Համաշխարհային տնտեսությունը, դեռեւս ֆինանսատնտեսական ճգնաժամից ուշքի չեկած, նոր հարվածի սպառնալիքի տակ է` ի դեմս Հյուսիսային Աֆրիկայում սկսված քաղաքական ճգնաժամի: Արաբական աշխարհում սկսված ժողովրդական հուզումները, որոնց աշխարհագրությունը գնալով մեծանում է, դարձել են համաշխարհային տնտեսության վրա ազդող լուրջ գործոն: Առայժմ այն քիչ տեսանելի է, քանի որ ազդել է միայն ապրանքային եւ ֆոնդային բորսաների վրա: Սակայն սոցիալական բունտերի նման տեմպերի շարունակման դեպքում այն կազդի տնտեսության բոլոր ճյուղերի վրա` սկսած զբոսաշրջությունից մինչեւ էներգակիրների գներ:Եթե Թունիսում ու Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխություններն առանձնապես չազդեցին նավթի գնի բարձրացման վրա, ապա Լիբիայում ընթացող զարգացումները էականորեն թանկացրին նավթի բարելի գինը` այն հասցնելով 120 ԱՄՆ դոլարի: Հիշեցնենք, որ նավթը այդքան արժեր 2008 թվականի գարնանը: Իսկ մի շարք տնտեսագետների կարծիքով հենց նավթի բարձր գինը դարձավ գլոբալ ճգնաժամի պատճառ: Իրենց հերթին շարունակում են թանկանալ ամերիկյան դոլարը, ինչպես նաեւ ոսկին ու արծաթը: Դա հասկանալի է, քանի որ անկայունության պայմաններում բոլոր ներդրողները ցանկանում են ձեռք բերել հուսալի ակտիվներ: Միեւնույն ժամանակ ընկնում է եվրոյի գինը, որովհետեւ հենց Եվրոպան ունի սերտ տնտեսական կապեր Հյուսիսային Աֆրիկայի հետ: Մասնավորապես Միջերկրական ծովի ավազանի երկրներն ակտիվ առեւտրային հարաբերություններ ունեն Մագրիբի երկրների հետ: Եվրոյի իջեցումը կապված է նաեւ այն վտանգի հետ, որ հնարավոր է առաջիկայում հարյուր հազարավոր փախստականներ փորձեն հասնել Եվրոպա: Դեռեւս տնտեսական անկումից հիմնովին դուրս չեկած Իսպանիան, Իտալիան կամ Հունաստանն ուղղակի չեն դիմանա այս նոր մարտահրավերին: Թերեւս հենց դրանով է պայմանավորված այն, որ ժողովրդավարական արժեքների պահպանման մասին Եվրոպայի առաջնորդների հայտարարությունները խիստ զգուշավոր եւ խղճուկ են: Տարածաշրջանի մի շարք երկրներ համարվում են նավթի եւ գազի մեծաքանակ պաշարներ ունեցողներ եւ արտահանողներ, իսկ ժողովրդական հուզումների շարունակման դեպքում դրանք Եվրոպա ուղարկելու ճանապարհին հաստատ խափանումներ կառաջանան: Կա նաեւ շքանշանի հակառակ կողմը. Հյուսիսային Աֆրիկայի երկրները ոչ միայն նավթի ու գազի կարեւոր մատակարարներն են, այլեւ համարվում են եվրոպական ապրանքների հիմնական սպառողներից մեկը: Ուստի, սպառողական նման շուկայի կորուստը կարող է հանգեցնել եվրոպական ապրանքների արտահանման ծավալների նվազեցմանը` ճգնաժամի կրկնվելու վտանգն էլ ավելի մեծացնելով:Ալժիրը Եվրոպային մատակարարում է սպառվող գազի 10 տոկոսը, Լիբիան` սպառվող նավթի 7-8 տոկոսը: Եթե այդ մատակարարումները խափանվեն, ապա Եվրոպան հաստատ ստիպված կլինի դիմել Ռուսաստանին, մի բան, որը խիստ անցանկալի է ռուսական էներգետիկ կախվածությունից ամեն կերպ դուրս գալ ձգտող Եվրոպայի համար: Անշուշտ, Ռուսաստանը ի վիճակի է ապահովել նման քանակության էներգակիրներ, սակայն դրա դիմաց կպահանջի քաղաքական զիջումներ:Եթե նախքան Լիբիայում իրավիճակի հանդարտեցումը իրադրությունը հանկարծակի լարվի Իրանում եւ Սաուդյան Արաբիայում, ապա նավթի գնի ռեկորդը` 150 ԱՄՆ դոլար 1 բարելի դիմաց, շատ արագ կգերազանցվի: Իսկ այդ դեպքում համաշխարհային ֆինանսական կոլապսի կրկնությունն ընդամենը օրերի հարց է: Եթե Արեւմուտքը Իրանի վրա ազդելու ուղղակի լծակներ չունի, ապա Սաուդյան Արաբիայի պարագայում վիճակը մի փոքր այլ է: Թագավորը հասկացել է, որ այժմ ապահովագրված չէ որեւէ իշխանություն, այդ թվում նաեւ իրենը: Վերադառնալով ԱՄՆ-ից` Աբդուլլա թագավորը 35 մլրդ դոլար հատկացրեց հպատակների սոցիալական խնդիրների լուծման համար: Սակայն այդ «մեծահոգությունը» նրան չի ապահովագրում հնարավոր ցնցումներից, քանի որ ժողովուրդը ցանկանում է ոչ միայն հաց, այլ նաեւ քաղաքական ազատություններ: Ինչեւէ, ամբողջ աշխարհի խնդրանքը Սաուդյան Արաբիայում ապրող մարդկանց պետք է լինի այն, որ նրանք հեղափոխություն սկսեն միայն այն ժամանակ, երբ էներգակիրներով հարուստ մյուս տարածաշրջաններում իրավիճակը կայունանա: ԱՐԻՍ ՎԱՂԱՐՇԱԿՅԱՆ
ՆՈՐ ՃԳՆԱԺԱՄԻՆ ԸՆԴԱՌԱՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