«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՀԱՄԱՐ ԳՐԵԼ ԷԻՆ ԱՅԴ ՏԵՔՍՏԸ ՈՒ ԹԱՔՆՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը, ասաց. «Տղերքը գնացին, քանի որ կարծում եմ՝ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին… իրենք խաբվեցին»:

-Պարո՛ն Մարգարյան, հատկապես այս ամառ առավել ակնառու դարձավ, թե ինչքան խորն է հանրության մի զգալի մասի հուսահատությունը: «Սասնա ծռեր»-ի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը հաջոդած իրադարձությունները ցույց տվեցին, որ մարդկանց դժգոհությունն այնքան է մեծացել, որ պատրաստ են անգամ զենքի ուժով հարց լուծելու տարբերակը ողջունել: Ինչպես հայտնի է՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների մեջ կային դաշնակցության նախկին անդամներ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նրանք դիմեցին այս ծայրահեղ քայլին եւ ինչի հասան ի վերջո:
-Ես այս հարցով առաջին անգամ եմ խոսում: Պատճառները շատ են: Հայաստանի այդ օրերին չէի համակրում, քանի որ ինձ նեղացրել է, տագնապեցրել է, որովհետեւ ես այն անձերից եմ, եթե մի բան ասում եմ՝ ճիշտ է, բրավո, գնում եմ՝ մասնակցում եմ ու փորձում եմ այդ հարցի մեջ լինել առաջին գծում: Ես չէի կարող պատկերացնել, որ մարդիկ կարող են բրավո, ապրեք ասել, բայց իրենց գործը չշարունակեն, իրենց կողքը չկանգնեն, իրենց դիրքորոշումների մեջ հետեւողական չլինեն: Ի՞նչ ստացվեց արդյունքում: Արդյունքում ստացվեց, որ, ճիշտ է, նրանք նախկին դաշնակցականներ են, բայց ինչ-որ տեղ մենք միասին կյանք ենք ունեցել, ես իրենց որպես մարդ հարգում եմ, եւ շատ մեծ ափսոսանք կա մեջս, որ արդյոք իրենք զոհ չգնացին քաղաքական ինչ-որ վախկոտ մարդկանց հաշիվների, որ չփորձեցին իրենց կողքին կանգնել: Իրենց ես տեսնում էի հեռուստատեսությամբ. կար 70 տարեկան մարդ, գուցե դեռ ավելին: Այն քաղաքական գործիչները, որոնք հրապարակում գոռում էին՝ ապրեն իրենք, ապրեն իրենք, իրենք նրանցից ավելի փոքր էին, թող մի շենք էլ իրենք գրավեին, եթե դա ճիշտ ճանապարհն էր: Եթե դա ճիշտ ուղին էր, թող մի շենք էլ իրենք գրավեին, երկրորդը գրավեին, 4-րդը գրավեին, իսկ եթե դա ճիշտ չէր, ինչպես ասեցին բրավո: Ախր, դրա գինը վճարեցին այդ տղերքը եւ դեռ հավանաբար վճարելու են: Ես իսկապես դրա համար ափսոսանքի զգացում ունեմ: Նույնիսկ բարկության տրամադրություններ են ստեղծվում, երբ ամեն անգամ մտածում եմ:
-Ամեն դեպքում, ինչի՞ հասան «Սասնա ծռեր»-ը:
-Չի կարելի որեւէ բան ղեկավարել առանց առաջին գծում լինելու, դա մի քիչ անպարկեշտություն է. մարդկանց հայրենասիրությունը, մարդկանց զգացական ապրումները օգտագործես, կրակի մեջ գցես եւ դու մի կողմ կանգնես, դա մարդկային չէ: Դա գաղափարական մարդու պահվածք ու կեցվածք չէ: Ես, իսկապես, վատ եմ զգում այն քաղաքական գործիչների համար, այսպես կոչված, քաղաքական գործիչների համար, որոնք ասեցին բրավո, բայց նույնը չարեցին: Եթե ճիշտ էր, թող անեին, եթե ճիշտ չէր, ինչո՞ւ այդ մթնոլորտը ստեղծեցին:
-Իսկ ո՞րն է Ձեր գնահատականը «Սասնա ծռեր»-ի այդ քայլին:
-Տղերքը գնացին, քանի որ, ես կարծում եմ, որ նրանք մաքուր էին, բայց նաեւ իրենք պետք է ներեն ինձ, իմ երեկվա ընկերները, իրենք խաբվեցին… իրենք խաբվեցին: Իրենք կարծեցին, որ հարույր-հազարավոր ժողովուրդ դուրս կգա, իրենց կպաշտպանի: Իրենք խաբվեցին, քանի որ կարծեցին, թե դրանով ինչ-որ բան կարող էին փոխել, բայց հոկտեմբերի 27-ն էլ ապացուցեց, որ այդ ճանապարհով հնարավոր չի բան փոխել, ոչ թե հնարավոր չի փոխել, դրանից մենք չենք շահում, ավելի վնասվում ենք: Վերջիվերջո, եթե կա պայքարելու օրինական ձեւ, առնվազն այդ օրինական ձեւը դու պիտի սպառես:
-Բայց տղաներն ասում էին, որ օրինական բոլոր ճանապարհները սպառված են: Ըստ Ձեզ՝ ո՞րն էր օրինական ճանապարհը, որով նրանք կարող էին պայքարել, բայց չարեցին:
-Ընտրություններ, ժողովրդին կազմակերպել: Նայեք, որ կուսակցությունը Հայաստանում ունի կազմակերպված շարքեր: Ինչու չունեն, որովհետեւ չեն աշխատել, չէ՞: Այնտեղ ոչ ոքի ձեռքը չեն բռնում, կոկորդը չեն սեղմում, բայց տքնաջան աշխատանք է պետք ժողովրդին քաղաքականորեն կազմակերպելու համար, դա է միջոցը փոփոխությունների: Ես կարող եմ կռվել, պոռթկալ, երբ երկրում անարդարություն կա, սոցիալական ծանր վիճակ կա, բայց եթե ես կռվում եմ, պոռթկում եմ, ասում եմ, որ ռուսական բազաները Հայաստանից պետք է դուրս գան, որովհետեւ դա ինչ-որ այլ պետությունների պահանջն է, դա այս ժողովրդի դարդ ու ցավի հետ ի՞նչ կապ ունի, դա արդեն լրիվ ուրիշ բան է: ժողովրդի բողոքի, անարդարության սոցիալական վատ վիճակի հետ ի՞նչ առնչություն ունի, թե հայ-թուրքական սահմանը ռուսական ուժե՞րն են պահում, թե՞ հայկական: Ոչ էլ այդ տղաներն են դրանում համոզված: Ես վստահ եմ, որ իրենք էլ այդ համոզումները չունեն, ես վստահ եմ, որ մեկ ուրիշը իրենց համար գրել է այդ տեքստը եւ հետո թաքնվել:
-Այսինքն՝ ինչ-որ ուժեր տղաներին ուղղորդել էին:
-Դե, վերջիվերջո, ես այդ տղաներին շատ լավ գիտեմ, ես այդ տղաների մի մասին առնվազն շատ-շատ լավ գիտեմ, վատ իմաստով չեմ ասում, բայց նրանք ղեկավարվող անձինք են: Իրենց համոզումներն էլ, նրանց ներաշխարհն էլ գիտեմ: Այն պահանջները, որոնք ներկայացվեցին, առնվազն այս մասով իրենց հետ առնչություն չունեին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ԵՐԵՎԻ ՄԵՐ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՃԻՇՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆ ԸՆՏՐԵԼ

