«ՀԱՅ ԼԻՆԵԼԸ ԴԺՎԱՐԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երեւան էր այցելել ֆրանսաբնակ դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը: Հայտնի երաժշտին, ով հասցրել է ճանաչում ձեռք բերել Ֆրանսիայում, համերգներով հանդես գալ ամենատարբեր երկրներում` ներկայացնելով նաեւ հայ երաժշտությունը, ով դասավանդում է Փարիզի Ազգային կոնսերվատորիայում եւ ում գործունեությանը անդրադարձել են այնպիսի հայտնի լրատվամիջոցներ, ինչպիսիք են BBC-ն, Le Monde-ը, The Guardian-ը եւ այլք, Հայաստանում լավ ծանոթ չեն: «Ժողովուրդ»-ը դաշնակահարուհու հետ զրուցել է նրա գործունեության, արմատներին վերադառնալու ձգտման եւ ձեռքբերումների մասին:

-Վարդուհի՛, մի փոքր պատմեք` ի՞նչը կապեց Ձեզ եւ Ֆրանսիային, եւ ինչպե՞ս Դուք սիրահարվեցիք այդ երկրին, ընդ որում, փոխադարձ սիրով:
-Ծնվել եմ Երեւանում, սովորել եմ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, ապա ընդունվել եմ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Արդեն 20 տարեկանից տեղափոխվել եմ Ֆրանսիա: Այդ երկիր գնալու ուժեղ ցանկություն ունեի, սիրահարված էի այնտեղի պատմությանը, գրականությանը, երաժշտությանը, իսկ կատարելագործվելուս ցանկությունն էլ հասնում էր աբսուրդի: Այդպիսով` ընդունվեցի Փարիզի ազգային բարձրագույն կոնսերվատորիա, այժմ արդեն դասավանդում եմ այնտեղ: Օրեցօր ես ու Ֆրանսիան ավելի ու ավելի ենք սիրում միմյանց (ծիծաղում է):
-Այդ երկրում գրանցած Ձեր առաջին մեծ ձեռքբերումը ո՞րն էր:
-Այսպես ասած` սիմվոլիկ նշանակության առաջին հաջողությունս կապված էր 2008 թվականին կայացած «Avant-scene» մրցույթի հետ, որի շրջանակում կատարեցի Արամ Խաչատրյանի գործերից. դա մեծ ռիսկ էր, քանի որ այն այնքան էլ ծանոթ չէր ֆրանսիացի հանդիսատեսի ականջին: Ուրախությամբ պետք է ասեմ, որ Խաչատրյանն ինձ մեծ հաջողություն բերեց. իբրեւ մրցանակ` հնարավորություն ստացա նվագելու Փարիզի «The Cite de la Musique» (City of Music)-ում: Այդ տարի ես ձայնագրեցի իմ առաջին ալբոմը, սկսեցի հանդես գալ տարբեր երկրներում, եւ երաժշտությունն ինձ համար դարձավ կենսակերպ: Ի դեպ, շատ «դաժան» է դաշնակահարի մասնագիտությունը. այն պահանջում է բավական մեծ նվիրում: Ես միշտ իմացել եմ, որ եթե իմ կյանքում չլինի երաժշտություն, ես պարզապես գոյություն չեմ ունենա:
-Իսկ Խաչատրյանից հետո ուրիշ հայ կոմպոզիտորների անդրադառնալու առիթներ եղա՞ն:
-Ֆրանսիայում ինձ անհրաժեշտ էր խոսել այնտեղի երաժշտության լեզվով, ինձ հետաքրքրում էր Դեբյուսին, Ռավելը. ուզում էի Եվրոպայից վերցնել մաքսիմալը` դրան զուգահեռ չկտրվելով սեփական արմատներից, իսկ ինչ վերաբերում է հայկական երաժշտությանը, ապա այն այսպես թե այնպես գեներիս, արյանս մեջ է: Ինձ միշտ հետեւել է այն միտքը, որ դրսում հայկական երաժշտությունը մատուցելու առաքելություն ունեմ: Ընդհանրապես, հայ լինելը դժվարին առաքելություն է: Նախորդ տարի, օրինակ, թողարկեցի հայկական ձայնասկավառակ, ես չգիտեի` ինչպես այն կընդունվեր Ֆրանսիայում, բայց, ի ուրախություն ինձ, պետք է ասեմ, որ վաճառքի արդյունքները խոստումնալից են: Ալբոմի շրջանակում ես եւ երաժիշտ ընկերներս, որոնց թվում, ի դեպ, կան այլազգիներ, անդրադարձել ենք Կոմիտասի, Խաչատրյանի երաժշտությանը: Ես ներկայացվող երաժշտության միջոցով հանդիսատեսին ինձ հետ Հայաստան «տանելու» նպատակ ունեի, եւ դա, կարծես թե, ստացվեց:
-Ցանկացած արվեստագետի կյանքում լինում են շրջադարձային համագործակցություններ: Դուք որո՞նք կառանձնացնեք:
-Ինձ վրա մեծ ազդեցություն է գործել ֆրանսիացի դաշնակահարուհի Բրիջիթ Էնգըրըրը (Brigitte Engerer)` իմ ուսուցչուհին: Նրա հետ նվագելն իմ առջեւ նոր հորիզոններ բացեց: Մեծ հաճույք ստացա BBC-ի պրոֆեսիոնալ նվագախմբի հետ նվագելուց հետո: Կարող եմ առանձնացնել նաեւ դիրիժորներ Տուգան Սոխիեւի (Tugan Sokhiev) եւ Ալան Ալթինօղլուի (Alain Altinoglu) հետ իմ համագործակցությունները:
-Իսկ հայ երաժիշտների հետ համագործակցելու առիթներ հաճա՞խ են լինում: Տեղյակ ենք, օրինակ, որ 2012-ին հանդես եք եկել թավջութակահար Լեւոն Առաքելյանի հետ, իսկ երբ արդեն 2016-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը ղեկավարում էր գերմանական Ինգոլշտատ քաղաքի Վրացական կամերային նվագախումբը, համերգի ընթացքում հանդես եկաք նաեւ Դուք:
-Այո՛, Լեւոնը մի անգամ ասաց` ամեն տեղ հանդես ես գալիս, Հայաստան չես գալիս: Այդպիսով՝ առաջարկեց` միասին նվագենք: Սիրով համաձայնեցի: Ես միշտ էլ զգում եմ հայաստանցի հանդիսատեսի պակասը, թեեւ ինձ Ֆրանսիայում ավելի լավ են ճանաչում, քան Հայաստանում:
-Ո՞ր դեպքում կգաք հայրենիք աշխատելու:
-Հայաստանն իմ ցավոտ կողմն է, ես միշտ անհանգստանում եմ իմ երկրի համար, փորձում եմ ինչ-որ կերպ օգտակար լինել: Այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հայ երաժիշտները հայրենիք գալու, հայ երեխաների հետ մաստեր-կլասներ անցկացնելու մեծ ցանկություն ունեն, բայց չկա համապատասխան կառույց, համակարգ, որը կզբաղվի դրանով: Ինքս էլ շատ կուզենայի հայրենիքում աշխատել, պատրաստ եմ զուգահեռաբար երկու երկրում լինելու, եթե ստաբիլ պայմաններ լինեն:
-Ի՞նչ է մեզ պակասում:
-Հայաստանում կան շատ տաղանդավոր երաժիշտներ, պարզապես իմ հայրենիքի մարդկանց թիվ մեկ խնդիրը հուսահատությունն է: Նրանք չգիտեն` ինչպիսին է իրենց ապագան, չգիտեն` ուր նայեն: Այդ հուսահատությունը երեւում է նաեւ նրանց աչքերում: Ցավոք, ես չգիտեմ` ուր ենք մենք գնում: Բայց գիտեմ, որ մեր ազգը հերոս է, համբերատար եւ շատ բան չի ուզում. ուզում է ուղղակի շնչել: Մարդիկ էլ չեն դիմանում: Այս պարագայում, գուցե, երաժշտությունը կարող է փրկություն լինել. մարդիկ արվեստից են կախվում: Բայց պետք է մինիմալ պայմաններ լինեն, որ մարդիկ էլ կախվելու տեղ ունենան: Հույս ունեմ, որ երիտասարդները կկարողանան իրենց հետ թարմ շունչ բերել եւ ժողովրդին հանել ստեղծված իրավիճակից:

 

 

 
ՆՈՐ ՏՆՕՐԵՆ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ 3 ԱՄԻՍ ՈՒՆԵՆ

Օրերս Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը ոտքի էր կանգնել, ինչպես իրենք էին ասում, կառույցը փրկելու նպատակով: Անձնակազմի անդամներն իրենց դժգոհությունը հայտնեցին տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվելիք մրցույթի կարգի եւ հայտ ներկայացրած թեկնածուների մասնագիտական որակի վերաբերյալ: Բացի այդ` Գյումրիում շրջանառվում էր ԱԺ հանրապետական պատգամավոր Արման Սահակյանի անունը. ըստ որոշ ասեկոսեների` նա աջակցելու էր թեկնածուներից մեկին եւ վերջինիս համար հարթելու էր դեպի տնօրենի աթոռ տանող ճանապարհը:

Արդեն սեպտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացրեց, որ թատրոնի տնօրենի պաշտոնի թափուր մրցույթը չի կայանալու, քանի որ հայտատու Արաքս Կիրակոսյանը ետ է վերցրել մասնակցության փաստաթղթերը, իսկ մեկ թեկնածուի մասնակցության պարագայում մրցույթ նախատեսված չէ:
Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա կպաշտոնավարի մինչեւ նոր ընտրությունների ացնկացումն ու նոր տնօրենի նշանակումը: «Ժողովուրդ»-ը նույն թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանից հետաքրքրվեց` ինչ մթնոլորտ է այժմ տիրում կառույցում, եւ արդյոք հաջորդ մրցույթի անցկացման վերաբերյալ կա կոնկրետ նշված ժամկետ:
«Մենք արդեն լծվել ենք բնականոն աշխատանքի, պատրաստվում ենք նոր թատերաշրջանի բացմանը, որը, հավանաբար, կկայանա սեպտեմբերի վերջին»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է մրցույթի ժամկետին, ռեժիսորը տեղեկացրեց, որ տնօրենի պաշտոնակատարը ՀՀ մշակույթի նախարարության կողմից նշանակվել է երեք ամսով, եւ մրցույթը մինչեւ դեկտեմբերի 15-ը պետք է ավարտված լինի: Իսկ հարցին, թե արդյոք աճեմյանցիները պատրաստվում են առաջիկա մրցույթին առաջադրել իրենց թեկնածուին (թեկնածուներին), Լ. Հարությունյանը պատասխանեց. «Համոզված ենք, որ այս մրցույթն ավելի բաց կլինի (Աճեմյանցիներին ավելի վաղ վրդովեցրել էր այն փաստը, որ մոտ մեկ ամիս առաջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում մշակույթի նախարարությունը հայտարարություն էր հրապարակել իրենց թատրոն ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի կարգի վերաբերյալ, որի մասին, սակայն, թատրոնի անձնակազմը` այդ թվում այդ պահին գործող տնօրենը, չէր իմացել-հեղ.): Թատրոնը, այո՛, ինչու ոչ, իր կողմից կներկայացնի թեկնածու, այս ընթացքում անձնակազմը մտածում է այդ ուղղությամբ»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ




Լրահոս