ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Հայաստանի քաղաքական կյանքում քննարկվող հիմնական թեմաներից մեկն այն է, թե ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումով կառավարման համակարգում ինչ փոփոխություններ են տեղի ունենալու:

Այս հարցի պատասխանը ստանալու համար նախ անհրաժեշտ է հստակ գնահատել, թե Հայաստանի կառավարման համակարգն ինչպես էր գործում Հովիկ Աբրահամյանի՝ որպես ՀՀ վարչապետ պաշտոնավարելիս: Ի սկզբանե, երբ 2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, նրա մերձավորները մասնավոր զրույցներում ասում էին, որ Սերժ Սարգսյանը թույլատրել է կառավարությունը սեփական ցանկությամբ ձեւավորել, իհարկե, մի քանի վերապահումներով, որոնք վերաբերել են արտաքին քաղաքականության եւ ուժային ոլորտներին: Արդյունքում, Հովիկ Աբրահամյանը որքանով կարող էր՝ իր համար ցանկալի կառավարություն ձեւավորեց՝ իհարկե, հնարավորություն չունենալով բոլոր կադրերին անձամբ ընտրել: Սակայն այդ փաստը դեռ չի նշանակում, որ նա ինքն էր որոշում, թե իր ղեկավարած կառավարությունն ինչ քաղաքականություն պետք է իրականացնի: Ներկա եւ նախկին պաշտոնյաները փաստում են, որ ինչպես Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման տարիներին, այնպես էլ դրանից առաջ ՀՀ կառավարության անդամները ընդամենը կատարողի գործառույթներ են իրականացրել: Բոլոր քաղաքական որոշումները կայացվել են նախագահական նստավայրում: Այսինքն՝ քաղաքական որոշումներ կայացնողները եւ դրանց կատարման համար պատասխանատուները տարբեր մարդիկ են եղել: Նույնիսկ անձամբ Հովիկ Աբրահամյանն առանցքային խնդիրների հետ կապված որոշումներ կայացնելիս ընդամենը դիտորդի դերում է եղել: Իշխանական համակարգում տիրող իրավիճակի մասին տեղեկացված ցանկացած անձի հայտնի է վերը բերված իրողության մասին:
Ըստ լուրերի՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ վարչապետի պաշտոնում նա ոչ միայն սեփական կադրերն ընտրելու ազատություն կունենա, այլեւ ինքը կորոշի, թե գործադիր մարմինն ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացնի: Մի կողմից՝ նման մոտեցումն անհրաժեշտ է, որպեսզի նա Հայաստանի տնտեսությունում ստեղծված ծանր կացությունը կարողանա ինչ-որ կերպ շտկել: Մյուս կողմից՝ նման մոտեցումը Սերժ Սարգսյանի համար եւս ձեռնտու է: Եթե Կարեն Կարապետյանին հաջողվի գոնե Հայաստանի տնտեսության անկումը կանգնեցնել, ապա նա կհայտարարի, որ դա իրենց՝ ՀՀԿ-ի շնորհիվ է: Եթե Կարեն Կարապետյանի կառավարությունն արժանանա նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորածի ճակատագրին, ապա Սերժ Սարգսյանը կատարվածի մեղավորությունը, թեկուզ լռելյայն, կբարդի նրա վրա:
