ԳՅՈՒՄՐՈՒ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ՄԱՀՎԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 20-ին նախընտրական Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքապետի՝ ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին, հայտնաբերել են մահացած՝ գլխի շրջանում, ավելի կոնկրետ՝ ականջի հետեւում, ստացած հրազենային վնասվածքով:

Դեպքը ոչ միայն Գյումրիում, այլեւ երիտասարդի հարազատների համար առեղծված է դարձել: Բանն այն է, որ փաստի առթիվ հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին (արժանապատվությունը նվաստացնելու ճանապարհով ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրելը), իսկ մահացածի մերձավոր շրջապատում գտնվողները չեն հավատում, որ նա կարող էր ինքնասպանության դիմել. դրան դրդող հանգամանքներ երբեւէ չեն եղել:
Ինչ լուրեր են շրջանառվել մինչ այս պահը
Նախ նշենք, որ դեպքից անմիջապես հետո խոսվում էր այն մասին, որ կատարվածը քաղաքական միտումների հետեւանք էր: Գյումրեցիների շրջանում խոսվում է, թե դեպքի նախորդ օրը Գյումրու «Շառլ Ազնավուր» հրապարակում Վ. Գրիգորյանի մրցակիցները պաստառներ էին փակցրել, որի վրա պատկերված են եղել զառեր՝ «Հաջողության բանաձեւը» վերտառությամբ: Նույն խոսակցությունների համաձայն՝ սա ակնարկ էր Վ. Գրիգորյանի՝ Ապարի հաջողություններին ուղղված: Գյումրեցիները նշում են, որ Վ. Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։
Գյումրեցիների պատմելով՝ պաստառը տեղադրելու մտահղացումը եղել է ՀՀԿ-ի կողմից առաջադրված գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդունը՝ Միսակինը: Նա ՀՀԿ-ի շտաբի մի քանի անդամների հետ որոշել է ծածուկ չար կատակ մոգոնել: Երեկ երեկոյան Ա. Գրիգորյանը գնացել է, որպեսզի պոկի պաստառը, եւ այստեղ նրան են մոտեցել մի քանի հոգի, եւ բախում է տեղի ունեցել:
Հարկ ենք համարում նշել, որ «Գյումրեցու ոգի» կուսակցության նախագահ Սահակ Սարադյանը հաստատել է, որ պաստառն իրենց կուսակցությունն է կախել, որը դեպքից հետո իրենց իսկ նախաձեռնությամբ հանվել է՝ միաժամանակ հայտարարելով, որ իրենք աբսուրդ են որակում պաստառի պատճառով ինքնասպանության գնալը:
Ի դեպ, նշված կուսակցության հիմնադիրը Գյումրու գործող քաղաքապետ Ս. Բալասանյանն ու նրա որդին են՝ Միսակ Բալասանյանը:
Իսկ նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո, ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Ս. Սարադյանը, քննչական մարմինն իրեն կամ կուսակցության այլ անդամների հարցաքննության չի կանչել:
Ըստ գյումրեցիների՝ Գրիգորյան եղբայրները քաղաքում խաղաղասեր տղաների համբավ ունեն, նրանց հետ կապված երբեւէ որեւէ ավելորդ խոսակցություններ կամ նրանց մասնակցությամբ միջադեպեր չեն եղել:
Ինչ է մեկնաբանում դատախազը
Կատարվածից հետո Գյումրիում առաջադրված բոլոր կուսակցությունները ժամանակավորապես դադարեցրին քարոզարշավները, քաղաքում Անկախության 25-րդ տարեդարձը եւս չնշվեց: Խոսակցություններ կան, որ որոշ խանութներ եւ առեւտրի կրպակներ փակվել են:
Հանրապետության 2-րդ քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը հանգիստ չի տալիս բնակիչներին: Կատարվածը սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն. հարցեր են, որոնց պատասխանները հստակ չունի նաեւ իրավապահ համակարգը:
Նախ նշենք, որ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Առաջին» լրատվականի հետ զրույցում կարեւոր մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել: Էնֆիաջյանի փոխանցմամբ՝ իր կուսակցի որդին աջլիկ է, իսկ կրակոցն արձակվել է ձախ ձեռքով: Ըստ երեւույթին, ԲՀԿ-ականը հայտնում է, որ հրազենային վնասվածքը Ա. Գրիգորյանը ստացել է ձախ ականջի հատվածում: Համենայնդեպս, ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրությունը վնասվածքի մանրամասների մասին տեղեկություններ չի պարունակում: Պաշտոնական աղբյուրից միայն հայտնի է դարձել այն, որ երիտասարդը հրազենային վնասվածքը ստացել է իրենց առանձնատան նկուղում արձակված կրակոցի արդյունքում։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ։
Վերը բերված հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանի հետ:
-Պարո՛ն Գաբրիելյան, իրար հակասող տեղեկություններ են տարածվում: Խոսվում է այն մասին, որ մահացածը աջլիկ է, իսկ կրակոցը ձախ ձեռքով է արձակվել: Ի՞նչ կասեք սրա մասին:
-Ինչ տեղեկություններ կան, մենք հայտնել ենք:
-Ինչո՞ւ քրեական գործը միանգամից ինքնասպանության դրդելու հատկանիշներով հարուցվեց:
-Հիմա նշված հանգամանքները՝ ինքնասպանություն գործելու, պարզվում են: Այս պահին ես այլ մանրամասներ ասել չեմ կարող:
-Գոնե կասկածյալներ կա՞ն: Ո՞վ է եղել ենթադրյալ դրդողը:
-Կատարված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ քր. օրենսգրքի 110-րդ եւ 235-րդ հոդվածների առաջին մասերի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ, այս պահին արդյունավետ քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Այլ տեղեկություններ չեմ կարող հայտնել:
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ, խնդրում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազության լրատվության վարչություն:
-Իսկ կասե՞ք ՝ հայտնի՞ է՝ ում է պատկանում հրազենը, որով արձակվել է կրակոցը:
-Ոչ մեկ չգիտի այս պահին: Կատարվում է նախաքննություն՝ այդ հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ցավոք, Շիրակի մարզի գլխավոր դատախազի պաշտոնակատարից որեւէ ստույգ տեղեկություն իմանալ չհաջողվեց: Էական հարցերի մեծ մասը շարունակում են անպատասխան մնալ:
Այլ մանրամասներ
«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ մեր տեղեկությունների՝ դեպքից առաջ Ա. Գրիգորյանը հարազատների հետ շփվել է նույն ձեւով, ինչ մյուս օրերին: Նրա վարքի մեջ որեւէ տարօրինակ կամ անսովոր պահվածք չի նկատվել: Դեպքից առաջ՝ առավոտյան, երիտասարդը հոր՝ քաղաքապետի թեկնածու Վ. Գրիգորյանի հետ նախընտրական ծրագրերն է քննարկել, ապա մորեղբոր որդու հետ սրճարան այցելել: Դեպքից ժամեր առաջ տան անդամների հետ պայմանավորվել է, որ պետք է միասին ինչ-որ տեղ գնան: Տնից դուրս է եկել, մի քանի րոպե ուշանալուց հետո տան անդամներից մեկը գնացել է նրա հետեւից ու հայտնաբերել դին:
Մնում է հույս դնել քննության վրա… բայց արժի՞ արդյոք…

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՅՈՒՐԱՑՆՈՂԸ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի մեղադրանքը լրացվել է:
Ինչպես հայտնի է՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ին ազգային անվտանգության ծառայությունը Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծել էր հանցավոր խումբ, որի պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Այս գործով դեկտեմբերի 19-ին ազգային անվտանգության ծառայությունը կալանավորեց ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին, եւ նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից, պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով:
Այս աղմկահարույց գործով նախաքննությունը ավելի քան 10 ամիս է, ինչ շարունակվում է, եւ գործով նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Մեզ հասած տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ՊՆ նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով՝ իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հասկանալի է, որ առաջադրված մեղադրանքը աբսուրդ է, քանի որ Սերժ Սարգսյանի իշխանությունը որեւէ մեկի կողմից յուրացված չէ, առավել եւս Շիրխանյանի: Հասկանալի է, որ ուղղակի խնդիր է դրված վատառողջ տարեց գործչին կալանքի տակ պահել:
«ժողովուրդ»-ի հետ զրույցում Վահան Շիրխանյանի որդին՝ Գոռ Շիրխանյանը հայտնեց, որ իր հոր գործով արդեն դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ Գոռ Շիրխանյանի՝ դիմումը մարդու իրավունքների տասնյակից ավել խախտումների մասին է. «Դրանք վերաբերում են ե՛ւ անմարդկային վերաբերմունքին, ե՛ւ առողջությանն ու կյանքին սպառնացող վտանգին, ե՛ւ այլ խախտումների»:
Ինչ վերաբերում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում գտնվող Վահան Շիրխանյանին, ապա, ըստ Գոռ Շիրխանյանի, նրա առողջական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, եւ կա բժիշկների ներգրավելու անհրաժեշտություն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ` սեպտեմբերի 17-ին, քաղաքում կրակոցներ են հնչել: Միջադեպի մասնակիցներն էին վերընտրված քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, եւ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը:

Ըստ նախնական պատկերի` նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդի Ստեփան Աբգարյանի ՎԱԶ-2106 ավտոմեքենան կտրել է քաղաքապետ Գրիգորյանի ճանապարհը, ու կրակոցներ են արձակվել գործող քաղաքապետի մեքենայի ուղղությամբ: Ասում են` ՎԱԶ-2106 ավտոմեքենայում է եղել նաեւ քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, ով այս պահին դեռ վնասվածքներ ունի: Երեկ «Ժողովուրդ»-ին չհաջողվեց խոսել Ա. Թումանյանի հետ. նրա կնոջ փոխանցմամբ` Թումանյանն անգիտակից վիճակում է: Սակայն դեպքի օրը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, թե ինքն օդ է կրակել, որպեսզի գեներալի որդին՝ Կ. Գրիգորյանը, եղբայրն ու նրանց՝ շուրջ 20 թիմակիցները դադարեցնեն իրենց նկատմամբ հետապնդումներն ու մեքենաներով չհարվածեն ընթացքի մեջ գտնվող իրենց մեքենային: Զենքն էլ, ասել է, իրենը չէ՝ Կ. Գրիգորյանի ձեռքից է ընկել, ինքն էլ վերցրել է: Իսկ ըստ էջմիածնեցիների՝ մեքենան, որի ուղղությամբ իբր արձակվել են կրակոցները, «անհիշելի» ժամանակներում արտադրված ՎԱԶ-2106 է, որի անգամ ապակիները չեն իջնում, բարձրանում, ուր մնաց հետեւի ապակիներից կրակեն։ Խոսվում է անգամ այն մասին, որ քննիչները չեն կարողանում կողմնորոշվել` որ ուղղությամբ տանել գործի քննությունը, քանի որ էական փաստեր, իրեղեն ապացույցներ գոյություն չունեն:
Այս տեղեկությունների շուրջ մեկնաբանություն ստանալու համար «Ժողովուրդ»-ը կապ հաստատեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանի հետ, ով լուրերը սուտ որակեց: Վերջում հավելենք, որ այս զինված միջադեպի առթիվ հարուցվել է քր. գործ՝ սպանության փորձի եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու, օգտագործելու հատկանիշներով:

Տ. Հ.




Լրահոս