Սեպտեմբերի 18-ին կայացած համայնքային ընտրություններում Հանրապետական կուսակցության շատ թեկնածուներ պարտվեցին` իրենց տեղը զիջելով ոչ միայն ինքնառաջադրված թեկնածուներին, այլեւ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին: «Ժողովուրդ»-ը այս առիթով զրուցեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հետ:

-Պարո՛ն Թադեւոսյան, սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում բազմաթիվ ՀՀԿ-ական գյուղապետեր չվերընտրվեցին: Ըստ Ձեզ, ո՞րն էր հիմնական խնդիրը:
-Ես Ձեզ հետ համաձայն չեմ, հանրապետական շատ գյուղապետեր հաղթել են: Համայնքների քանակն էր շատ, դրա համար է Ձեզ այդպես թվում: 237 համայնքներում տեղի ունեցած ընտրություններից 161-ում մեր թեկնածուները հաղթել են:
-Ինչպե՞ս կգնահատեք ցուցանիշը, ավելի շատ է պարտությու՞նը, թե՞ հաղթանակը:
-Նշեմ նաեւ, որ ունեցել ենք մոտ 20 համայնքներ, որտեղ մեր թեկնածուները իրոք պարտություն են կրել: Բայց դա մրցակցություն է, ընտրություններ են:
-Այսինքն՝ չկա՞ր որեւէ խնդիր, որն էլ հանգեցրեց պարտության:
-Պարզապես ուժեղ մրցակցություն կար, երեւի մեր թեկնածուները ճիշտ մարտավարություն չէին ընտրել կամ իրենց ծրագրերով այնքան էլ չէին արժանացել ժողովրդի վստահությանը:
-Առջեւում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններն են: Արդյո՞ք հետեւություններ արել եք, որպեսզի ավելի շատ հաղթանակներ ունենաք:
-Դեռ այսօր է լրանում բողոքարկման ժամկետները, մենք ունենք վիճարկելի տեղամասեր: Վերջնական տվյալներից հետո, իհարկե, կամփոփենք եւ անհրաժեշտ հետեւություններ կանենք, համապատասխան գնահատականներ կտրվեն:
-Այս ընտրությունների արդյունքները Ձեզ չեն անհանգստացնո՞ւմ:
-Չենք անհանգստանում, պարզապես մեր ծրագրերը, մոտեցումներն ու մարտավարությունը որոշ ուղղորդման կարիք կունենան` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, ժողովրդի ցանկություններն ու մոտեցումները: Ես համաձայն չեմ մամուլում հնչող կարծիքների հետ, թե հանրապետականները պարտվել են: Թվեր կան, համեմատեք: Համեմատեք այլ քաղաքական կուսակցությունների մասնակցության հետ` իրենց թեկնածուների քանակով եւ ունեցած հաջողություններով: Մենք միշտ էլ ունեցել ենք թե՛ հաջողություններ, թե՛ ձեռքբերումներ: Ի դեպ, մենք առաջադրել ենք նաեւ շատ անկուսակցական թեկնածուների, որոնք նաեւ հաղթանակ են տարել:
-Իսկ հնարավո՞ր է, որ հաղթանակից հետո նրանք էլ համալրեն ՀՀԿ շարքերը:
-Դա իրենց որոշելիքն է:
-Այսինքն՝ նախապես համաձայնություն չի՞ եղել, որ օգնելու դեպքում պետք է համալրեն ձեր շարքերը:
-Չէ, ինչ եք ասում, իրենք են որոշում, դա այդպես չէ, մենք, պարզապես գնահատելով իրենց հնարավորությունները, ժողովրդի կողմից ընդունված լինելը, ունակությունները եւ պատրաստակամությունը, առաջարկել ենք եւ առաջադրել ենք այդ թեկնածուներին: Կան նաեւ համայնքներ, որտեղ ընդհանրապես թեկնածու չէինք առաջադրել:
-Ո՞րն է պատճառը:
-Շուտով ես Ձեզ կներկայացնեմ ամփոփ տվյալները:

Զրուցեց ՎԱՀԱԳՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ՉԻՆԱԿԱՆ «ԴԱԲՐՈ՞»
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ: Սեպտեմբերի 9-ից մեկնարկած քարոզարշավը գնալով թեժանում է: Բայց պարզվում է՝ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որը գլխավորում է ՀՀԿ-ի ավագանու անդամների ցուցակը, այս օրերին Հայաստանում չէ, նա մի քանի օր է՝ գտնվում է Չինաստանում: Քաղաքապետարանի աշխատակիցների խոսքով՝ քաղաքապետը այնտեղ է գտնվում գործնական հարցերով, իսկ թե ինչ հարցերով, մեզ պարզել չհաջողվեց: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում եւս Սամվել Բալասանյանի՝ Չինաստան այցի մասին որեւէ տեղեկություն չկա: Հավանաբար գնացել է «չինական դաբրոյի» հետեւից:

 

 

ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՆՈՐ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ
Ինչպես հայտնի է՝ սեպտեմբերի 18-ին Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ, որոնց արդյունքում գործող ՀՀԿ-ական գյուղապետ Մայիս Աբրահամյանը 67 ձայնի տարբերությամբ պարտվեց ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանին: Երեկ պարզեցինք, որ Նոր Կյանքն արդեն 10 օր է՝ գյուղապետ չունի: Բանն այն է, որ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ասաց, որ գործող գյուղապետի լիազորությունները սեպտեմբերի 10-ին լրացել են: Մեր այն հարցին, թե նորընտիր գյուղապետը՝ Գարիկ Սարգսյանը, երբ պետք է ստանձնի իր պարտականությունները, նա պատասխանեց, որ այն պահին, երբ ընտրությունների արդյունքները պաշտոնապես կամփոփվեն (քվեարկությունից հետո՝ 5-րդ օրը) եւ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գյուղապետի ընտրվելու մասին որոշում կկայացնի, շատ ձայներ հավաքած թեկնածուն կարող է ստանձնել գյուղապետի պաշտոնը:
 

ՉԻՆԱԿԱՆ ԿՑՈՐԴԸ
Հայաստանի եւ Չինաստանի միջեւ գործարար նախաձեռնությունների ակտիվացման եւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով նախագիծ է մշակվել, ըստ որի՝ Չինաստանում կստեղծվի ՀՀ առեւտրական կցորդի հաստիք: Կցորդը կտեղակայվի Պեկինում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը անցած տարվա մարտի 24-28-ը Չինաստանում կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ է ձեռք բերել ընդլայնել եւ ամրապնդել հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցությունը եւ բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների եւ կապիտալի ներմուծման համար: Ի դեպ, տեղեկացնենք, որ այս նախագիծը ներկայացվելու է սեպտեմբերի 22-ի կառավարության նիստին:




Լրահոս