Հարց քաղաքացիներից` ինչ կարող է անել բանկը, եթե քաղաքացին ուշացումներով է կատարում բնակարանի վարկի վճարումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր բնակարանը գրավադրվել է 2015թ. մայիսին: Այդ ընթացքում ունեցել եմ մշտական աշխատանք եւ եկամուտ, հետեւաբար նորմալ եւ ժամանակին կատարել եմ վարկային իմ բոլոր պարտավորությունները: Սակայն հիմա աշխատանքից ազատել են ինձ, եւ ես չունեմ եկամտի ոչ մի աղբյուր: Հաճախ ուշացումներով եմ կատարում ամսական վճարները: Խնդրում եմ ասեք՝ բանկը ի՞նչ կարող է անել իմ բնակարանի հետ, եթե շարունակեմ նման ուշացումներով վճարումներ կատարել: Նշեմ, որ բնակարանում ապրում եմ ես, հայրս (1-ին կարգի հաշմանդամ), մայրս (3-րդ կարգի հաշմանդամ), կինս եւ անչափահաս երեխաս: Ի դեպ, նրանցից ոչ մեկ չի աշխատում: Ուզում եմ նաեւ հասկանալ՝ հնարավոր է՝ բանկը ցուցաբերի անհատական մոտեցում. օրինակ՝ ամսական տոկոսադրույքները նվազեցնի կամ վարկի ժամկետը երկարաձգի, որի արդյունքում նվազեն ամսական մարման տոկոսադրույքները:

Հարություն Ֆեռոյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վարկառուի վարկային պարտավորությունների չկատարման դեպքում գրավադրված գույքի իրացման միջոցով պարտքի մարումը իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, վարկային պայմանագրի եւ գույքի գրավադրման պայմանագրի:
Ընդ որում, գրավատուի գույքը կարող է իրացվել ինչպես դատական, այնպես էլ արդարադատական կարգով, եթե վերջինս սահմանված է պայմանագրով:
Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք վարկառու կազմակերպությունը կարող է ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուի նկատմամբ, նշենք, որ վարկառու կազմակերպությունների եւ վերջիններիս հաճախորդների հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ, իսկ պայմանագրով նախատեսված պայմանների փոփոխություն կարող է իրականացվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Ուստի վարկառուն կարող է վերոնշյալ խնդրանքով դիմել իրեն վարկ տրամադրած կազմակերպությանը:
Նշենք նաեւ, որ գրավի, դրա բռնագանձման եւ իրացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն նկարագրվում է գրավատուի եւ գրավառուի միջեւ կնքված պայմանագրով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր վարկային կազմակերպություն աշխատում է անհատական սկզբունքներով: Մնում է հուսալ, որ խմբագրություն դիմած քաղաքացուն վարկ տրավադրած կազմակերպությունը կընդառաջի:

 




Լրահոս