Կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապատյանը ներկայացրեց նորանշանակ 4 նախարարներին եւ շնորհավորելով՝ հայտարարեց, թե մեծ ակնկալիքներ ունի նրանցից. «Ակնկալում եմ ռեալ, շատ համարձակ քայլեր, դուք այդ ոլորտից լինելով հնարավորություն ունեք Ձեր երազած ոլորտը դարձնել, երկիր փոխել, լավ միջավայր փոխել»:
«Ժողովուրդ»-ը նորանշանակ նախարարներից փորձեց պարզել, թե որն է լինելու նրանց առաջին համարձակ քայլը, եւ, առհասարակ, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ որ ազգի եւ ում համաձայնությամբ նրանք նշանակվեցին այդ պաշտոնում:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյան
-Պարո՛ն Մարտիրոսյան, լինելով ազգային համաձայնության կառավարության անդամ՝ ո՞ր ազգի եւ ո՞ւմ համաձայնությամբ նշանակվեցիք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար:
-Բարդ մեկնաբանություն եք անում… բնական է՝ ես հայ եմ ու հայաստանցի, ինչի մասին է խոսքը, որ ազգը ինչ կապ ունի:
-Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ակնկալում է ռեալ, շատ համարձակ քայլեր: Կոնկրետ Ձեր առաջին համարձակ քայլը ո՞րն է լինելու:
-Համարձակ քայլը կլինի, կտեսնեք:
-Իսկ հնարավո՞ր է, որ հետագայում հետնամուտքով փախչեք:
-Չի լինի նման բան:
զրուցեց Քնար Մանուկյանը