Հարց քաղաքացիներից` ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր կենսաթոշակային ֆոնդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր կենսաթոշակային ֆոնդը:

Օֆելյա Միրզոյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդն իրենից ներկայացնում է անձանց կողմից կատարված վճարների եւ դրանց ներդրման հաշվին ձեւավորված ակտիվների ամբողջություն: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի դեպքում անձինք իրենց դրամական միջոցները (նպատակային սոցիալական վճարները) տրամադրում են պրոֆեսիոնալ կառավարչին, որը նշված միջոցները միավորում եւ կառավարում է որպես մեկ միասնական պորտֆել: Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների, դրանցից ստացված եկամուտների նկատմամբ յուրաքանչյուր մասնակցի իրավունքը հավաստվում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայով:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդն ունի իր գործունեության կանոնները, որոնք սահմանում են, թե ինչպես է կառավարվելու տվյալ ֆոնդը, որտեղ են ներդրվելու ֆոնդի միջոցները, ինչպես են գնահատվելու ֆոնդի ակտիվները, ինչպիսի վճարներ են գանձվելու, դրանց չափերն ու հաշվարկման կարգը եւ այլ էական պայմաններ: Ֆոնդի կանոնները սահմանում է այդ ֆոնդի կառավարիչը, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից եւ հրապարակվում են:
Մասնակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդից վճարումները կատարվում են (վերադարձվում են ֆոնդի ակտիվներում մասնակցի փային համապատասխանող դրամական միջոցները) կենսաթոշակի ձեւով՝ մասնակցի կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն համարվում կենսաթոշակային ֆոնդի կառավարչի սեփականությունը, եւ դրանց վրա բռնագանձում չի կարող տարածվել կենսաթոշակային ֆոնդի կառավարչի պարտավորությունների համար, ներառյալ՝ սնանկության դեպքում:




Լրահոս