հստակ եւ միասնական պահանջ, կարծես թե, չկա: Ըստ էության, ո՞րն է Ձեր պայքարի առանցքը:

-Պայքարի առանցքը, ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ մեր ժողովրդի ջախջախիչ մեծամասնության համար, համակարգի փոփոխությունն է: Ինքնիշխան, ժողովրդավար, արդար Հայաստանի ձեւավորումն է: Դա հանունն է, այն նպատակն է, հանուն որի «Սասնա ծռերը» պայքարել են, եւ ժողովուրդը պայքարում է: Այդ նպատակի իրականացման համար իշխանափոխություն է հարկավոր, այսինքն՝ իշխանափոխությունը այդ նպատակի իրականացման համար պայքարի միջոց է, ինչը ինքնանպատակ չէ, եւ, բնականաբար, այդ իշխանափոխության համար մղվող պայքարին զուգահեռ կա նաեւ քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջ:

-«Սասնա ծռերը» Ձեր թվարկած ծրագրերի իրականացման համար զենք վերցրին` պայքար մղելու, չնայած, ի զարմանս շատերի, վերջում հանձնվեցին: Համենայն դեպս, իրենցից հետո չի երեւում որեւէ հստակ քաղաքական գործընթաց: Ո՞րն է պայքարի Ձեր ծրագիրը:

-Ո՛չ, ծրագիր միշտ էլ ունեցել ենք: Այն ժամանակ էլ եղել է եւ հիմա էլ կա: Երեք փուլերից բաղկացած ծրագրի մասին է խոսքը: Այս պահին չխոսենք ապագա Հայաստանի մասին: Դա այն հանունն է, որի համար ամեն ինչ կատարվում է: Դրա իրականացման համար երկու փուլ պետք է անցնենք: Առաջինը` ներկա վարչախմբից ազատումն է եւ երկրի գաղութացված վիճակից ազատագրումն է: Երկրորդը` այդ ազատագրումից հետո անցումային փուլն է, որի ժամանակ պետք է հիմքերը դրվեն ապագա Հայաստանի: Հետեւաբար, այդ առումով եթե նայենք, մենք երեք փուլի մասին ենք խոսում: Առաջին` իշխանափոխություն, հետո` անցումային փուլ, եւ վերջում` նոր Սահմանադրության ձեւավորումից, մշակումից եւ ազատ ու արդար, թափանցիկ ընտրություններից հետո, նոր Հայաստանի կայացում: Այնպես որ, կա հաստակ ծրագիր: Ուղղակի քաղաքական գործընթաց է, որ պետք է առաջ գնա այս ընթացքում: Այդ ծրագրերի իրականացման համար պետք է նաեւ ի չիք դարձնենք ռեժիմի՝ 2017 թվականի ընտրությունների կայացումը, քանի որ այս վարչախումբը փորձում է վերարտադրվել եւ լեգիմիտացվել: Այդ ընտրությունների ձախողումը կնշանակի այս վարչախմբի տապալում, որը միեւնույն ժամանակ կլինի մեր երկրորդ փուլի` անցումային շրջանի կայացումը:

-Բայց արդյո՞ք այդ ծրագրի ընթացքը նախատեսվածի պես է զարգանում:

-Մենք շարունակում ենք մեր ծրագրի իրագործման ուղղությամբ աշխատել: Ես վստահ եմ, որ մեզ հաջողվելու է, եւ իրականում այդ աշխատանքներն իրենց արդյունքները տալիս են: Ես վստահ եմ` առաջիկա շաբաթների ընթացքում դրանք իրենց արդարացնելու են:

-Իսկ չե՞ք կարծում, որ եթե պայքարը լինի անհետեւողական, դա կարող է հիասթափեցնել հանրությանը:

-Եթե լինի անհետեւողական պայքար, կարող է ժամանակավորապես հասցնել Ձեր այդ ասածին: Բայց եթե չկա: Ես վստահ եմ, որ բոլոր դեպքերում ներկա ռեժիմը անկարող է էական փոփոխություններ մտցնել այս իրավիճակում եւ մեր հասարակությունը վստահաբար վերստին ոտքի է կանգնելու, շարունակելու է պայքարը եւ հասնելու է վերջնական հաղթանակի:

-Այսինքն՝ պետք է սպասեք մինչեւ ժողովրդի մոտ դժգոհությունը վերստին պայթի, նոր միայն ինչ-որ բան անե՞ք:

-Ես վստահ եմ, որ կլինեն հաջորդական քայլեր:

-Ե՞րբ:

-Առաջիկայում:

Զրուցեց Վահագն Հակոբյանը




Լրահոս