Հարց քաղաքացիներից` նոտարական գործարքների մեջ ինչպե՞ս է որոշվում, թե որ գործարքն ինչ արժե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Նոտարական գործարքների մեջ ինչպե՞ս է որոշվում, թե որ գործարքն ինչ արժե: Օրինակ` անշարժ գույքի առք ու վաճառքն այլ գին ունի, կտակը` այլ: Ի՞նչ սկզբունքով է ձեւավորվում գնային քաղաքականությունը:

Մարիամ Բաբայան, 35 տարեկան, մանկավարժ

ՊԱՏԱՍԽԱՆ. «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 15 հոդվածի համաձայն` նոտարական գործողությունների իրականացումը եւ նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են: Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարը վճարվում է նոտարին:

Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ չափով: Նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:

Ներկայումս նոտարական գործողությունների սակագները սահմանված են ՀՀ կառավարության «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու եւ ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 25-ի թիվ 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» 26.05.2011թ. թիվ 733-Ն որոշմամբ: Որպես կանոն՝ ՀՀ կառավարության նշված որոշմամբ սակագները սահմանված են ոչ թե կայուն գումարի տեսքով, այլ նվազագույն աշխատավարձի նկատմամբ (1.000 դրամ) գործակցով` նշելով նվազագույն եւ առավելագույն սահմանները:

Օրինակ` ավտոտրանսպորտային միջոցների օտարման համար 5-8, այսինքն 5.000 ՀՀ դրամից մինչեւ 8.000 ՀՀ դրամ: Նոտարական գործողությունների համար վճարը ներառում է տվյալ նոտարական գործողության համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ուսումնասիրումը, պարզաբանումը, այդ թվում օրինակելի ձեւերով փաստաթղթերի պատրաստումը եւ տրամադրումը:

Նոտարն ինքն է որոշում իր կողմից մատուցվող ծառայության սակագինը` պահպանելով կառավարության կողմից սահմանված սակագների նվազագույն եւ առավելագույն սահմանները:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նոտարական ծառայությունների սակագները Հայաստանում բավականին թանկ արժեն, բայց ցավոք, տվյալ դեպքում ներկայացվածը երեւի թե ամենամատչելի սակագինն է:




Լրահոս