ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համատեղ ուժերով այս պահի դրությամբ գործում է 11 հանրային լողափ՝ 32.46 հա մակերեսով, որից 3-ը ծառայությունների մատուցմամբ լողափեր են, իսկ 8-ը՝ կարճատև հանգստի համար նախատեսված առանց ծառայությունների լողափեր:
11 հանրային լողափերից 7-ը ստեղծվել են ՀՀ կառավարության 28.04.2011թ. թիվ 527-Ն և 07.06.2012թ. թիվ 752-Ն որոշումներով, իսկ 4-ը առանձնացվել են «Սևան» ԱՊ-ի կողմից:
2014, 2015 թվականների «Սևան» ԱՊ-ի ռեկրացիոն գոտում գործող հանրային լողափերի մեր կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լողափերն աշխատել են մեծ ծանրաբեռնվածությամբ: 2016թ. լողաշրջանի ընթացքում հանրային լողափերից օգտվել են մեծ թվով հանգստացողներ՝ 160-180 հազար մարդ:
Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել ծառայությունների մատուցմամբ ևս 1 հանրային լողափ:
Այս նպատակը իրագործելու համար ՀՀ կառավարության կողմից <<Սևան>> ԱՊ-ի ռեկրացիոն գոտու՝ Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից առանձնացվել է 9 հա հողամաս: Լողափի կառուցապատման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Առկա է նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության փորձաքննության դրական եզրակացությունը:
ՀՀ բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու /50 մլն. դրամ/ ՀՀ կառավարության 2015թ. դեկտեմբերի 24-ի N1555-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը:
Կառուցապատման ընթացքում նախատեսվում են նաև ֆինանսավորման այլ աղբյուրներ՝ «Սևան» ԱՊ-ի, Ծովագյուղ համայնքի կողմից և այլն: