ՄԵԿ ՏԱՐԻ ՅՈԹ ԱՄԻՍ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանը երեկ, ի վերջո, ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը: Այսպիսով, Կարեն Կարապետյանը Հայաստանի 14-րդ վարչապետն է: Ընդամենը յոթ ամիս անց՝ 2017 թվականի ապրիլի 2-ին, Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ: Նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո կառավարությունը մեխանիկորեն արձակվում է, եւ նորընտիր խորհրդարանը ձեւավորում է իր կառավարությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը: Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Կարեն Կարապետյանն այլեւս չի կարողանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնել, քանի որ կսկսի գործել նոր Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ վարչապետը պատգամավորների պես վերջին չորս տարում պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում եւ լինի միայն ՀՀ քաղաքացի: Մյուս կողմից, ակնհայտ է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կցանկանա ինքը լինել վարչապետ՝ երկրի գլուխը: Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ աշխատելու «պայմանագրի» գործողության ժամկետը լինելու է մեկ տարի յոթ ամիս:

 

 
ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվում, որ Սարի թաղում հուլիսի 29 լույս 30-ի գիշերը լրագրողների վրա տեղի ունեցած հարձակման կատարողները չնայած հայտնի են, բայց նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվում: Մասնավորապես, խոսքը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանի (մականունը Նասկի) քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանի, Տիգրան Մելոյանի եւ մյուսների մասին է: «Սարի թաղի փաստով քրեական գործ հարուցված է, եւ այդ քրեական գործով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն»,-պատասխանեց Դավթյանը: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ մեկուկես ամիս անց ՀՔԾ-ն որոշել է Սարի թաղում տուժած լրագրողների վնասվածքների բնույթը պարզելու նպատակով դատաբժշկական փորձաքննություններ նշանակել:

 

 
Այս տարվա ութ ամիսների արդյունքներով ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 22 հազար 200 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած վիճակագրական տվյալներից: Ըստ այդմ, այս տարվա ութ ամիսների արդյունքներով Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 671 հազար 637 մարդ, իսկ ժամանել է 650 հազար 147 ուղեւոր: «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 3 հազար 915, իսկ ժամանել է 3 հազար 150 ուղեւոր: Հատկանշական է այն փաստը, որ ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, որի ուղեւորաշրջանառությունն այս տարվա ութ ամիսների արդյունքներով անցած տարվա հետ համեմատ աճել է ավելի քան 53 հազարով, «Շիրակի» ցուցանիշները կտրուկ նվազել են: Անցած տարվա ութ ամիսների արդյունքներով «Շիրակ» օդանավակայանը սպասարկել է մոտ 24 հազար ուղեւորի, այս տարի այդ ցուցանիշը ընդամենը 7 հազար է եղել:

 

 
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վոլոդյա Բադալյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում իր խնամու՝ Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին լուրերը: «Ես մի բան գիտեմ՝ շփվելով իր հետ, ինքը ասում է հետեւյալը, ես իմ տասը տարիները աշխատել եմ, թե՛ լավ, թե՛ վատ, արել եմ ամեն ինչ, ես հիմա պատրաստ եմ օգտակար լինել իմ խորհուրդներով, իմ փորձը տամ նրանց, ովքեր կցանկանան դրանցով առաջ գնալ, պատրաստ եմ: Բայց որպես իր թեկնածությունը… ինքը մտածելու… ես չեմ մտածում, չեմ տեսնում»: Այլ կերպ ասած՝ ոչ այն է՝ հաստատ չի վերադառնում, ոչ այն է՝ վերադառնում է: Ի դեպ, ըստ Վոլոդյա Բադալյանի՝ վերջին անգամ ինքը Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է մոտ քսան օր առաջ: Պարզվում է՝ խնամիներով միասին են անցկացրել արձակուրդը: «Մի ամիս միասին էինք, ընդհանրապես խոսում էինք երկրի, վաղվա օրվա մասին, ոչ կադրային, այլ ընդհանուր, ոնց որ բոլորը»,- պարզաբանեց Բադալյանը:

 

 

 
ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ
ԱԺ 6 խմբակցություններից 5-ը, բացառությամբ «Ժառանգության», երեկ ստորագրեց ԸՕ օրինականության վերահսկման մեխանիզմների շուրջ նոր համաձայնագիր: Նախորդը, հիշեցնենք, ստորագրվեց հունիսի 16-ին, դրա հիման վրա հունիսի 30-ին ընդունվեց ԸՕ փոփոխությունների մասին նոր օրինագիծ, որը, սակայն, չեղարկվեց սահմանված վերջնաժամկետից՝ սեպտեմբերի 1-ից մի քանի օր առաջ՝ տեխնիկապես անիրագործելիության պատճառաբանությամբ: Անցած տասնօրյակում ծավալված քննարկումների արդյունքում իշխանություն-ԱԺ ընդդիմադիր խմբակցություններ ձեւաչափով ստորագրված նոր համաձայնագիրն իր մեջ ներառում է այն հիմնական պահանջը, որը ընդդիմությունը եւ քաղհասարակությունը ներկայացրել էին դեռեւս մարտին՝ 4+4+4 ձեւաչափի շրջանակներում առաջադրված իրենց 5 հիմնական կետերում. խոսքը ստորագրված ընտրացուցակների հրապարակման մասին է: Չնայած դրան՝ երեկվա համաձայնագրին այդպես էլ չմիացան քաղհասարակության ներկայացուցիչները՝ հայտարարելով, թե իրենք իրենց իրավունք չեն վերապահում հանդես գալ որպես կողմ եւ ներկայացնել ողջ քաղաքացիական հասարակության տեսակետը: Միեւնույն ժամանակ այնպես, ինչպես եւ նախորդ անգամ քաղհասարակության ներկայացուցիչները ստորագրված համաձայնագիրը որակեցին իբրեւ դրական քայլ, իսկ դրանով սահմանվող փոփոխություններն էլ՝ կարեւոր առաջընթաց:
Թե որն է քաղհասարակության կողմից իրենց ապահովագրելու այս գործելաոճի պատճառը, թերեւս դժվար չէ հասկանալ: Իրականում նրանք վստահ չեն, որ ամենագեղեցիկ ձեւակերպումներով այդ համաձայնագրի տակ ստորագրելով՝ առաջիկայում չեն կանգնի փաստի առջեւ, երբ իշխանությունն ընդդիմադիր որոշ ուժերի հետ համաձայնության գալով՝ հերթական անգամ կկեղծի ընտրությունները, իսկ քաղհասարակության դժգոհությանն ի պատասխան՝ կասվի՝ արդյոք սա ձեր ստորագրությունը չէ համաձայնագրի տակ: Նկատենք, սակայն, որ քաղհասարակության կողմից կատարվելիք փոփոխություններին համաձայնության հղումն արդեն իսկ արվել է: Մասնավորապես երեկ ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք բանակցված այդ համաձայնագիրը չէին ստորագրում՝ սպասելով քաղհասարակության համաձայնությանը. «Այդ համաձայնագրի սպասարկման համար անհրաժեշտ 9 մլն դոլարն ամբողջությամբ հայթայթված է: Միակ բանը, որին սպասում էինք՝ քաղաքացիական հասարակության ռեակցիան էր ստորագրված փաստաթղթին: Նրանք հավանություն են տվել այդ համաձայնությանը… Քանի որ արդեն ունենք քաղաքացիական հասարակության հավանությունը եւ համաձայնությունը, ես առաջարկում եմ՝ որքան հնարավոր է արագ նախաձեռնել այս համաձայնագրի վերջնական ստորագրումը»:
Այնպես որ, եթե քաղհասարակությունը չի ցանկանում ստանձնել պատասխանատվությունն այս գործընթացի համար, հարկ է, որ առավել հստակ կերպով իրեն սահմանազատի: Ընդդիմադիր ուժերը, ինչպես տեսնում ենք, վաղուց արդեն իրենց չեն սահմանազատում իշխանական խաղի կանոններից:




Լրահոս