Հայաստանի կառավարման համակարգի սպասվող փոփոխություններով են բացատրվում նաեւ այն լուրերը, ըստ որոնց՝ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի թիմակիցների մի մասն արդեն հրաժարականի դիմում է ներկայացրել, մյուսներն էլ առաջիկայում ներկայացնելու են: Բանն այն է, որ Միքայել Մինասյանի թիմը հիմնականում «տեղակայված» է նախագահական նստավայրում, եւ հենց նրանք են այս տարիներին մշակել եւս Սերժ Սարգսյանին ներկայացրել քաղաքական որոշումների նախագծերը, որոնք հաստատվելուց հետո ուղարկվել են համապատասխան ատյաններին: Սակայն ներկա իրավիճակում այլեւս նրանց «ծառայությունների» կարիքը չի զգացվելու եւ նրանք փորձում են հնարավորինս շուտ նոր իրողության պայմաններում դիրքավորվել: Ավելին՝ ներկա պայմաններում՝ պետական պաշտոնները լքելուց հետո Միքայել Մինասյանի թիմը հնարավորություն կստանա ավելի կենտրոնանալ 2017 թվականի ԱԺ ընտրությունների վրա: Ակնհայտ է, որ Միքայել Մինասյանի թիմը փորձելու է իշխանական համակարգում իր դիրքերը ամրապնդելու համար հնարավորինս շատ ներկայացված լինել ապագա խորհրդարանում: Այդ դեպքում, կառավարությունում եւս նրանց կշիռը կավելանա: Ի վերջո, նրանք իրենց համար ամենակարեւոր խնդիրը լուծել են. դատաիրավական կառույցի երկու կարեւոր օղակները՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ գլխավոր դատախազությունը, փաստացի իշխանության երիտթեւի վերահսկողության տակ են:
Ուստի Կարեն Կարապետյանին առաջիկայում շատ ծանր կացություն է սպասվում: Երբ մի քանի ամսից ակնհայտ կդառնա, որ նա եւս ի վիճակի չէ Հայաստանի տնտեսությունը զարգացնել, եւ որ դրա համար ամբողջական քաղաքական փոփոխություններ են հարկավոր, Հայաստանի 14-րդ վարչապետը ստիպված կլինի կրկին վերադառնալ Ռուսաստան՝ բարձր վճարովի ինչ-որ աշխատանքի: Կարեւորը նրա կենսագրությունում նոր տող կավելանա. զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
«ՎՌԱԶ ԵՄ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արկադի Համբարձումյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչու հենց Կարեն Կարապետյանը նշանակվեց Հայաստանի վարչապետ: Սակայն նա հրաժարվեց մեր հարցին պատասխանել՝ ասելով. «Զբաղված եմ, վզառ եմ, ինչ տեսակետ պետք է հայտնեմ»: Մեր այն հարցին, թե ինչ պետք է անի Կարեն Կարապետյանը, որպեսզի պետական պարտքը 5 միլիարդ դոլարից նվազեցնի կամ աղքատության 35 տոկոսի հասնող ցուցանիշը նվազեցնի, ԱԺ պատգամավորը պատասխանեց. «Դուք Ձեզ այդ հարցը տվեք»: Կարելի է կարծել, որ մենք ենք իշխող խմբակցության անդամը եւ մենք ենք տարիներ շարունակ պետական պաշտոնի շնորհիվ միլիարդատեր դարձել:
 

ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ձերբակալվել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ղեկավար կազմի աշխատակիցներ: ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց ձերբակալության լուրը՝ ասելով, որ ձերբակալվել է ԲՈՒՀ-ի անվտանգության պետ Վանիկ Գինոսյանը: Իսկ որեւէ մանրամասնություն պարզելու մասին մեր հարցին նա պատասխանեց. «Չգիտեմ, հետաքննություն է գնում, չեմ կարող ասել»: Հիշեցնենք, որ ArmLur.am-ն 2016 թվականի հուլիսի 8-ին տեղեկացրել էր, որ ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողները բողոքել էին իրենց ԲՈՒՀ-ում առկա չարաշահումների դեմ: Նրանք մասնավորապես բողոքել էին ավարտական քննությունների արդյունքներից: Մեկ կուրսի 400 ուսանողից շուրջ 150-ն անբավարար գնահատականներ էին ստացել: Արդյոք վերը նշված ձերբակալությունը կապ ունի ուսանողների բողոքից հետո ԲՈՒՀ-ում սկսված ստուգումների հետ, առայժմ հայտնի չէ:

 

 

ՓԱՅՏԻԿԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ
ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշանակվել էր 2014 թվականի ապրիլի 13-ին: Կարեն Կարապետյանն էլ նշանակվեց սեպտեմբերի 13-ին: Հովիկ Աբրահամյանը նշանակումից հետո հայտարարեց, որ երկիրը կգրանցի աննախադեպ աճ, Կարապետյանը համեստություն արեց եւ խոստովանեց. «արագ փոփոխություններ չեն լինի»: Իրականում «դանդաղ» դրական տեղաշարժեր եւս չեն լինի: Երկու վարչապետներն էլ իրենց առաջին ելույթներում խոստովանեցին, որ կախարդական փայտիկ չունեն, հավանաբար կորցրել են: Թե՛ Հովիկ Աբրահամյանը, թե՛ Կարեն Կարապետյանը խոստացան, որ կառավարությունում կլինեն բոլոր իշխանական ուժերի ներկայացուցիչները, որ բաց են պրոֆեսոնալ մասնագետների հետ համագործակցելու համար եւ խոստացան ամեն ինչ անել՝ տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար: Իսկ թե ինչպիսին կլինի նորանշանակ վարչապետի խոստումների ճակատագիրը, կապրենք, կտեսնենք: Ի դեպ, «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատեց, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հանրությանը ներկայացավ նոր թիկնազորով, իսկ «հները», հավանաբար, Աբրահամյանի հետ գնացել են:

 

 
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾԸ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ: Վարչապետը շնորհավորել եւ բարեմաղթանքներ է հղել Ռուսաստանի իր գործընկերոջը ծննդյան օրվա առթիվ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Դ. Մեդվեդեւի անձնական ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա: ՀՀ վարչապետը կարեւորել է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների ակտիվ համագործակցությունը եւ երկկողմ առեւտրատնտեսական կապերի խորացումը: Նա նաեւ շնորհակալություն է հայտնել Մեդվեդեւին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի համար:

 

 

ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐՈՎ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Ուղերձում ասված է. «Դուք ունեք հարուստ փորձ ու գիտելիքներ, մարդկային ու մասնագիտական բարձր ունակություններ ու կարողություններ, որոնք մեծապես կօգնեն Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում Ձեր գործունեության իրականացման ճանապարհին: Վստահ եմ, որ այսուհետ էլ անմնացորդ կծառայեք հայրենիքի եւ հարազատ ժողովրդի զարգացման հայրենանվեր գործին»:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ: «Պետական եւ քաղաքական գործունեության հարուստ փորձը, դրված նպատակներին հասնելու կարողությունը՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման, Ձեզ արժանացրել է վաստակած հարգանքի հայրենակիցների շրջանում եւ արտերկրում: Անվիճելի է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում: Անկեղծորեն բարձր եմ գնահատում մեր միջեւ հաստատված փոխըմբռնումն ու վստահությունը»,-ասված է ուղերձում:

 

 

ԱՐՀԱՄԱՐՀԱԾ
«Արդեն քանի անգամ այս եւ նախորդ խորհրդարանը քննարկել է գլխավոր դատախազի թեկնածության խնդիրը: Նույն մթնոլորտում, նույն տրամաբանությամբ, նույն կանխատեսելի ելույթներով: Ես բացահայտ արհամարհանք եմ համարում խորհրդարանի հանդեպ առ այն, որ խորհրդարանը չստացավ հստակ պարզաբանում, թե ինչու հրաժարականի դիմում գրեց Գեւորգ Կոստանյանը: Ծիծաղելի պատճառաբանությունները` առողջական խնդիրների հետ կապված, եւս մեկ արհամարհանք էր խորհրդարանի հանդեպ»: Երեկ ԱԺ-ում նման կարծիք է հայտնել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

 

 

ԴՐԱՄԱՀԱՎԱՔԻ ՇՆՈՐՀԻՎ
«Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված ազատամարտիկ Մհեր Մազմանյանի ընտանիքն ունի ժամանակավոր կացարան, որը ձեռք էին բերել դրամահավաքի միջոցով հավաքված գումարով: Ինչպես ArmLur.am-ին հայտնել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը` մինչ օրս ընտանիքին պետական որեւէ օգնություն չի ցուցաբերվել. «Մենք բողոք ենք ներկայացնելու. մեզ քննչական մարմիները հայտնել էին, որ իրենք այդ խնդրով կզբաղվեն, բայց փաստացի ոչինչ չի արվել»: Հիշեցնենք, որ Մհեր Մազմանյանն ունի վեց անչափահաս երեխա, ովքեր հոր կալանավորումից հետո մնացել են առանց անհրաժեշտ խնամքի, իսկ պետությունը նման դեպքերում, ըստ օրենքի, պարտավորվում է հոգալ անչափահասների խնամքի եւ ապրուստի հարցը, որը փաստացի չի կատարվում:




Լրահոս