Շահումյան Ստեփան Գևորգի (կուսակցական ծածկանունները՝ Սուրեն, Սուրենին, Այաքս և այլն) (հոկտեմբերի 13, հոկտեմբերի 1, 1878, Թիֆլիս – սեպտեմբերի 20, 1918, Անդրկասպյան ավազուտներ՝ Պերևալ և Ախչակույմա երկաթուղային կայարանների միջև), կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման ականավոր գործիչ, մարքսիստ տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս։ Եղել է Կոմունիստական կուսակցության անդամ 1898 թվականից։
Ուսում
Ստեփան Շահումյանը ծնվել է աշխատավորի ընտանիքում։ 1889-1898 թվականներին ուսանել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում։ Ընդգրկվել է աշակերտական ընդհատակյա խմբակների մեջ, ստեղծել ու ղեկավարել «Ծիածան» երիտասարդական բազմաճյուղ կազմակերպությունը, հաղորդակցվել սոցիալ-դեմոկրատական շարժմանը և մտել ՌՍԴԲԿ-ի մեջ։ 1898 թվականի ամռանը մեկնել է Պետերբուրգ և հեղափոխական աշխատանք տարել այնտեղ, իսկ աշնանը ընդունվել Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական բաժինը, սովորել մինչև 1899 թվականի ապրիլը։
Կուսակցական աշխատանք
Նյութական ծանր դրության պատճառով թողել է ուսումը և վերադարձել Թիֆլիս, աշխատել «Նովոյե օբոզրենիյե» (ռուս.՝ «Новое Обозрение») թերթում որպես սրբագրիչ։ 1899 թվականի ամռանը Ջալալօղլիում (Ստեփանավան) ստեղծել է առաջին մարքսիստական խմբակը Հայաստանում։ 1900 թվականի օգոստոսին կրկին ընդունվել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտը, ուր ուսմանը զուգընթաց ուսումնասիրել է անլեգալ մարքսիստական գրականություն, սերտ կապեր հաստատել տեղի սոցիալ-դեմոկրատների հետ, մասնակցել հեղափոխական ելույթներին։ 1901 թվականիի սկզբներին Շահումյանը, իբրև լենինյան իսկրայական, հայ առաջադեմ ուսանողների հետ ստեղծել է «Թեորետիկ» մարքսիստական խմբակը և դարձել Ռիգայի ուսանողների հեղափոխական ելույթների կազմակերպիչներից, ակտիվորեն մասնակցել ուսանողների համառուսաստանյան համագումարին (1902 թվականի փետրվար), նրա փաստաթղթերի մշակմանը։ Հեղափոխական գործունեության համար 1902 թվականի մարտին Շահումյանը հեռացվել է ինստիտուտից և արտաքսվել Անդրկովկաս։ Թիֆլիսում շարունակում է հեղափոխական գործունեությունը։ ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի կազմում մասնակցել է բանվորների մայիսմեկյան ցույցի կազմակերպմանը։ Մայիսի 19-ին Ղազարոս Աղայանի գրական ու մանկավարժական գործունեության 40-ամյակի առթիվ հրապարակորեն հանդես է եկել քաղաքական ծրագրային ելույթով, որտեղ տիրող կարգերի դեմ վճռական պայքարի կոչ է արել։ 1902 թվականի ամռանը Շահումյանի ղեկավարությամբ ստեղծվել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը», որպես ՌՍԴԲԿ բաղկացուցիչ մաս, որը հոկտեմբերին հրատարակել է իր օրգան «Պրոլետարիատ»-ը՝ լենինյան իսկրայական ուղղության առաջին հայերեն թերթը։ Այն բացվում է Շահումյանի գրած «Հայ սոցիալ-դեմոկրատների միության մանիֆեստ»-ով, որն արժանացել է Վ. Ի. Լենինի բարձր գնահատականին։ 1902 թվականի աշնանը մեկնել է արտասահման և նոյեմբերին ընդունվել Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի պետական իրավունքի բաժինը։ Ուսմանը զուգընթաց Շահումյանը աշխատել է ՌՍԴԲԿ արտասահմանայն խմբակներում, մասնակցել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցության ձախ թևի գործունեությանը, ծանոթացել Կ. Կաուցկու, Ա. Բեբելի, Ֆ. Մերինգի, Կ. Լիբկնեխտի, Ռ. Լյուքսեմբուրգի և ուրիշների հետ։ 1903 թվականի գարնանը Շվեյցարիայում առաջին անգամ հանդիպել է Վ. Ի. Լենինին, և նրանց միջև այնուհետ հաստատվել է անխզելի կապ։ Շահումյանը դարձել է Լենինի զինակիցն ու բարեկամը, հանդես եկել որպես պրոֆեսիոնալ հեղափոխական և կարևոր դեր կատարել բոլշևիկյան կուսակցության կառուցման ու ամրապնդման գործում։ Լենինի հանձնարարությամբ 1904 թվականին Ժնևում գլխավորել է ՌՍԴԲԿ Կենտկոմի հրատարակությանը կից հայերեն ու վրացերեն մարքսիստական գրականություն հրատարակող հանձնաժողովի աշխատանքները, հայերեն թարգմանել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ» և այլ երկեր։ Լայն աշխատանք է տարել Եվրոպայի հայ ուսանողության մեջ և ղեկավարել նրա հեղափոխական մասի գործունեությունը, մերկացրել նացիոնալիստներին։