ԱՂԱՎՆԱՁՈՐՑԻՆԵՐԻ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՈՒՄԸ ԿՀԵՏԱՁԳՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած սահմանված վերջնաժամկետին՝ «Վեդի Ալկո» ընկերությունը դեռ չի վճարել ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներին ունեցած պարտքերը: Նշենք, որ ընկերությունը նախորդ տարի աղավնաձորցիներից մթերած խաղողի դիմաց կուտակել է 145 մլն դրամի չափով պարտք եւ ոչ մի կերպ չի կարողանում այն մարել:

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի մի քանի տասնյակ բնակիչներ այս խնդրի լուծման նպատակով տեւական ժամանակ բողոքի ակցիաներ են անցկացրել: Նույնիսկ սեպտեմբերի 1-ին աղավնաձորցիները իրենց դպրոցական երեխաներին ի նշան բողոքի չէին ուղարկել դպրոց: Հուսահատված գյուղացիների խոսքերով՝ առօրյա ծախսերը չեն կարողանում հոգալ: Իսկ եթե գումար չստանան, ապա գարնանը ստիպված են լինելու հողն անմշակ թողնել: Մինչդեռ նրանք վարկեր են վերցրել, որպեսզի այգիներ հիմնեն: Հիմա էլ գյուղացիները սպառնում են փակել Հայաստանը Իրանին կապող միջպետական ճանապարհը, եթե առաջիկա օրերին գումարը չստանան:
Այս խնդրի շուրջ օրեր առաջ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում ընկերությանը այս վիճակից հանելու եւ բնակիչների պարտքերը մարելու ուղղությամբ: Ըստ մարզպետի՝ կառավարությունը պետք է երաշխավոր փնտրեր, ում միջոցով ընկերությունը կկարողանար մարել կուտակած պարտքերը: Բանն այն է, որ «Վեդի Ալկոն» գույք չունի գրավադրելու համար, ինչի պատճառով հայաստանյան բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել: Իսկ այս գործը խոստացել էր գլուխ բերել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն վերջինս սեպտեմբերի 8-ին հրաժարական տվեց, ինչի արդյունքում աղավնաձորցիների հարցի լուծումը հետաձգվեց: Մինչդեռ անելանելի դրության մեջ հայտնված գործարարը գյուղացիներին խոստացել էր, որ պարտքը կմարի սեպտեմբերի 15-ին՝ այսօր:
Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ պատասխան է տալու նա աղավնաձորցիներին: «Պետք է գնամ եւ հանդիպեմ բնակիչների հետ ու ներողություն խնդրեմ նրանցից: Քանի որ այս հարցի լուծումը կարող է մի փոքր երկարաձգվել: Պատճառը կառավարության, վարչապետի փոփոխությունն է: Այս հարցը միայն ընկերությանը վարկային միջոցներ տրամադրելով կլուծվի: Այլ տարբերակ չկա: Միայն պետք է կառավարությունը ելք գտնի վարկ տրամադրելու ընկերությանը: Քանի որ ընկերության տնօրենը ուղղակի ի վիճակի չէ ինչ-որ բան անել: Դրա համար մենք ինքներս ենք միջնորդում: Վարկ վերցնելու ոչ մի տեսակի հնարավորություն չունի»,- նկատեց մարզպետ Սարգսյանը:
Մինչ մարզպետը հոգեբանորեն պատրաստվում է աղավնաձորցիներից ներողություն խնդրել խոստումը չկատարելու համար, այս ընթացքում Աղավնաձորի բնակիչները մի կերպ են գոյատեւում:
Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանից տեղեկացանք, որ ինքն ու մարզպետը դեռ գյուղացիներին չեն տեղեկացրել «Վեդի Ալկո»-ի՝ սեպտեմբերի 15-ին խոստացված պարտքի մարման հետաձգման մասին: Դա գյուղացիներից թաքցրել են ներքին լարվածությունը մեղմելու նպատակով: «Առայժմ չենք ասել: Ճիշտ է, ընկերության տնօրենն այս ընթացքում հանդիպել է գյուղացիների հետ, բայց անարդյունք: Նա գյուղացիների հետ հանդիպմանը միայն ասել է, որ փող չունի, հնարավորություն չունի վճարելու պարտքը»,- «Ժողովուրդ»-ին պատմեց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը:
Դեռեւս նախորդ տարվա խաղողի բերքի դիմաց վճարը չստացած աղավնաձորցիները այս տարի կրկին նույն՝ խաղողի մթերման խնդրի առաջ են կանգնել: Ըստ գյուղապետ Գալստյանի՝ նրանք նախորդ տարվա քանակության խաղող ունեն, բայց չեն կարողանում իրացնել: Ներքին շուկայում այն անհնար է վաճառել, քանի որ իրենց ունեցած խաղողը ստեղծված է միայն գինի, կոնյակ արտադրելու համար: Իսկ մթերող ընկերությունները հրաժարվում են այն մթերել, քանի որ նախորդ տարվա մթերած խաղողից արտադրած գինին, կոնյակը, օղին այս տարի դեռ չեն կարողացել իրացնել: «Մեզ մնում է միայն այլեւս խաղող չմշակել: Չգիտենք՝ վերացնե՞նք խաղողի այգիները, թե՞ ոչ»,- զրույցի ավարտին մեծ ափսոսանքով նկատեց գյուղապետը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս