«ԱՍՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԻԲՐ ՀԱՐՈՒՍՏ ՊԱՊԱ ՈՒՆԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք հայ հայտնիների հետ: Մենք միասին կբացահայտենք նրանց բնավորության արտասովոր կողմերը, «կգաղտնազերծենք» ձեզ արդեն ծանոթ մարդկանց կյանքից մինչեւ այժմ քչերին հայտնի դրվագներ, անսպասելի հարցերի եւ անկեղծ պատասխանների արդյունքում կպարզենք նրանց էությունը: Այս անգամ զրուցել ենք երգիչ Մհերի (Մհեր Մեսրոպյան) հետ:

-Մհե՛ր, շո՞ւտ եք արթնանում:
-Ընդհանրապես` ոչ: Բայց վերջերս սկսել եմ շուտ քնել եւ շուտ էլ զարթնել. փորձում եմ կարգավորել ռեժիմս:
-Նույնիսկ ամենազբաղված պահերին հասցնում եք…
-Մի գավաթ սուրճ խմել: Որքան էլ շտապելիս լինեմ, հատկապես առավոտյան դա անում եմ:
-Հանգիստը կանցկացնեիք ակումբներո՞ւմ, թե՞ բնության գրկում:
-Բնության գրկում:
-Հագուստի` Ձեր նախընտրելի ոճը:
-Այն ոճը, որն ինձ սազում է, համընկնում է իմ ներաշխարհի եւ տրամադրության հետ:
-Ձեր ամենասիրելի տոնը:
-Ամանորը: 14 տարեկանից երաժշտական ասպարեզում եմ, եւ արդեն 20 տարի է` Նոր տարին, ցավոք, տանը չեմ նշում, այլ աշխատանքի վայրում:
-Փոքրուց փոխանցված սովորություն, որից չեք ձերբազատվել:
-Բարիք գործելը: Կարծում եմ` դա էլ է սովորություն, եւ հիասթափությունները չեն կարող ինձ ետ պահել դրանից: Ես կարող եմ հիասթափվել մարդուց, բայց ոչ երեւույթից:
-Երբեք չէիք համաձայնի մասնակցել…
-«Ֆորտ բոյար» հաղորդմանը: Վախենում եմ էքստրեմալ իրավիճակներից, անգամ կարուսել նստելուց, էլ ուր մնաց, ասենք, կամրջից ոտքերս կապած նետվեմ. օդում սիրտս կկանգնի (ծիծաղում է):
-Կամակոր եք, գոռոզ, թե գլուխգովան:
-Կամակոր, հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործին: Այդ առումով ես բծախնդիր եմ ու մաքսիմալիստ:
-Մեկը, ում առջեւ Ձեզ հաշվետու եք համարում:
-Ես ինքս: Ես եմ իմ դատավորը: Իհարկե, հաշվի եմ առնում մարդկանց կարծիքները, բայց իմ առաջին քննադատը հենց ես եմ:
-Մի քանի հատկանիշ, որոնք մարդիկ Ձեր մեջ անմիջապես նկատում են:
-Բարություն, անկեղծություն, իսկ ինչ վերաբերում է նեգատիվ որակներին, ապա ինձ չճանաչողները ասում են, թե իբր գոռոզ եմ: Բայց ծանոթանալուց հետո այդ տպավորությունը փոխվում է:
-Կարող եք ժամերով խոսել…
-Մարդու մասին, նրա տեսակի: Կարող եմ երկար վերլուծել մարդու կերպարը, որ հասկանամ նրան:
-Ձեր ճանաչած ամենաֆանտաստիկ մարդը:
-Իմ վոկալի ուսուցիչը` իր մասնագիտական որակներով եւ մարդ տեսակով: Ցավոք, նա այժմ կենդանի չէ:
-Ո՞ւմ խոսքը կարող է խոցել Ձեզ:
-Չկայացած մարդու, իսկ եթե տվյալ մարդը կայացած է, ես դա ընդունում եմ որպես կարծիք:
-Մի քանի բան, որոնք ուզում եք անպայման հասցնել անել:
-Ամեն բան էլ հասցնում եմ, ինչ ճիշտն է` ճիշտ:
-Կանայք Ձեր մեջ առաջինը նկատում են…
-Աչքերս, ավելի ճիշտ` հայացքս:
-Անձնական կյանքում Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք:
-Շատ բարդ հարց եք տալիս: Կարող եմ ասել, որ այո, բայց այդ «այո»-ն լիարժեք կլինի, երբ ընտանիք կազմեմ:
-Ինքներդ Ձեզ հետ ներդաշնակ եք միայն այն դեպքում, երբ…
-Երբ խիղճս հանգիստ է: Դա պարտադիր է ինձ համար:
-Միշտ վախենում եք կորցնել…
-Իմ հարազատներին. խոսքը ֆիզիկական կորստի մասին է:
-Հուսահատությունից դուրս գալու համար սովորաբար հիշում եք, որ…
-Էլի են եղել նման պահեր, եւ ես դուրս եմ եկել այդ իրավիճակներից:
-Ձեր մասին լսած ամենազվարճալի ասեկոսեն:
-Ասում էին, թե իբր հարուստ պապա ունեմ, այնինչ՝ ես երաժիշտների ընտանիքից եմ, եւ եթե ֆինանսականի մասին է խոսքը, ոչ հոգեւորի, ապա ընտանիքս հարուստ չէ: Հայրս նվագում է կլառնետ եւ դուդուկ: Ընտանիքս այժմ ապրում է Ռուսաստանում:
-Ձեր կատարած մի քայլ, որի համար առանձնակի ուրախ եք:
-Վերադարձը հայրենիք: Իմ այդ քայլը ես համարում եմ հաջողություն:

