ՉՈՐՍ ՏԱՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ 13,6 %-Ն «ԱՆՀԵՏԱՑԵԼ» Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տարեցտարի նվազում է հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող երեխաների թիվը, ինչի մասին վկայում են հենց պաշտոնական վիճակագրության ներկայացրած տվյալները:

Մասնավորապես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը օրերս հրապարակել է «Հայաստանի սոցիալական վիճակը 2015 թվականին» վերնագրով հաշվետվությունը, որում, ի թիվս այլ տվյալների, ներկայացված են նաեւ հանրակրթական հաստատությունների վիճակագրական ցուցանիշները: Ըստ այդմ, պարզվում է, որ 2015-2016 ուսումնական տարում Հայաստանի 1 հազար 438 դպրոցները հաճախել է 364 հազար 398 աշակերտ: Սակայն կրթահամակարգում աշակերտների համախառն ընդգրկվածության ցուցանիշը կազմել է 86,4 տոկոս: Այդ տվյալը իրենից ենթադրում է տվյալ կրթահամակարգի դասարանների աշակերտների ընդհանուր թվաքանակի տոկոսային մասնաբաժինը համեմատած մշտական բնակչության նույն կրթահամակարգի համար պաշտոնապես սահմանված տարիքային խմբի երեխաների թվի հետ: Այլ կերպ ասած՝ ըստ 2011 թվականի մարդահամարի՝ Հայաստանում առկա երեխաների թվի 13,6 տոկոսը դպրոց չի հաճախում: Այս երեւույթը երկու բացատրություն կարող է ունենալ՝ երեխաները սոցիալական պայմաններից ելնելով դպրոց չեն հաճախում կամ էլ պարզապես մարդահամարի պահին նրանք Հայաստանում են բնակվել, իսկ այս տարի՝ ԱՎԾ-ի հաշվետվությունը կազմելիս, նրանք այլեւս իրենց ընտանիքների հետ արտագաղթած են եղել:
Ի դեպ, Հայաստանի անցած ուսումնական տարվա աշակերտների թվից 229 հազար 337-ը քաղաքային բնակավայրերի բնակիչներ են, իսկ գյուղական համայնքների բնակիչ աշակերտների թիվը կազմել է ընդամենը 135 հազար 61: Նշենք նաեւ, որ Հայաստանի հանրակրթական հաստատություններում նախորդ ուսումնական տարում աշխատել է 38 հազար 690 ուսուցիչ:
Անցած ուսումնական տարում Հայաստանում գործել է 717 նախադպրոցական հաստատություն, որից 431-ը կամ 60 տոկոսը քաղաքային համայնքներում: Նախադպրոցական հաստատություններ այցելել են 72 հազար 373 երեխա, որից գյուղական բնակավայրերի ցուցանիշը կազմել է ընդամենը 15 հազար 590 երեխա: Նախադպրոցական հաստատություններում աշխատակիցների թվաքանակը կազմել է 5 հազար 971 մարդ:
Վերը բերված թվերն ուղղակի ապացույցն է այն պնդման, որ Հայաստանի գյուղական համայնքներում երիտասարդ տարիքի բնակիչների թվաքանակը տարեցտարի նվազում է, եւ որ ամենավտանգավորն այն է, այս դինամիկան դրական փոփոխություն չի կրում: Այսինքն՝ արտագաղթը եւ դրանով պայմանավորված բնակչության թվի նվազման երեւույթը վաղուց դարձել է Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգ: Հայաստանի ցանկացած կառավարություն պարտավոր է այդ գործընթացը կասեցնելու խնդիրը դարձնել իր գործունեության հիմնաքարը: Սակայն մեկ բան ակնհայտ է՝ ներկա քաղաքական իշխանության ձեւավորած եւ ոչ մի կառավարություն ի զորու չի լինելու Հայաստանի բնակչության թվաքանակի նվազման դինամիկան կանգնեցնել, քանի որ առկա իրավիճակի բոլոր պատճառների ակունքը հենց նրանք են:
Մեկ այլ ուշագրավ տվյալ եւս. ըստ պաշտոնական վիճակագրության՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի դատարանները դատապարտել են 2 հազար 844 մարդու, որոնցից 218-ը եղել են կանայք, իսկ 80-ը՝ անչափահասներ: Հարկ է նշել, որ անչափահասներից 5-ն էլ եղել են աղջիկներ: Դատապարտվածներից 1 հազար 549-ի նկատմամբ որպես պատիժ սահմանվել է տարբեր ժամկետներով ազատազրկում, իսկ 977-ի նկատմամբ դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել: Ի դեպ, դատապարտված անձանցից 1508-ը եղել են գործազուրկներ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԴԱՍԱԴՈՒԼ ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ
Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում լարված դրություն է: «Վեդի ալկո» ընկերությունը Աղավնաձորի բնակիչներից նախորդ տարի խաղող է մթերել, սակայն մինչ օրս չի մարել մթերած խաղողի դիմաց կուտակած պարտքը, որը կազմում է 145 մլն դրամ: Ընկերության տնօրեն Մանվել Ղազարյանը դեռեւս այս ամսվա սկզբին բնակիչներին խոստացել էր, որ մինչեւ սեպտեմբերի 15-ը կմարի: Մասնավորապես՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործարարին խոստացել էր, որ կմիջամտի, որպեսզի ընկերութանը վարկ տրամադրվի: Սակայն Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնից հրաժարական տալուց հետո աղավնաձորցիների պարտքը մարելու հարցը մնաց օդում կախված:
Աղավնաձորցիները երեկ կրկին բողոքի ակցիա են անցկացրել եւ պահանջել վճարել մթերած խաղողի պարտքը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ գյուղացիների հետ հանդիպմանը ներկա է գտնվել միայն Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, սակայն նրա ներկայությունը այդպես էլ չի մեղմել աղավնաձորցիների դժգոհությունը: Այսօր նրանք նույնպես բողոքի ակցիա են անցկացնելու:
Ավելին՝ նրանք մտադիր են իրենց երեխաներին դպրոց եւ մանկապարտեզ չուղարկել: ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ չի արձագանքել աղավնաձորցիների խնդրին:

 

 

ՀՈՐԵՂԲՈՐ ՈՐԴԻՆ՝ ԻՐԵՆ ՕԳՆԱԿԱՆ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը սեպտեմբերի 5-ին իրեն օգնական է նշանակել իր ազգականին՝ Խաչիկ Գյոզալյանին: Վերջինիս մարզպետի օգնականի պաշտոնին նշանակելու մասին կարգադրության մեջ նշված է, որ Գյոզալյանի աշխատավարձը հաստիքացուցակի համաձայն պետք է լինի: Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ ինքը օգնականի պաշտոնում նշանակել է իր հորեղբոր որդուն: «Ինքը տարիներ առաջ, երբ ես մարզպետ էի, իմ օգնականն էր. խելացի, կրթված եւ պրոֆեսիոնալ անձնավորութուն է»,- ասաց մարզպետը:

 

 

ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ
Այսօր ավարտվում է առաջիկա կիրակի կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քարոզարշավը: Կիրակի օրը Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Այս ընտրություններում քվեարկվելու է համայնքի ղեկավարի 408 եւ ավագանու անդամի 2 693 թեկնածու: Մասնավորապես համայնքի ղեկավար ընտրող 237 համայնքներից 125-ում քվեաթերթիկներում լինելու է մեկական թեկնածուի անուն, 72-ում` երկուական, 26-ում` երեքական, 11-ում` չորսական, 2-ում` հինգական եւ մեկ համայնքում` 7 թեկնածուի անուններ:

 

 
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք, նախնական համաձայնությամբ, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով բաց դռնից ապօրինի մուտք են գործել Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակչուհու առանձնատուն, կպչուն ժապավենով կապել նրա ձեռքերը եւ ոտքերը, որպես զենք օգտագործվող առարկայի` երկաթյա լինգի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել եւ հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր եւ դիմել փախուստի: Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նույն օրը՝ սեպտեմբերի 14-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերով: Նախաքննության ընթացքում բնակչուհին ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել:

 

 

ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին. «Կասկած չունեմ, որ արժանապատվորեն կարդարացնեք հայ ժողովրդի եւ ՀՀ իշխանությունների վստահությունն ու սպասելիքները: Հաշվի առնելով Ձեր անցած ուղին՝ մասնագիտական ու կառավարչական մեծ փորձն ու հմտությունները եւ մարդկային որակները՝ վստահ եմ, որ այս աշխատանքում եւս Ձեր ողջ ներուժն ի սպաս եք դնելու հայրենիքի զարգացման գործին»,- ասված է ուղերձում:

 

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԻՄՈՎ
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ կուսակցության նախագահ, ՀՀ նախագահին առընթեր հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, այսօր անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու փաստին, ասել է, որ փոփոխությունների հասնելու համար նա պետք է կարողանա ձեւավորել միասնական նպատակներ ունեցող կառավարություն: «Շատ խելոք ու լավ մարդ է, սակայն եթե չկարողանա միասնական նպատակներ ունեցող կառավարություն ձեւավորել, ապա չի կարողանա կատարել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանին: Այժմ նախարարները միասնական նպատակներ չունեն, տարբեր տեղերից եկած եւ միասնական մտածողություն չունեցող թիմ է հավաքված»,- ասել է նա:

 

 

ՓՈԽՆԱԿՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ
Յուրաքանչյուր տարի ՀՀ-ում 30-40 երեխա է ծնվում փոխնակ մայրության եղանակով։ Այս մասին երեկ ԱԺ-ում «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցի ներկայացման ժամանակ ասել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։ Օրենքում փոփոխություններ անելով, ըստ նրա՝ առողջապահության նախարարությունը նպաստում է, որ ավելի մեծ թվով մարդիկ իրավունք ունենան փոխնակ մոր միջոցով երեխաներ ունենալ։ «Նախագծով առաջարկվում է սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող միայնակ օտարերկրացիներին չթույլատրել օգտվել փոխնակ մոր ծառայություններից ՀՀ-ում։ Փոխնակ մայր չի կարող լինել նախկինում երկու անգամ նման կարգավիճակով հանդես եկած կինը։ Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք տալ ՀՀ-ում, օրինակ՝ տուրիստական նպատակով գտնվող օտարերկրացիներին, քանի որ ներկայումս այս իրավունքից կարող են օգտվել միայն կեցության նպատակով գտնվող օտարերկրացիներ»,- նշեց Ս. Խաչատրյանը։

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑ Է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ի ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 06:00-ից մինչեւ 20:00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետեւյալ դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթեւեկությունն արգելվում է:

 

 

ՄԵՐԺԵՑԻՆ
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների իրավասության դատարանը երեկ մերժել է Պավել Մանուկյանի որդու՝ Արամ Մանուկյանի նկատմամբ գրավ կիրառելու միջնորդության որոշումը։ Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքից Արամ Մանուկյանը վիրավոր է դուրս բերվել, ենթարկվել վիրահատության։




Լրահոս