ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դարի կաթ» ընկերությունը փակվել է: Գյուղացիների պատմելով՝ ընկերության փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Դարի Կաթ» ՍՊԸ-ի չկատարած հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշում է կայացրել: Նշենք, որ ընկերության հարկային պարտավորությունները օգոստոսի 5-ի դրությամբ կազմել են 312 հազար 323 դրամ: Հետեւաբար, ՊԵԿ-ը հարկային պարտավորությունները ընկերությունից գանձելու վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել: Ըստ ՊԵԿ-ի՝ այս մասին ծանուցվել է նաեւ ընկերության տնօրենին՝ Նաիրա Վարդանյանին, սակայն վերջինս վարույթի նյութերին ծանոթանալու համար չի ներկայացել եւ որեւէ բացատրություն չի տվել:
Ապա ընկերության տնօրինությունը վճարումներ արել է, բայց դրանով հարկային պարտավորությունները ամբողջությամբ չի մարվել: Իսկ, ահա, օգոստոսի 26-ի դրությամբ «Դարի կաթ»-ի պարտավորութունը կազմել է 298 հազար 759 դրամ:
Նշենք, որ ընկերության եկամտային հարկի պարտավորությունը կազմում է 245 հազար 612 դրամ, իսկ սոցիալական վճարների գծով պարտավորությունը՝ 29 հազար 843 դրամ: Ի դեպ, գանձման ենթակա չկատարած պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում են նաեւ տույժեր ու տուգանքներ: Սակայն «Դարի կաթ» ընկերության կողմից նշված պարտավորությունները չկատարելու արդյունքում ՊԵԿ-ը որոշում է կայացրել ընկերությունից գանձել 298 հազար 759 դրամ: Եթե ընկերությունը ՊԵԿ-ի այս որոշումը չբողոքարկի, ապա այն ուղարկվելու է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Դարի կաթ» ընկերության տնօրեն Նաիրա Վարդանյանի հետ, սակայն այդպես էլ մեզ դա չհաջողվեց: Այս պատճառով զրուցեցինք Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանի հետ, որը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց, որ ընկերության սեփականատերերը գործարանը փակել են ու գյուղից հեռացել են: Ըստ գյուղապետի՝ նրանք այժմ Երեւանում են. «Ես տեղյակ չեմ իրենցից: Փակել են ու գնացել գյուղից»:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