 

 
ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՏՈՄՍԵՐԻ ԳՆԵՐԻՑ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Մեր քաղաքացիների մի ստվար զանգված վերջին շրջանում սոցիալական ցանցերում եւ տարբեր հարթակներում դժգոհում է այն հանգամանքից, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան այցելելու դեպքում մուտքի մոտ այցելուից գումար է գանձվում, ընդ որում, ցերեկային ժամերին տաճարի տարածք մուտք գործելը մի գին արժի, գիշերային ժամերին` մեկ այլ` ավելի բարձր գին: «Ժողովուրդ»-ը ՀՀ մշակույթի նախարարությունից հետաքրքրվեց` որքան է կազմում տաճար այցելության տոմսի գինը ցերեկային եւ որքան գիշերային ժամերին, ինչ պատճառաբանությամբ է գիշերը այցելուից ավելի մեծ գումար գանձվում, եւ ինչ հիմքով է տվյալ գումարը սահմանվել:

Ի պատասխան մեր հարցման` նախարարությունից տեղեկացրին, որ ինչպես բոլոր, այնպես էլ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքը վճարովի է: ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների համար արգելոց-թանգարանի մուտքի տոմսի արժեքը ժամը 20:30-ից մինչեւ 22:00-ն կազմում է 1500 դրամ, իսկ ցերեկային ժամերին ՀՀ քաղաքացիների համար` 250, օտարերկրացիների համար` 1200 դրամ:
Գիշերային ժամերի մուտքի տոմսի արժեքի տարբերությունը նախարարությունը բացատրել է հուշարձանի գեղարվեստական լուսավորման (հուշարձանը լուսավորվում է ժամը 20:30-ից մինչեւ 22:00-ն, իսկ պարսպի հատվածը` մինչեւ լուսաբաց) համար պահանջվող լրացուցիչ ծախսերով:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների եւ արգելոց-թանգարանների, այդ թվում` «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մուտքի, մշտական ցուցադրություն այցելության ու բացատրության (էքսկուրսիաների) տոմսերի գները սահմանվել են ՀՀ մշակույթի նախարարի՝ 2009 թվականի օգոստոսի 3-ի N 458-Ա եւ 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 835-Ա հրամաններով:
Կառույցից հավելում են նաեւ, որ տոմսերի վաճառքից ստացված գումարներն ուղղվում են ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող հուշարձանների պահպանությանը:
Քաղաքացիներից ոմանք էլ հաճախ դժգոհում են, որ տաճար տանող արահետը բավական անմխիթար վիճակում է, եւ, օրինակ, մանկասայլակով այդտեղով անցնելն իսկական փորձություն է: Մշակույթի նախարարը չի՞ կարծում, որ այս պայմանները կվանեն զբոսաշրջիկներին եւ բացասական կերպով կանդրադառնան մեր երկրում տուրիզմի զարգացման վրա:
«ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հաստատած նախագծի համաձայն՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկա ամիսներին իրականացնելու է ճեմուղու բարեկարգման աշխատանքներ»,- ասված է նախարարության պատասխանում:
«Ժողովուրդ»-ը կհետեւի առաջիկայում իրականացվելիք աշխատանքներին:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 
ՀԱՅԿԱԿԱՆԸ` ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Այս տարվա սեպտեմբերի 8-11-ը Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում անցկացվող «Ախավա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում կներկայացվի հայկական, բյուզանդական եւ հրեական հոգեւոր խմբերգային երաժշտություն: Փառատոնի եզրափակիչ համերգին, որը կկայանա սեպտեմբերի 11-ին, հայկական հոգեւոր երաժշտության կատարումներով հանդես կգա Գերմանիայի հեղինակավոր երգչախմբերից մեկը՝ Լայպցիգի ռադիոյի պետական երգչախումբը: Համերգին որպես մենակատար կմասնակցի նաեւ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր, Լիպարիտ Ավետիսյանը (տենոր): Որպես այս համերգի իրագործման խորհրդատու` Գերմանիա է հրավիրվել նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանը:

 

 

«ԵՎՐԱՏԵՍԻԼ-2017»-Ը` ԿԻԵՎՈՒՄ
«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Կիեւում: Այս մասին հաղորդել է 112 ձՍՐՈՌվՈ հեռուստաալիքը: Քաղաքի ընտրության մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային հեռուստաընկերության տնօրեն Զուրաբ Ալասանիան: Քվեարկության արդյունքում Կիեւը ստացել է 19, Օդեսան` 2 ձայն, քվեարկողներից մեկը ձեռնպահ է մնացել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ արծարծվում էր «Եվրատեսիլ»-ը հյուրընկալելու իրավունքն Ուկրաինայից Ռուսաստանին փոխանցելու հարցը` մրցույթի անցկացման տեղի հարցում Ուկրաինայի չկողմնորոշվելու եւ ֆինանսական աղբյուրներ հայթայթելու հետ կապված խնդիրների պատճառով, սակայն մրցույթում այս տարի հաղթած երկրին հաջողվեց հարթել իրավիճակը:

 

 

ԱՆՏԻՊ ՖԻՑՋԵՐԱԼԴԸ
Ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի կարճ պատմվածքների վերջին անտիպ հավաքածուն կհրատարակվի մեկ գրքում, որը լույս կտեսնի հաջորդ գարնանը: The Independent-ի փոխանցմամբ` ավելի վաղ հեղինակի անտիպ ստեղծագործությունները ընթերցողների համար պարբերաբար հրապարակվել են թերթերում, ինչպես օրինակ` The New Yorker-ում:
Ֆիցջերալդի գործերն ուսումնասիրող պրոֆեսոր Աննա Մարգարթե Դենիելը նկատել է, որ գրողը նախընտրում էր իր գործերն առանց տպագրելու թողնել, անգամ այն դժվարին պահերին, երբ գումարի կարիք ուներ:




Լրահոս