Պատուհաս դարձած ընկերությունը վերջապես մասնավորեցվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացվել է Ազգային ժողովին: Հաշվետվությունն ընդգրկում է 2019 թվականի օրացույցային տարին:

Սակայն ի սկզբանե հայտարարված ծրագրից մի քանի կենտրոններ հանվել են և չեն մասնավորեցվել: Մասնավորապես, հաստատված ցանկում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ընկերությունների ցանկից հանվել են՝ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն,  «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն և «Մաշկաբանության և սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն:

Բացի այդ, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընկերությունների ցանկից հանվել են՝ «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընկերությունների ցանկից՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն:

2019 թվականին մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 56.887.4 հազար դրամ, որից՝ ընկերությունների մասնավորեցումից ստացված միջոցները՝ 29.720.9 հազար դրամ: Պետական գույքի կառավարման կոմիտեն աճուրդով մասնավորեցրել է «Ընդերքաբան» ԲԲԸ-ն՝ 2 մլն 23 հազար դրամով: Սակայն այս ընկերության մասով որոշումն ուշագրավ է  նրանով, որ տարբեր ժամանակներում մասնավորեցվել էին այս ընկերության տարբեր մասնաճյուղերը՝ առանձին-առանձին:

Մասնավորապես, 2017 թվականին աճուրդով մասնավորեցվել էր  «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն։ Հունիսի 7-ի գնահատմամբ՝ ընկերության բաժնետոմսերն արժեցել են մոտ 5,5 մլն դրամ:  «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ն ստեղծվել է 2015թ. դեկտեմբերին՝ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի առանձնացման ձեւով վերակազմակերպման արդյունքում: Սեյսմիկ փորձագետի տեխնիկական եզրակացության համաձայն, շենք-շինությունների ընդհանուր տեխնիկական վիճակը գնահատվում է անբավարար կամ վթարային, եւ շենք-շինությունների վնասվածության աստիճանը՝ 3-րդ կամ 4-րդ աստիճանի վթարային:

Նշենք, որ Կառավարության 2017-20 թվականների մասնավորեցման ցանկում էր ներառվել «Ընդերքաբան» ՓԲԸ-ն, որը գտնվում է Երեւանի Չարենցի 46 հասցեում: Այս ընկերությունն ստեղծվել է բնապահպանության նախարարության 1998թ. մայիսի 12-ի հրամանով՝ «Կենտրոնական երկրաբանահետախուզաշահագործական» պետական ձեռնարկության վերակազմակերպման ճանապարհով: Ընկերությունը շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն է: Հիմնական գործունեության ոլորտը՝ մետաղական եւ ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում, հանույթ, երկրաբանահետախուզական օբյեկտների եւ դրանց հետ կապված ժամանակավոր կոմունիկացիաների նախագծում, կառուցապատում եւ այլն: 100% պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունը 2009թ. կառավարությունը վերցրեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից եւ հանձնեց պետական գույքի կառավարման վարչությանը: Հետագայում այն դարձավ ԲԲԸ:

Ընկերությունը, պատվերների բացակայության եւ դաշտում անմրցունակ լինելու պատճառով, գործունեություն չի իրականացնում: 2010-ից սկսած՝ աշխատում էր վնասով: Քանի որ չէր գործում, սկսվեց մասնատումը:

2012-ին Գետահովիտի երկրաբանական բազայի շենք-շինություններն օտարվեցին ոստիկանությանը: Շուկայական արժեքը գնահատվեց 23 մլն․ 409 հազար դրամ: Եղվարդ քաղաքի բնակելի շենքը 2014 թվականի հոկտեմբերի 16-ին, կառավարության որոշմամբ, տրվեց շենքում բնակվող 16 ընտանիքներին: Շենքը, որպես ամանորյա նվեր, հանձնվեց դեկտեմբերի 30-ին: Գնահատված արժեքը 30 մլն․ 516 հազար 838 դրամ էր:
2015թ. դեկտեմբերի 24-ի նիստում կառավարությունը, հաշվի առնելով, որ ընկերության նախկին ծավալներով աշխատելու հավանականությունն իրատեսական չէ, «Ընդերքաբան» ԲԲԸ-ն բաժանեց մի քանի մասի՝ յուրաքանչյուր տեղամասում ստեղծելով նոր բաժնետիրական ընկերություն, եւ առանձին-առանձին հանեց մասնավորեցման:

Այն մինչ այս ներառված էր 2001-2003թթ., 2015-17թթ. մասնավորեցման ցանկերում: Վաճառքի մի փորձ էլ արվեց 2009 թվականին՝ կառավարության որոշմամբ ընդգրկելով ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցվող ընկերությունների ցանկում: Դրանից հետո այն մասնավորեցման է հանվում յուրաքանչյուր տեղամասն առանձին, գլխամասը՝ առանձին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս