ՀԱՕԿ-ից` նախարար, նախարարից` ՀԱՕԿ. Հրաչյա Ռոստոմյանի անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր ՀԱՕԿ քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար: Այս նշանակումը թերևս կարելի է անակնկալ համարել, քանի որ այս օրերին իշխանական վերնախավում խոսակցություններ էին գնում, թե Գաբրիել Ղազարյանի համար Գագիկ Ծառուկյանը միջնորդել է, և նա կմնա:

Սակայն Ղազարյանը հրաժեշտ տվեց իր պաշտոնին: Իսկ ով է Հրաչյա Ռոստոմյանը…

Նշենք, որ Ռոստոմյանն արդեն մեկ անգամ զբաղեցրել է սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնը: Նա այդ պաշտոնում նշանակվել է 2012 թվականին, իսկ մինչ այդ կրկին զբաղեցնում էր ՀԱՕԿ քարտուղարի պաշտոնը:

Հրաչյա Ռոստոմյանը Երեւանցի է, ծնվել է 1981թ.: Ավարտել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, ընդունվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետ: Ավարտելուց հետո էլ բժշկության մեջ խորանալու նպատակով նույն համալսարանի օրդինատուրայում է սովորել: Բանակում չի ծառայել, փոխարենն աշխատանքի է անցել նույն համալսարանում եւ զբաղվել դասախոսական աշխատանքով մինչեւ 2008թ.: Ընդամենը 25 տարեկան հասակում նշանակվել է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ: Հասկանալի է, որ այստեղ չափազանց մեծ է եղել Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը: Ինչպես նշված է նրա կենսագրության մեջ, երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականի կազմում, մասնակցել է միջազգային մրցաշարերի:

2010թ. դարձյալ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ դարձել է ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար: Ու հետո էլ`31 տարեկան հասակում, նշանակվել է սպորտի և երիտասարդության նախարար: Նա իր պաշտոնին հրաժեշտ տվեց 2013 թվականին, երբ ձևավորվեց նոր կառավարություն, իսկ նախարար էլ դարձավ Յուրի Վարդանյանը: Տարիներ անց Հրաչյա Ռոստոմյանը ՀԱՕԿ քարտուղարի պաշտոնից կրկին նշանակվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:

 




Լրահոս