ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ ԹՎԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է այս տարվա առաջին ութ ամիսների, այսինքն՝ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման վերջին շրջանի վիճակագրական տվյալները, որոնք նախորդ ամիսների համեմատ ակնհայտ անկում են արձանագրել:

Այլ կերպ ասած՝ պաշտոնական վիճակագրությունն այս դեպքում ազատ է եղել առկա անկումները ցույց տալու. ի վերջո, այլեւս նախկին վարչապետի կառավարության գործունեության մասին է խոսքը: Այսպիսով, ըստ ԱՎԾ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական աճը այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,4 տոկոս: Հիշեցնենք, որ վեց ամսվա արդյունքներով տնտեսական աճը կազմել էր 4,8 տոկոս, ինչը Հովիկ Աբրահամյանը մեծ շուքով էր նշել` պետական կառավարման օղակների մի քանի տասնյակ աշխատակիցների արժանացնելով դրամական պարգեւների: Մեկ ամիս անց յոթ ամիսների արդյունքներով տնտեսական աճը նվազեց 3 տոկոսով: Այսօր արդեն այն կրկին անկում է ապրել:
Այսպիսով շինարարության ոլորտում անկումը, որը այս տարվա սկզբից անընդհատ արձանագրվում էր, ութ ամիսների արդյունքներով եւս շարունակվել է ու կազմել է 2,5 տոկոս: Գումարային արտահայտությամբ շինարարության ծավալների անկումը կազմել է ավելի քան 14 միլիարդ 311 միլիոն դրամ: Հունվար-օգոստոս ժամանակահատվածում առեւտրի շրջանառությունը եւս շարունակել է անցած տարվա համեմատ նվազել: Անկումը կազմել է 0,4 տոկոս: Այսինքն՝ անցած տարվա ութ ամիսների համեմատ այս տարի Հայաստանի սպառողների գնողունակությունը նվազել է մոտ 44 միլիարդ դրամի կամ 93 միլիոն դոլարի չափով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալները եւս նվազել են: Բանն այն է, որ այս տարվա վեց ամիսների արդյունքներով արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ աճել էին 8,9 տոկոսով, յոթ ամիսների արդյունքով այդ ցուցանիշը նվազեց 7 տոկոսով, իսկ, ահա, ութ ամիսների արդյունքներով այն իջել է 7 տոկոսի մակարդակին:
Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրության ծավալները եւս շարունակում են նվազել: Նախ հիշեցնենք, որ այս տարվա վեց ամիսների արդյունքներով էլէներգիայի արտադրության ծավալները, անցած տարվա համեմատ, նվազել էին 4,9 տոկոսով, մեկ ամիս անց այդ ցուցանիշը կազմեց 5,5 տոկոս, իսկ արդեն ութ ամիսների կտրվածքով այն դարձել է 5,9 տոկոս: Այսինքն՝ գնալով Հայաստանում ավելի քիչ էլեկտրական էներգիա է արտադրվում եւ սպառվում: Հանրահայտ իրողություն է, որ տնտեսության զարգացման պայմաններում էլէներգիայի սպառումը ավելանում է: Հետեւաբար, եթե էլէներգիայի սպառումը սկսում է նվազել, ապա դա փաստում է, որ տնտեսությունը եւս անկում է ապրում:
Ուստի ամենեւին էլ պատահական չէր, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, առաջին անգամ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի մասնակցելով, հայտարարեց, թե Հայաստանի տնտեսությունը շատ վատ վիճակում է: Իհարկե, դեռ հարց է, թե նրա պաշտոնավարման ընթացքում ԱՎԾ ինչպես կգործի, արդյո՞ք այդ կառույցը կշարունակի «պլպլացրած» ցուցանիշներ ներկայացնել` Հայաստանի հանրությանը համոզելով, թե իբր մեր տնտեսությունը սրընթաց վերելք է ապրում, մյուս կողմից մի շարք տվյալներ, որոնք հնարավոր չէ փոխել, հակառակի մասին են վկայում եւ այսպես շարունակ: Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը վաղուց դադարել է հավատ ներշնչել այն պարզ պատճառով, որ մշտապես փորձում է հանրությանը համոզել, թե իբր տնտեսությունը շարունակում է զարգանալ, սակայն մարդիկ իրենց առօրյայում այլ իրողություն են տեսնում:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԱԺ-Ի «ՀՐԱՎԵՐԻՆ»
Բազմիցս նշվել է, որ Հայաստանի Անկախության 25-ամյակի տարեդարձին նվիրված համաներում է հայտարարվելու: Նույնիսկ նախագիծը քննարկելու հնարավոր օրն է շրջանառվում` սեպտեմբերի 26-ին: Հնարավոր է համարվում, որ այդ օրը հատուկ համաներման նախագիծը քննարկելու համար խորհրդարանում արտահերթ նիստ հրավիրվի: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ համաներման նախագիծը եւ հարակից փաստաթղթերը պատրաստ են, եւ նախագահականի մասնագետները սպասում են խորհրդարանի «հրավերին»: Այսինքն՝ երբ Ազգային ժողովից կասեն, որ պատարստ են հարցի քննարկմանը, նախագիծն անմիջապես կներկայացվի քննարկման:

 

 

ԿԼՈՒԾԱՐՎԻ
«Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի: Նշենք, որ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են պետությանը: Ժամանակին այս ընկերությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականացրել է նավթամթերքների մեծածախ եւ մանրածախ առեւտուր: Սկսած 2004 թվականից «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ն գործունեություն չի իրականացնում, ունի մեկ աշխատող՝ տնօրեն: Ընկերության գույքի հիմնական հատվածը՝ վարչական շենքը, պոմպակայանները եւ դրանց կից տեխնոլոգիական խողովակաշարը, վաճառվել է ԴԱՀԿ ծառայութան կողմից: Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցման են ներկայացվել երեք անգամ, սակայն այն չի կայացել գնորդ չլինելու պատճառով: Ինչի արդյունքում այս տարվա ապրիլի 22-ին կայացած «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ տարեկան ժողովում, ուսումնասիրելով ընկերության ֆինանսական հաշվետվությունները, առաջարկվել է ընկերությունը լուծարել: Համապատասխան որոշման նախագիծը կքննարկվի ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

 

 

ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը հայտարարագրել է 1 մլն դրամ դրամական միջոց: Հիշեցնենք, որ վերջինս մինչ այս զբաղեցնում էր նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը: Նա անցած տարեսկզբին ունեցել է 3 մլն դրամի փոխառություն, սակայն տարվա ընթացքում հանձնել է 52 հազար դոլարի եւ տարեվերջին վերադարձրել է նույնքան փոխառություն: Նա փոխառություններից ստացել է 817 հազար դրամի եւ 8 հազար 60 եվրոյի եկամուտ: Նրա մյուս եկամուտը՝ աշխատավարձը, ամսական կազմել է 912 հազար դրամ: Արամյանի տիկինը՝ Իզաբելլա Հովհաննիսյանը, նույնպես բավական ունեւոր է: Նա անցած տարի 3.5 մլն դրամով գնել է «Mercedes-Benz C230» մակնիշի ավտոմեքենա: Նախարարի կինն անցած տարի հանձնել է 40 հազար դոլարի փոխառություն եւ տարեվերջին հետ ստացել: Նրա դրամական միջոցները անցած տարվա վերջին կազմել են 20 հազար եվրո եւ 40 հազար դոլար: Նա հայտարարագրել է երկու աշխատավարձ` 544 հազար դրամ եւ 16 հազար 632 եվրո: Իսկ տրված փոխառություններից ստացված տոկոսները կազմել են 1 մլն 832 հազար դրամ:

 

 
ԿՎԵՐԱՆԱՅՎԻ
Երեկ «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ արդեն հանձնարարել է սոցիալապես անապահովներին տարանջատել ապահովներից ու նրանց համար սահմանել սակագներ, բացի այդ՝ գյուղատնտեսության վերամշակող ձեռնարկատերերի համար ստեղծել բարենպաստ պայմաններ: Հարցին` այսինքն՝ սոցիալապես անապահովների` մինչեւ 200 Կվտ սպառողների համար սակագինը կվերանայվի, ինչպես առաջ էր, վարչապետը պատասխանել է. «Կարող է եւ ավելին»:

 

 

200 ԿՐԱԿՈՑ
Սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 20 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 200 կրակոց:

 

 

ԿԵՐԿԱՐԱՁԳԵՆ
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ArmLur.am-ին հայտնել է, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Ղուկասյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու համար. «Քննիչը տեղեկացրեց, որ նման միջնորդություն է ներկայացվել, եւ վաղը /այսօր/ պետք է Ղուկասյանի հետ ծանոթանանք ներկայացված փաստաթղթերին»: Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ:

 

 

ԿՎԵՐԱԲԱՑԵՆ
Ադրբեջանը պատրաստ է վերաբացել Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը, եթե դրա ղեկավարի պաշտոնում վերանշանակվի ֆրանսիացի դիվանագետ Ալեքս Շահթախթինսկին: Նախօրեին Բաքու ժամանած Եվրախորհրդարանի պատվիրակության անդամների հետ հանդիպման ընթացքում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հիշեցնենք՝ ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի գործունեությունը Ադրբեջանի իշխանությունների պահանջով դադարեցվեց 2015-ի ամռանը` առաքելության այն ժամանակվա ղեկավար Շահթախթինսկու պաշտոնանկությունից հետո: Ադրբեջանական ծագում ունեցող ֆրանսիացի դիվանագետը մեղադրվում էր Բաքվի պաշտոնական շրջանակների հետ սերտ կապեր ունենալու մեջ:




Լրահոս