ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՆԱՄԻՆ` ՆՐԱ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ: Հիշեցնենք, որ Կարապետյանը տեւական ժամանակ համարվում էր ՀՀ երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի մերձավորներից: «Ժողովուրդ»-ը Կարեն Կարապետյանի նշանակման եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի հետ:

-Պարո՛ն Բադալյան, ինչո՞ւ Կարեն Կարապետյանը, ուրիշ թեկնածու չկա՞ր:
-Ուրիշ մարդու խնդիրը չէ, խնդիրը նրա մեջ է, որ ինքը աշխատող է, քաղաքապետ է եղել, քաղաքապետ աշխատած ժամանակ ես էլ տեսա, բոլորս էլ զգացինք, որ որոշակի, շատ առաջընթաց գործեր կատարվեց: Այսօր մեր երկրի համար, որպեսզի նորմալ առաջընթաց ունենա, պետք է տնտեսության զարգացում, տնտեսությունը ներդրումներ ունենա, որպեսզի մեր երկրում ինվեստիցիաներ լինեն, որ այսօր կարողանա աշխատատեղ ստեղծի, եւ մարդիկ աշխատեն: Հնարավորություն լինի՝ տեղում աշխատեն, չթողնեն երկիրը, հեռանան: Կարեն Կարապետյանի մոտ այդ տվյալները կան, որը դրսում լինելով՝ իր շրջապատով, իր վստահությամբ, հնարավոր է, որ որոշակի ներդրումային ծրագրեր իրականացվեն:
-Իսկ եթե նա նորից «նեղանա» ու գնա ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի՞:
-Չէ՛, գիտեք՝ խնդիրն ինչն է, լավ հարց տվեցիք: Կային հարցեր, որոնք ինքը ոչ թե շատ լավ պաշտոնի համար, այլ այդ պահին քաղաքում կային հարցեր, որ ինքը ուզում էր անել եւ չէր ստացվում, ոչ թե չէր ստացվում, այլ որոշակի խոչընդոտներ ուներ:
-Միգուցե չէին թողնում:
-Դե՛, հիմա ես չեմ կարող ավելի մանրամասն ասել, խորը չգիտեմ, բայց ինձ հասած տեղեկություններով, դա էր: Իսկ որ նրա հնարավորությունները մեծ են, կարողությունները մեծ են, փորձը մեծ է, փաստ է:
-Իսկ արդյո՞ք դա բավարար է՝ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:
-Դե՛, հիմա, կապրենք, կտեսնենք: Դուք հիմա հարց եք տալիս՝ կարո՞ղ է, թե՞ ոչ, ես ինքս կարող եմ մտածել իմ մասին՝ մի բան կարող եմ անել, թե չէ: Օրինակ՝ շատ առաջարկություններ են եղել ինձ ինչ-որ պաշտոնների, բանի, ես մտածել եմ՝ տակը չմտնեմ, որովհետեւ բարդություն կարող է լինել:
-Մեր երկրում աղքատությունը, ըստ պաշտոնական տվյալների, հասնում է 35 տոկոսի, ի՞նչ պետք է անի նոր վարչապետն այդ ցուցանիշը նվազեցնելու համար:
-Դե՛, գիտեք ինչ, կան խնդիրներ, օրենսդրական դաշտը այսօր բավականին օգնելու խնդիրներ ունի, որ տնտեսությունը զարգանա: Մի քանի նոր օրենքներ, որը կթեթեւացնի տնտեսվարողների բեռը, հոգսը, փոքր ու միջին բիզնեսը պետք է զարգանա: Այսօր խոշոր բիզնեսը պետք է տրոհել, մանրացնել, եւ բոլորը աշխատատեղ կունենան, սա ճիշտ ուղղություն է: Տեսեք, օրինակ, նայում եմ թերթերը, Լեհաստանում, այլ երկրներում որոշել են խոշորագույն տնտեսությունները որոշակի տրոհեն, մանրացնեն, որ փոքր ու միջին բիզնեսը զարգանա: Այն երկիրն է ամրապնդված ու ուժեղ, որտեղ կա փոքր ու միջին բիզնես, որտեղ օգտվում են մեծ խավերի շատ մարդիկ, իսկ խոշոր բիզնեսից օգտվողները մի քանիսն են:
-Հայաստանում դա նոր վարչապետին կհաջողվի՞ անել:
-Գիտեք՝ ինքը այդ փորձը ունի, ինքը դա տեսել է:
-Իսկ պետական պա՞րտքը, այն հասնում է 5 միլիարդ դոլարի, ինչպե՞ս է այն նվազեցնելու:
-Երբ որ լավ աշխատեն, պարտքն էլ կմարվի, ես վստահ եմ Կարեն Կարապետյանի ուժերի վրա, ձեւի համար չեմ ասում, ինքն ասած խոսքի տերն է, ասած խոսքն անելու է:
-Իսկ արտագա՞ղթը, ի՞նչ պետք է անի՝ այն կանխելու համար:
-Հիմա, դե՛, շուտ է այդ ամեն ինչը, միանգամից դա կախարդական փայտիկ չի, որ ինչ-որ մեկը եկավ խփեց ու ամեն ինչ…: Մենք էլ բոլորս իր հետ միասին օգնենք, որ նորմալ լինի, դա մեր երկրի երեխեքի համար է, որ մեր երեխեքը մեր հողից, ջրից չհեռանան, սերունդը մնա մեր երկրում, էն լավ սերունդը, որ ուսում է ստացել, եթե տեսնում է՝ գործ չկա էստեղ, թողնում, հեռանում է: Իսկ այդ կարգի մարդկանց համախմբելը Կարեն Կարապետյանը ի վիճակի է անել:
-Շատ է խոսվում Ձեր խնամու՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, հիմա նա ակտիվ քաղաքականություն վերադառնո՞ւմ է, թե՞ ոչ:
-Գիտեի, որ այդ հարցը պետք է տայիք: Ես մի բան գիտեմ՝ շփվելով իր հետ, ինքը ասում է հետեւյալը, ես իմ տասը տարիները աշխատել եմ, թե՛ լավ, թե՛ վատ, արել եմ ամեն ինչ, ես հիմա պատրաստ եմ օգտակար լինել իմ խորհուրդներով, իմ փորձը տամ նրանց, ովքեր կցանկանան դրանցով առաջ գնալ, պատրաստ եմ: Բայց որպես իր թեկնածությունը… ինքը մտածելու… ես չեմ մտածում, չեմ տեսնում:
-Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել:
-Դե՛, վերջին անգամ գնացել էի արձակուրդ, արդեն շուրջ մի 20 օր առաջ, մի ամիս միասին էինք, ընդհանրապես խոսում էինք երկրի, վաղվա օրվա մասին, ոչ կադրային, այլ ընդհանուր, ոնց որ բոլորը:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

ԴԱՏԱԽԱԶԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ՝ ՔՐԵԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի հետ կապված մեղադրանք առաջադրեց եւս մեկ անձի: Նկատենք, որ մինչ օրս մեղադրյալի կարգավիճակում հայտնված անձինք հասարակ քաղաքացիներ են, իսկ, ահա, «խոշոր ձկները» դեռեւս մնում են ստվերում:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում խոչընդոտել է տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը: Իսկ թե ով է Ա.Կ.-ն, նախաքննություն իրականացնող մարմինը չի գաղտնազերծում: Հիշեցնենք, որ նույն քրեական գործով 4 անձի վերաբերյալ նախաքննությունը ավարտվել է, եւ գործն առաջիկայում կուղարկվի դատարան:
Այսպիսով, ինչպես ցույց են տալիս զարգացումները, աղմկահարույց իրադարձությունից անցել է մեկ ամսից ավել, սակայն մինչ օրս օդում կախված է մնում ամենագլխավոր հարցը. ինչո՞ւ են իրավապահները քավության նոխազ դարձնում «մանր ձկներին»: Ինչպես հայտնի է՝ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնություններ կիրառելու հետ կապված հրապարակվեցին աղմկալի լուսանկարներ, թե ինչպես էին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, Տիգրան Մելոյանը եւ մյուս՝ թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը ակտիվորեն ներգրավված: Թե ինչու են իրավապահ համակարգի ուշադրությունից շարունակում դուրս մնալ այս գործընթացի «խոշոր ձկները», «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանից:
-Պարո՛ն Դավթյան, երբ են պատժվելու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, թիկնազորի անդամ Գագիկ Զոհրաբյանը, քրեական հեղինակություն Սարգիս Հախանումյանի՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, Տիգրան Մելոյանը եւ մյուս թիկնապահ հիշեցնող կերպարներն ու քրեական տարրերը, որոնք ակտիվորեն ներգրավված էին Սարի թաղի դեպքերում:
-Սարի թաղի փաստով քրեական գործ հարուցված է եւ այդ քրեական գործով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն:
-Ինչպե՞ս է բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացվում, երբ մինչ օրս կոնկրետ հրապարակված անձանց մասով որեւէ տեղաշարժ չկա:
-Ով մեղավոր է լինելու, ում դեպքում մեզ հաջողվելու է հիմնավորել մեղքը, նա ենթարկվելու է պատասխանատվության:
Մեր հարցին, թե ինչն է խանգարում հիմնավորել կոնկրետ վերը նշված անձանց մեղքը, երբ կան բազմաթիվ փաստեր՝ գլխավոր դատախազի թեկնածուն խուսափեց պատասխանել՝ շտապելով մտնել Հանրապետական խմբակցության ղեկավարի աշխատասենյակ:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ՀԾԿՀ-Ի ԳՆՈՒՄՆԵՐԸ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը Հայաստանի համար այս սոցիալ-տնտեսական դժվարին պայմաններում շարունակում է շքեղության վրա գումարներ վատնել: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը օգոստոսի 2-ին պայմանագիր է կնքել «Վեգա Ուորլդ» ընկերության հետ եւ գնել է էլեկտրատեխնիկա՝ սառնարաններ, լվացող փոշեկուլ, հեռուստացույցներ: Արդյունքում ՀԾԿՀ-ն պետական միջոցներից ծախսել է մոտ 800 հազար դրամ:

 

 

ՏՆՕՐԵՆ ՉԿԱ ՈՒ ՉԿԱ
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 3 դպրոցը տնօրեն չունի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա օգոստոսի 23-ից Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ՝ նշված դպրոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Արթուր Մնացականյանը: Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հուլիսի 19-ին անցկացված մրցույթի արդյունքները չեղյալ են համարվել, քանի որ հայտարարությունը «Կրթություն» թերթում չի տպագրվել: Արդյունքում Սյունիքի մարզպետը դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնին՝ խորհրդին առաջարկել է օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել եւ անցկացնել տնօրենի ընտրության նոր մրցույթ: Ի դեպ, նախկին տնօրենը՝ Էդուարդ Բեգլարյանը, որը թոշակի տարիքը՝ 65-ամյակը լրանալու պատճառով է պաշտոնից ազատվել, շարունակում է նույն դպրոցում աշխատել որպես մաթեմատիկայի ուսուցիչ:

 

 

ԴԱՀԿ-Ն ԽՈՂՈՎԱԿ Է ՎԱՃԱՌՈՒՄ
ՀՀ արդարդատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, բացի բնակարան, ոսկյա զարդեր, շինանյութ, հողամաս աճուրդի հանելուց, զբաղվում է նաեւ պողպատյա խողովակների վաճառքով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԴԱՀԿ-ն աճուրդի է հանել պողպատյա եռաբաշխիչ նոր խողովակներ: Դրանք 50 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով: Դրանց արժեքը կազմում է ավելի քան 1.5 մլն դրամ: Ըստ ԴԱՀԿ-ի՝ դրանք չժանգոտվող խողովակներ են եւ նախատեսված են ջրագծերի միացման եւ բաշխման ֆունկցիայի կատարման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս խողովակները գտնվում են Արմավիրի մարզում, որտեղ բազմաթիվ գյուղեր ունեն ջրագծի խնդիր:




Լրահոս