ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին` ժամը 15-ի սահմաններում, ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին պատկանող «Գյումրի» գարեջրի գործարանի տարածքում տեղի է  ունեցել սպանություն: Դանակահարվել  են  2 երիտասարդներ: Ժամը 15.00-ին Գյումրու Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից ոստիկանության Գյումրու բաժնում ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել երկու երիտասարդներ, որտեղ նրանցից մեկը` 29-ամյա Արթուր Առաքելյանը, ստացած վնասվածքներից մահացել է: Դանակը դիպչել է նրա սրտին: Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի բժիշկ Ռաֆիկ Տիտիրյանի հավաստմամբ` երիտասարդը մահացել է հիվանդանոց հասնելու ճանապարհին:  Դանակահարված մյուս երիտասարդը` 30-ամյա Վարդան Ասատրյանը, վիրահատվել է Գյումրիում եւ երեք ժամ անց տեղափոխվել  Երեւան: Վիրաբույժ Ռաֆիկ Տիտիրյանի տեղեկացմամբ` վիրավոր երիտասարդի կենսական նշանակության օրգանները չեն վնասվել: Նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նշենք, որ երիտասարդները Գյումրիից չեն, նրանք Էջմիածնի շրջակա գյուղերից մեկի բնակիչներ են: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն` դանակահարված Արթուր Առաքելյանը եւ Վարդան Ասատրյանը Սամվել Բալասանյանի որդու`  Միսաք Բալասանյանի թիկնապահներն են: Միջադեպի պատճառը,  նախնական տեղեկությունների համաձայն, հետեւյալն է. «Գյումրի»  գարեջրի գործարանի բանվոր Արմեն Սահակյանը գողություն  է կատարել  նույն գործարանից, ինչի համար նրան հեռացրել են աշխատանքից (երեւի շատ կոպիտ ձեւով): Վիրավորված աշխատակիցը մեկ օր անց  երեք  հոգու հետ եկել է գործարան? պարզաբանումներ ստանալու եւ «Գյումրի» գործարանի ղեկավար Միսաք Բալասանյանի հետ զրուցելու նպատակով: Սակայն Բալասանյանը հրաժարվել է  նրան ընդունել, իսկ թիկնապահներն էլ  արգելել  են շենք մտնել  եւ տարածքից դուրս են հրավիրել գողության մեջ մեղադրվող բանվորին: Տաք վիճաբանությունը շարունակվել է դրսում` գործարանի մուտքի մոտ: Լեզվակռիվը վերածվել է քաշքշուկի: Արդյունքում գործարանի նախկին աշխատակիցը դանակով հարվածներ է հասցրել թիկնապահներ  Արթուր Առաքելյանին  եւ Վարդան Ասատրյանին: Համաձայն ոստիկանության տարածած տեղեկատվության` Արմեն Սահակյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով  ձերբակալվել է, իսկ վիճաբանության մասնակիցներից Արման Սիրեկանյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Ձեռնարկվում են միջոցառումներ` վիճաբանության մյուս մասնակիցներին հայտնաբերելու եւ սպանությունը կատարողի անձը պարզելու ուղղությամբ: Քննությունը վարում է Շիրակի մարզի քննչական բաժինը:Միջադեպի կապակցությամբ առայժմ պարզաբանումներ չեն հնչել «Գյումրի» գարեջրի գործարանի սեփականատերերից` հայր եւ որդի Բալասանյաններից: Միսաք Բալասանյանի հեռախոսն անհասանելի է, իսկ հայրը գերադասում է չպատասխանել զանգերին:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԳյումրի




Լրահոս