ԱՃԵՄՅԱՆՑԻՆԵՐԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՄԻ ԿՈՂՄ ՔԱՇՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կրքերը թեժ են: Թատրոնի անձնակազմն անհանգստացած է սեպտեմբերի 14-ին տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կարգով եւ հայտ ներկայացրած թեկնածուների մասնագիտական որակներով: Դա էլ բավական չէ, Գյումրիում խոսակցություններ են շրջանառվում, թե ԱԺ հանրապետական պատգամավոր Արման Սահակյանը աջակցում է թեկնածուներից մեկին, եւ որ վերեւներում արդեն վճռել են, թե ով է լինելու թատրոնի հաջորդ տնօրենը:

Աճեմյանցիներին վրդովեցրել է նաեւ այն փաստը, որ մոտ մեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում մշակույթի նախարարությունը հայտարարություն է հրապարակել իրենց թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կարգի վերաբերյալ, ըստ որի հայտ ներկայացնող անձի համար բավարար է ճանաչվում միայն նրա բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը եւ կառավարման ոլորտում 3 կամ 5 տարվա աշխատանքային փորձը: Մշակույթի նախարարությունից պարզաբանել են, որ թատրոնն ունի գեղարվեստական խորհուրդ, այդ պատճառով էլ նոր տնօրենի համար պարտադիր պայման չեն դիտարկել մասնագիտական կրթությունը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նույն թատրոնի պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ: Նա նախ շեշտեց` կոլեկտիվի համար ամենակարեւորն այն է, որ թատրոնի տնօրենը լինի ոլորտի հետ առնչություն ունեցող մեկը, որ նա աշխատած լինի թատրոնում, ծանոթ լինի թատրոնի կառավարման համակարգին: Այնինչ, նրա խոսքով, տնօրենի երկու թեկնածուներն էլ ոլորտից անտեղյակ մարդիկ են:
Նշենք, որ թափուր պաշտոնի համար հայտ ներկայացրած առաջին թեկնածուն «Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանն է, իսկ երկրորդ թեկնածուն Արաքսյա Կիրակոսյանն է, ով նախկինում եղել է նույն հեռուստաընկերության լրագրող, ապա որոշ ժամանակ Շիրակի մարզպետարանում զբաղեցրել է լրատվության գծով խորհրդականի պաշտոնը:
«Թույլ տվեք ողջ կոլեկտիվի անունից չհամաձայնել այն մտայնության հետ, թե տնօրենը զբաղվում է միայն թատրոնի մենեջմենթով եւ վարչատնտեսական աշխատանքներով: Չէ՞ որ տնօրենն իրավասու է նշանակել եւ աշխատանքից ազատել գլխավոր ռեժիսորին. միայն սա բավական է, որ նա իր մասնակցությունն ունենա ստեղծագործական հարցերում: Այսինքն` տնօրենն է որոշում` գլխավոր ռեժիսորը համապատասխանում է թատրոնի գեղագիտական մտածողությանը, թե ոչ: Ուրեմն նա չի կարող ոլորտից անտեղյակ մարդ լինել»,-ընդգծեց Տ. Վիրաբյանը` հավելելով, որ մրցույթին մասնակցող թեկնածուներից որեւէ մեկի հետ թատրոնի անձնակազմի անդամներն անձնական բնույթի խնդիրներ չունեն:
Նա նաեւ նկատեց, որ մրցույթը բոլորին հավասար մասնակցային եւ մրցակցային պայմաններ չի ընձեռում. «Մրցույթի մասին հայտարարությունը տպագրվել է միայն «Հայաստանի Հանրապետություն» թերթում, այնինչ, ըստ օրենքի, այն պետք է տարածվեր 3000 տպաքանակ ունեցող թերթով եւ զանգվածային լրատվական այլ միջոցներով: Այդ այլ միջոցներում մենք հայտարարության չենք հանդիպել: Մեր թատրոնի 130 հոգանոց հանրույթից ոչ ոք, անգամ ներկայիս տնօրենը չի իմացել հայտարարված մրցույթի մասին: Ուզում ենք հավատալ, որ սա սխալմունք է, եւ նախարարը հետեւողական կլինի այն շտկելու հարցում»:
Մենք հարցրինք` արդյոք թատրոնի անձնակազմն ունի իր նախընտրելի թեկնածուն, ադյոք կա մեկը, ում թեկնածությունը կցանկանան առաջադրել. «Ոչ, թատրոնը թեկնածու չունի: 7 տարի առաջ, երբ թատրոնում կրկին տնօրենի ընտրություն էր, այդ ժամանակ էլ մենք թեկնածու չունեինք: Եվ երբ առաջադրվեցին անուններ, մենք մեր ձայնը տվեցինք Գեւորգ Խաչատրյանին, որը թատրոնում անցել էր բեմի բանվորից մինչեւ բարձրակարգ դերասան դառնալու ուղին: Ի դեպ, ասեմ, որ նա նույնպես հանրապետական էր: Սա ապացուցում է այն, որ թատրոնը որեւէ կուսակցության հետ խնդիր չունի, եւ խնդիրը զուտ ստեղծագործական բնույթ է կրում»,-պատասխանեց պրոդյուսերը:
Նրա խոսքով` թատրոնն անելու է ամեն ինչ, որ ստեղծված իրավիճակը ստեղծագործական մթնոլորտի վրա բացասական ազդեցություն չունենա, եւ որ կրքերը օր առաջ հանդարտվեն. «Մենք թեկնածուներին հորդորել ենք դուրս գալ այս պատմությունից` մնալով թատրոնի լավ բարեկամը, հորդորել ենք` թողնեն անցկացվի նոր մրցույթ, դրա անցկացումը դարձնել առավել հանրային: Գուցե այդ դեպքում գտնենք այն ղեկավարին, որին ուզում ենք տեսնել թատրոնում»,-եզրափակեց պրոդյուսերը:
«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց նաեւ Մարգարիտա Մինասյանի հետ, ով խոստացավ լայնածավալ տեղեկատվություն տրամադրել միայն սեպտեմբերի 15-ից հետո:
Մենք առաջիկայում կներկայացնենք նաեւ ՀՀ մշակույթի նախարարության մեկնաբանությունը:

 

 

 
ԻՐԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ` «ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ» ՍԵՐԻԱԼՈՒՄ

Սեպտեմբերի կեսին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ կհեռարձակվի նոր սերիալ, որը հավակնում է դաշտում եղած նույն ֆորմատի մյուս արտադրանքներից տարբերվել իր թեմատիկայով: Սերիալը կոչվում է «Լրագրողները» եւ գլխավորապես պատմում է լրագրողների մասնագիտական գործունեության մասին: Խմբագիրը, որին մարմնավորում է դերասան Արթուր Կարապետյանը, եւ 4 լրագրողներ առաջիկայում կհետաքննեն Հայաստանի համար այնպիսի հրատապ խնդիրներ, ինչպիսիք են մենաշնորհները, ազատամարտիկների` պետության կողմից անտեսված լինելը, ծառահատումներն ու քանդված գործարանները:

«Սոցիալական ծանր դրության մեջ ապրող ազատամարտիկների թեման առանձնակի կարեւորություն ստացավ ապրիլյան պատերազմից հետո. նույնիսկ այն դեպքում, երբ նրանք դժգոհ էին իշխանությունների վերաբերմունքից, հայրենիքին սպառնացող առաջին իսկ վտանգի դեպքում նորից զենք վերցրին ու գնացին պատերազմ: Ինչ վերաբերում է, օրինակ, մենաշնորհների թեմային, բոլորս էլ տեղյակ ենք, որ չնայած իշխանությունները պնդում են հակառակը, բայց Հայաստանում կան մենաշնորհներ, եւ դրանց առնչությամբ գործում են չգրված ներքին օրենքներ: Դե, ծառահատումների խնդրին, կարծում եմ, բախվել է յուրաքանչյուրը. այսօր մեր երկրում ծառերը հատվում են հիմնականում մի նպատակով. որպեսզի տեղում բարձրահարկ շենքեր կառուցվեն: Սյուժետային չորրորդ գիծն էլ կզարգանա նախկինում արդյունաբերական մեծ նշանակություն ունեցող, իսկ այժմ քանդված, անմխիթար վիճակում գտնվող գործարանների թեմայի շուրջ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց սերիալի ռեժիսոր Կարեն Քոչարյանը` հավելելով, որ որոշ ժամանակ անց սերիալի շրջանակում կբարձրացվեն ուրիշ չորս խնդիրներ:
Դիտելով սերիալի թիզերը` կարելի է տեսնել կարճ, կիպ զգեստներով եւ բարձրակրունկներով լրագրողների կերպարներ: Ռեժիսորից հարցրինք` արդյոք շատ չեն հեռացել մեր իրականությունից. «Եկեք չմոռանանք, որ մենք գործ ունենք գեղարվեստական ֆիլմի հետ, որը ինչ-որ չափով հորինված է: Եթե ես ունենայի ամեն բան ճշգրիտ կերպով ցույց տալու խնդիր, կնկարահանեի փաստավավերագրական ֆիլմ: Իսկ սա ֆիլմ է, որտեղ պետք է լինեն նաեւ սիրուն տղաներ ու աղջիկներ»,-պատասխանեց նա:
Կ. Քոչարյանը, անդրադառնալով սերիալի առանձնահատկություններին` տեղեկացրեց, որ հեռուստադիտողներին սպասվում է հետաքրքիր անակնկալ. «Նախագծի շրջանակում մենք կունենանք star guest: Այսինքն` սերիալում կհայտնվեն հանրության կողմից ճանաչված լրագրողներ, որոնք իրենց գործունեության ընթացքում վերոնշյալ խնդիրների բարձրացման, ինչու ոչ, նաեւ լուծման հարցում հաջողություններ են գրանցել: Այդ լրագրողները, բնականաբար, չեն խաղա, նրանք «կմարմնավորեն» իրենք իրենց: Այսինքն` սերիալի գեղարվեստական մատուցումը փորձելու ենք հնարավորինս մոտեցնել իրականությանը: Հյուրերից մեկը, օրինակ, «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանն է»,-մանրամասնեց ռեժիսորը:
Նա հավելեց, որ սերիալում կներկայացվի նաեւ լրագրողների անձնական կյանքը, որը հաճախ խոչընդոտում է մասնագիտականին եւ հակառակը:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՈՒԵՍԹ VS ՀՌՈՄԻ ՊԱՊ
Օրերս հայազգի մոդել Քիմ Քարդաշյանի ամուսին, ռեփեր Քանյե Ուեսթը բացարձակ ռեկորդ է սահմանել: TMZ-ի փոխանցմամբ` նա համերգով հանդես է եկել Նյու Յորքի Madison Square Garden-ում եւ իր հուշանվերների, մասնավորապես` վերնաշապիկների վաճառքից 780 հազար դոլար շահույթ ապահովել:
Իր գրանցած ռեկորդով Ուեսթը, փաստորեն, գերազանցել է անգամ Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին: Բանն այն է, որ նախորդ տարվա սեպտեմբերին Հռոմի պապը նույն Madison Square Garden-ում պատարագ էր մատուցել, որին ներկա էր մոտ 20 հազար մարդ: Այդ ժամանակ մինչեւ պատարագն ու դրանից հետո վաճառվել էին խաչեր, սպիտակ աղավնու պատկերով մարզական վերնաշապիկներ: Արդյունքում ապահովվել էր մոտ 240 հազար դոլարի շահույթ:

 

 

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը հյուրընկալելու իրավունքը կարող է Ուկրաինայից փոխանցվել Ռուսաստանին, եթե Կիեւը մինչեւ հոկտեմբերի սկիզբ չկարգավորի մրցույթի հետ կապված մի շարք կարեւոր հարցեր` դրա անցկացման տեղի եւ ֆինանսավորման աղբյուրների ընտրության մասով:
«Իզվեստիա» թերթի փոխանցմամբ` ավելի վաղ Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը չեղարկել էր մամուլի ասուլիսը, որի ժամանակ պետք է հայտարարվեր, թե Կիեւ, Դնեպր եւ Օդեսա քաղաքներից որ մեկն է հյուրընկալելու մրցույթը:
Նշենք, որ «Եվրատեսիլ-2016»-ում երկրորդ տեղը զբաղեցրած Ավստրալիան իրավունք չունի հյուրընկալելու մրցույթը, քանի որ բուն միջոցառումը պետք է անցկացվի Եվրոպայի տարածքում: Ուստի մրցույթն անցկացնելու իրավունքը կարող է փոխանցվել երրորդ հորիզոնականը զբաղեցրած երկրին` Ռուսաստանին:

 

 

ՆՈՐ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
Ամերիկացի ռեփեր Ուիզ Խալիֆայի «See You Again» երգի տեսահոլովակը, որը նվիրված է ավտովթարի հետեւանքով մահացած դերասան Փոլ Ուոքերի հիշատակին, դարձել է պատմության մեջ երկրորդ տեսանյութը, որը YouTube-ում հավաքել է ավելի քան 2 միլիարդ դիտում: Այս մասին փոխանցում է Entertainment Weekly-ն: Տեսանյութը համացանցում տեղադրվել է 2015 թվականի գարնանը:
Նշենք, որ մինչ այսօր YouTube-ում գրանցած դիտումների քանակով բացարձակ ռեկորդակիր է մնում կորեացի երգիչ PSY-ի «Gangnam style» տեսահոլովակը, որը հավաքել է մոտ 2,7 միլիարդ դիտում:




Լրահոս