ԼՈՌԻՈՒՄ ԹԵԺ ԸՆՏՐԱՊԱՅՔԱՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Լոռու մարզի քաղաքային եւ գյուղական մի շարք համայնքներում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Եվ քարոզարշավի մեկնարկին ընդառաջ Լոռու մարզում մթնոլորտն օր օրի ավելի է թեժանում: «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ինչպիսին է իրավիճակը մարզի մի քանի համայնքներում:

Ստեփանավան
Ստեփանավանցիներն իրենց հոգու խորքում հույս ունեին, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեր երկրում վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձություններից հետո կարող են հետեւություններ անել եւ փոփոխությունների գնալ: Սակայն պարզվեց՝ գործող վարչախումբը փոխվելու մտադրություն չունի եւ տարբեր համայնքներում շարունակում է հենվել կրիմինալ տարրերի վրա: Ստեփանավանի վերջին երկու քաղաքապետների՝ Ղարաքեշիշյան եղբայրների նկատմամբ անցած տարիներին հարուցվել են տարբեր քրեական գործեր: Սակայն դրանցից եւ ոչ մեկն այդպես էլ դատարան չի հասել: Նշենք, որ Սարգիս եւ Միքայել Ղարաքեշիշյանների անունները պարբերաբար կապվում են տարբեր աղմկոտ պատմությունների հետ: Ղարաքեշիշյանի պաշտոնավարման ընթացքում նրա եղբոր` նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի՝ Քոթոյի վերաբերյալ տարբեր աղմկոտ պատմություններ են հրապարակվել: Միքայել Ղարաքեշիշյանի անունը նույնպես շոշափվում է աղմկալի պատմություններում: Դրանցից մեկի համաձայն՝ 2014 թվականին նա ատրճանակով կրակել է ստեփանավանցի Արմեն Գրիգորյանի վրա: Եւ չնայած սրան՝ Ղարաքեշիշյանները երկար տարիներ է՝ շարունակում են պաշտոնավարել: Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Ստեփանավանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը եւ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ի տնօրեն Դավիթ Ճավրուշյանը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Ալբերտ Ղարաքեշիշյան» ՍՊԸ-ն Ստեփանավանի գործող քաղաքապետի որդուն՝ Ալբերտ Ղարաքեշիշյանին է պատկանում: Ըստ ՀՀ կառավարության պետական ռեգիստրի՝ ընկերության հիմնադիրներն են Ա. Ղարաքեշիշյանը եւ Մ. Ղարաքեշիշյանի կինը՝ Լարիսա Լավրենովան: Ինչպես հայտնի է՝ Միքայել Ղարաքեշիշյանի որդին՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը, Ստեփանավանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետն է: Նշենք, որ նախկինում այս պաշտոնն էր զբաղեցնում վերջինիս հայրը, ներկայիս քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Ստեփանավանցիների պատմելով՝ Ճավրուշյանը իր թեկնածությունն առաջադրել է, որպեսզի քաղաքապետի ընտրությունները ընտրական օրենսգրքի համաձայն չկայացած չհամարվեն: Եւ առաջիկա օրերին վերջինս հետ կվերցնի իր փաստաթղթերը: Երեկվա դրությամբ Ճավրուշյանը դեռ հետ չէր վերցրել փաստաթղթերը:

Շնող
Շնող գյուղում այնպես «հանգիստ ու խաղաղ» չեն անցնելու ընտրությունները, ինչպես Ստեփանավանում: Այստեղ հիմնական ընտրապայքարը տեղի է ունենալու նախկին եւ ներկայիս գյուղապետերի միջեւ: Շնողի գյուղապետի պաշտոնի համար առաջադրվել են 5 թեկնածու՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի մարկշեյդեր, անկուսակցական Արմեն Առաքելյանը, ՀՀԿ-ական Դավիթ Ղումաշյանը (շնողցիների պատմելով՝ վերջինս ՌԴ-ից է վերադարձել ՀՀ, որպեսզի գյուղապետ ընտրվի), անկուսակցական գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը, Թեղուտ ՓԲԸ-ի տեղամասի պետ Հայկազ Քոչինյանը եւ Անդրանիկ Մելիքսեթյանը, որը Թումանյանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետն է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Թեղուտ» ՓԲԸ տեղամասի պետ Հայկազ Քոչինյանը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի եղբայրն է: Վերջինս տասը տարուց ավել աշխատել է որպես գյուղապետ: Շնողցիների պատմելով՝ Քոչինյանը ընտրություններին սովորաբար օգտագործում է Թեղուտի հանքի գործոնը: Բանն այն է, որ Շնողի բնակիչների մեծ մասը աշխատում է այնտեղ: Ի դեպ, Քոչինյանի դեմ նույնիսկ քրեական գործ է հարուցվել համայնքի բյուջեի միջոցներն անարդյունավետ ծախսելու համար: Նկատենք, որ այս համայնքի ղեկավարի պաշտոնի համար ՀՀԿ-ն ոչ մի թեկնածու չի առաջադրել, բոլորն ինքնառաջադրվել են: Տեսնենք, թե վերոնշյալ թեկնածուները ինչպես կդրսեւորվեն:
Ախթալա
Մինչ ստեփանավանցիները լուռ պայքարում են Ղարաքեշիշյանների դեմ, Ախթալայի բնակիչներն էլ փորձում են ազատվել Խաչիկյանի համայնքապետությունից: Հայկազ Խաչիկյանը 2008 թվականից մինչ օրս զբաղեցնում է Ախթալայի քաղաքապետի պաշտոնը եւ դեռ մտադիր է վերստին ընտրվել: Հոկտեմբերի 2-ին Ախթալայում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որին կմասնակցի երեք թեկնածու՝ անկուսակցական, Ախթալայի նախկին քաղաքապետ Սուրեն Թամրազյանը, ՀԱԿ-ական «Ախթալա» արհեստակցական կազմակերպության նախագահ Սասուն Վարդումյանը եւ գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Այստեղ նույնպես հիմնական պայքարը ընթանում է նախկին եւ ներկա քաղաքապետերի միջեւ: Ի դեպ, ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետին: Նշենք, որ Հայկազ Խաչիկյանը ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման համար դատապարտված ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրն է:

Վանաձոր
Ոչ պակաս թեժ են անցնելու նաեւ Վանաձորի քաղաքապետի ընտրությունները: Եթե մյուս համայնքներում բացի ՀՀԿ-ից, մնացած քաղաքական ուժերը հիմնականում բացակայում են, ապա այստեղ նրանք բավականին ակտիվ են: Վանաձորի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի 8 կուսակցություն: Ինչպես հայտնի է՝ տեւական քննարկումներից հետո Հանրապետական կուսակցությունը որոշել է, որ կուսակցության ընտրացուցակը գլխավորելու է Լոռու մարզի «Վանաձոր» նոտարական գրասենյակի նոտար Մամիկոն Ասլանյանը: Թե ինչ հաջողություն կգրանցի Ասլանյանը, դեռ վաղ է ասել, բայց նրա՝ չափից ավել ինքնավստահությունը փոքր-ինչ կասկածահարույց է: Ըստ վանաձորցիների՝ վերջինս լավ հարաբերություններ ունի իշխանական օղակների հետ: ՀՅԴ-ի ընտրացուցակը գլխավորում է Նելսոն Մամուլյանը, որը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի կրթական ծրագրերի պատասխանատուն է: Իսկ ԲՀԿ-ի ընտրացուցակը գլխավորում է Այծեմնիկ Օհանյանը: Վերջինս Վանաձորի բժշկական կենտրոնի բժշկուհի է եւ մեծ համբավ է վայելում քաղաքում: Նա Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի բաժանմունքի վարիչն է, ավագանու նախկին անդամ:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը: Վերջինս Հայաստանի մանուկների հիմնադրամի «Սմարթ» նախաձեռնության Լոռու մարզի ներկայացուցիչն է:
«Հայ ազգային կոնգրեսի» Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորում է «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը: «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորում է կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի եղբայր Արկադի Փելեշյանը, որը Վանաձորի ավագանու անդամ է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Արամ Խաչատրյանը, որը Վահագնաձորի հիմնական դպրոցի ուսուցիչ է: Իսկ նորաստեղծ «Համախմբում» կուսակցության ցուցակը գլխավորում է Վահան Ղույումչյանը, որը ՎՊՀ դոցենտ է:

Պաշտոնական տեսակետ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրուցում, անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին, հետեւյալն ասաց. «Որպես ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, կառույցի մյուս անդամների հետ միասին Շնողի մասով նման որոշում ենք կայացրել՝ ազատ թողնենք դաշտը: Հիմա ինչպե՞ս եք պատկերացնում՝ ես, որպես ՀՀԿ-ական, մի բան անեմ, իսկ որպես մարզպետ մեկ ա՞յլ բան: Իհարկե, դա հնարավոր չէ: Այս պարագայում գոյություն ունի կուսակցական կարգապահություն, եւ մենք այն չենք խախտում»: Շնողում տիրող նախընտրական լարվածության կապակցությամբ մարզպետը անհանգստացած չէ. «Բոլոր թեկնածուներն իրար շատ լավ ճանաչում են: Դե, բնական է, որ մի փոքր լարվածություն կլինի, եւ ես համոզված եմ, որ ընտրություններից հետո այն կանցնի ու կգնա: Իրար հետ կսկսեն ընկերություն անել, եւ կյանքն առաջ կգնա իր բնական հունով»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ Ախթալայի, Ստեփանավանի եւ Վանաձորի ընտրություններում կսատարի գործող քաղաքապետերին:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ՄԱՐԳԱՀՈՎԻՏՈՒՄ ԴԱԲԱՂԸ ՆԱՀԱՆՋՈՒՄ է
Մոտ մեկ ամիս առաջ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի անասունների շրջանում տարածված դաբաղ հիվանդությունը արդեն իսկ նահանջում է: Այս մասին «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սամվել Անանյանը՝ նշելով, որ կենդանիներն ամբողջությամբ առողջ են: Մեր հրապարակումից հետո գյուղ է այցելել մասնագետների խումբ, որոնք հանդիպել են հիվանդ անասունների տերերի հետ, զննել կենդանիներին, բուժում նշանակել ու հեռացել, ինչի արդյունքն էլ փաստորեն հիվանդության հետընթացն է: Համայնքի ղեկավարի խոսքով՝ կենդանիներն այժմ նորմալ քայլում ու արածում են, նաեւ կթվում: «Ամեն ինչ արդեն նորմալ է, երեւի մի 2-3 հատ լինի հիվանդ, դրանք էլ էսօր-էգուց կառողջանան»,-ասաց Անանյանը:
Հիշեցնենք, որ Մարգահովիտում եւ Գուգարք գյուղերում մեկ ամիս առաջ դաբաղ հիվանդություն էր տարածվել: Եթե Գուգարքում հիվանդությունը լուրջ աճ չէր գրանցել, ապա Մարգահովիտում դաբաղով վարակվել էր 200-ից ավել կենդանի: Նաեւ անկման դեպքեր էին գրանցվել: Գյուղացիները նշում էին, որ պատկան մարմինները լուրջ չեն մոտենում ստեղծված իրավիճակին, եւ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկում դրա դեմն առնելու համար:




Լրահոս