ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարգով է տեղի ունենում սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը:
Սուսաննա Գեւորգյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն են ներկայացնում անձամբ կամ այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Որպես կանոն, նրանք պետք է ներկայացնեն դիմում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի անունով, նախարարության կողմից տրամադրված է լրացված դիմում-հարցաթերթիկը, անձնագրի բոլոր էջերի պատճենները, ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ, կամ մկրտության վկայական, միջնակարգ ընդհանուր կրթության վկայականի պատճենը` հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ, 3×4 չափսի 4 լուսանկար: Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողները պետք է ներկայացնեն նաեւ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ:
Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այլ երկրներից, որտեղ չեն գործում ՀՀ դեսպանություններ կամ ներկայացուցչություններ, փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ անհատական կարգով: Ի դեպ, փաստաթղթերը եւ ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով: