Օրերս Երեւան էր այցելել ֆրանսաբնակ դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը: Հայտնի երաժշտին, ով հասցրել է ճանաչում ձեռք բերել Ֆրանսիայում, համերգներով հանդես գալ ամենատարբեր երկրներում` ներկայացնելով նաեւ հայ երաժշտությունը, ով դասավանդում է Փարիզի Ազգային կոնսերվատորիայում եւ ում գործունեությանը անդրադարձել են այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Le Monde-ը, The Guardian-ը եւ այլք, Հայաստանում լավ ծանոթ չեն: «Ժողովուրդ»-ը դաշնակահարուհու հետ զրուցել է նրա գործունեության, արմատներին վերադառնալու ձգտման եւ ձեռքբերումների մասին:
-Վարդուհի՛, մի փոքր պատմեք` ի՞նչը կապեց Ձեզ եւ Ֆրանսիային, եւ ինչպե՞ս Դուք սիրահարվեցիք այդ երկրին, ընդ որում, փոխադարձ սիրով:
-Ծնվել եմ Երեւանում, սովորել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա ընդունվել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Արդեն 20 տարեկանից տեղափոխվել եմ Ֆրանսիա: Այդ երկիր գնալու ուժեղ ցանկություն ունեի, սիրահարված էի այնտեղի պատմությանը, գրականությանը, երաժշտությանը, իսկ կատարելագործվելուս ցանկությունն էլ հասնում էր աբսուրդի: Այդպիսով` ընդունվեցի Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիա, այժմ արդեն դասավանդում եմ այնտեղ: Օրեցօր ես ու Ֆրանսիան ավելի ու ավելի ենք սիրում միմյանց (ծիծաղում է):
-Այդ երկրում գրանցած Ձեր առաջին մեծ ձեռքբերումը ո՞րն էր:
-Այսպես ասած` սիմվոլիկ նշանակության առաջին հաջողությունս կապված էր 2008 թվականին կայացած «Avant-scene» մրցույթի հետ, որի շրջանակում կատարեցի Արամ Խաչատրյանի գործերից. դա մեծ ռիսկ էր, քանի որ այն այնքան էլ ծանոթ չէր ֆրանսիացի հանդիսատեսի ականջին: Ուրախությամբ պետք է ասեմ, որ Խաչատրյանն ինձ մեծ հաջողություն բերեց. իբրեւ մրցանակ` հնարավորություն ստացա նվագելու Փարիզի «The Cite de la Musique» (City of Music)-ում: Այդ տարի ես ձայնագրեցի իմ առաջին ալբոմը, սկսեցի հանդես գալ տարբեր երկրներում, եւ երաժշտությունն ինձ համար դարձավ կենսակերպ: Ի դեպ, շատ «դաժան» է դաշնակահարի մասնագիտությունը. այն պահանջում է բավական մեծ նվիրում: Ես միշտ իմացել եմ, որ եթե իմ կյանքում չլինի երաժշտություն, ես պարզապես գոյություն չեմ ունենա:
-Իսկ Խաչատրյանից հետո ուրիշ հայ կոմպոզիտորների անդրադառնալու առիթներ եղա՞ն:
-Ֆրանսիայում ինձ անհրաժեշտ էր խոսել այնտեղի երաժշտության լեզվով, ինձ հետաքրքրում էր Դեբյուսին, Ռավելը. ուզում էի Եվրոպայից վերցնել մաքսիմալը` դրան զուգահեռ չկտրվելով սեփական արմատներից, իսկ ինչ վերաբերում է հայկական երաժշտությանը, ապա այն այսպես թե այնպես գեներիս, արյանս մեջ է: Ինձ միշտ հետեւել է այն միտքը, որ դրսում հայկական երաժշտությունը մատուցելու առաքելություն ունեմ: Ընդհանրապես, հայ լինելը դժվարին առաքելություն է:
Նախորդ տարի, օրինակ, թողարկեցի հայկական ձայնասկավառակ, ես չգիտեի` ինչպես այն կընդունվեր Ֆրանսիայում, բայց, ի ուրախություն ինձ, պետք է ասեմ, որ վաճառքի արդյունքները խոստումնալից են: Ալբոմի շրջանակում ես եւ երաժիշտ ընկերներս, որոնց թվում, ի դեպ, կան այլազգիներ, անդրադարձել ենք Կոմիտասի, Խաչատրյանի երաժշտությանը: Ես ներկայացվող երաժշտության միջոցով հանդիսատեսին ինձ հետ Հայաստան «տանելու» նպատակ ունեի, եւ դա, կարծես թե, ստացվեց:
-Ցանկացած արվեստագետի կյանքում լինում են շրջադարձային համագործակցություններ: Դուք որո՞նք կառանձնացնեք:
-Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել ֆրանսիացի դաշնակահարուհի Բրիջիթ Էնգըրըրը (Brigitte Engerer)` իմ ուսուցչուհին: Նրա հետ նվագելն իմ առջեւ նոր հորիզոններ բացեց: Մեծ հաճույք ստացա BBC-ի պրոֆեսիոնալ նվագախմբի հետ նվագելուց հետո: Կարող եմ առանձնացնել նաեւ դիրիժորներ Տուգան Սոխիեւի (Tugan Sokhiev) եւ Ալան Ալթինօղլուի (Alain Altinoglu) հետ իմ համագործակցությունները:
-Իսկ հայ երաժիշտների հետ համագործակցելու առիթներ հաճա՞խ են լինում: Տեղյակ ենք, օրինակ, որ 2012-ին հանդես եք եկել թավջութակահար Լեւոն Առաքելյանի հետ, իսկ երբ արդեն 2016-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ղեկավարում էր գերմանական Ինգոլշտատ քաղաքի Վրացական կամերային նվագախումբը, համերգի ընթացքում հանդես եկաք նաեւ Դուք:
-Այո՛, Լեւոնը մի անգամ ասաց` ամեն տեղ հանդես ես գալիս, Հայաստան չես գալիս: Այդպիսով՝ առաջարկեց` միասին նվագենք: Սիրով համաձայնեցի: Ես միշտ էլ զգում եմ հայաստանցի հանդիսատեսի պակասը, թեեւ ինձ Ֆրանսիայում ավելի լավ են ճանաչում, քան Հայաստանում:
-Ո՞ր դեպքում կգաք հայրենիք աշխատելու:
-Հայաստանն իմ ցավոտ կողմն է, ես միշտ անհանգստանում եմ իմ երկրի համար, փորձում եմ ինչ-որ կերպ օգտակար լինել: Այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հայ երաժիշտները հայրենիք գալու, հայ երեխաների հետ մաստեր-կլասներ անցկացնելու մեծ ցանկություն ունեն, բայց չկա համապատասխան կառույց, համակարգ, որը կզբաղվի դրանով: Ինքս էլ շատ կուզենայի հայրենիքում աշխատել, պատրատ եմ զուգահեռաբար երկու երկրում լինելու, եթե ստաբիլ պայմաններ լինեն:
-Ի՞նչ է մեզ պակասում:
-Հայաստանում կան շատ տաղանդավոր երաժիշտներ, պարզապես իմ հայրենիքի մարդկանց թիվ մեկ խնդիրը հուսահատությունն է: Նրանք չգիտեն` ինչպիսին է իրենց ապագան, չգիտեն` ուր նայեն: Այդ հուսահատությունը երեւում է նաեւ նրանց աչքերում: Ցավոք, ես չգիտեմ` ուր ենք մենք գնում: Բայց գիտեմ, որ մեր ազգը հերոս է, համբերատար եւ շատ բան չի ուզում. ուզում է ուղղակի շնչել: Մարդիկ էլ չեն դիմանում: Այս պարագայում, գուցե, երաժշտությունը կարող է փրկություն լինել. մարդիկ արվեստից են կախվում: Բայց պետք է մինիմալ պայմաններ լինեն, որ մարդիկ էլ կախվելու տեղ ունենան: Հույս ունեմ, որ երիտասարդները կկարողանան իրենց հետ թարմ շունչ բերել եւ ժողովրդին հանել ստեղծված իրավիճակից:
Աննա Բաբաջանյան