ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՈՒՄԸ ՕՊՏԻՄԱ՞Լ ՔԱՅԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ի նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով քաղաքաշինության նախարարությունը վերանում է եւ դառնում կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե: Որքանո՞վ է այս քայլը օպտիմալ, եւ ի՞նչ հետեւանքների այն կարող է հանգեցնել. թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ճարտարապետների հետ:

Այսպիսով` Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այն կարծիքին է, որ նախարարության վերացումից ոչ մի բան չի տուժի. «Ռուսաստանի պես մեծ երկիրը, որը հսկայական ծրագրեր է իրականացնում, առանձին քաղաքաշինության նախարարություն չունի, փոխարենը ունի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչություն»,-նկատեց միության նախագահը:
«Արդյոք կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե ունենալը բավարա՞ր է»,-հարցրինք մենք, ինչին ի պատասխան՝ Մ. Մինասյանը նշեց. «Իհարկե, ժամանակին հենց կոմիտե ենք ունեցել: Ինձ թվում է` դրանից ճարտարապետության կամ քաղաքաշինության որակը չի ընկնի»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը եւս կարեւորություն չի տալիս` քաղաքաշինության նախարարություն կունենանք, թե կոմիտե. «Տարիներ առաջ կոմիտե էլ ունեցել ենք: Հետո արդեն` անկախության տարիներին, անունը դրեցին նախարարություն: Անունի փոփոխությունից բան չի փոխվում: Այս պարագայում էականը ոչ թե կառույցի անվանումն է, այլ «Քաղաքաշինության մասին» օրենքի գերակայությունը պահպանելը, ոլորտի օրենսդրական դաշտը կարգավորելը, ուրիշ ոչինչ»,-մեզ հետ զրույցում շեշտեց նա:
Իսկ, ահա, ճարտարապետ Արտակ Ղուլյանի համոզմամբ` քաղաքաշինության նախարարության վերացումը սխալ քայլ է. «Ո՞նց կարող է երկիրը, որն իր ամբողջ պատմության ընթացքում հայտնի է շինարարությամբ, քաղաքաշինության նախարարություն չունենա»,-տարակուսեց նա:
Միեւնույն ժամանակ՝ Ա. Ղուլյանը խոստովանեց, որ աղոտ պատկերացումներ ունի քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների գործառույթների վերաբերյալ. «Պարզ չէ, թե դրանք ինչով են զբաղված, այնպես որ նախարարություն կլինի, կոմիտե թե վարչություն, ինձ համար մի քիչ անհասկանալի է: Ես չեմ կարող ասել` նախարարութան վերացումով եւ կառավարությանն առընթեր մարմին կամ կոմիտե դառնալով` քաղաքաշինությունը ավել կկարեւորվի, թե պակաս: Հիշում եմ, օրինակ, որ ժամանակին նախարարների խորհրդին կից հուշարձանների պահպանության գլխավոր վարչություն կար, հետո «գլխավոր» բառը հանեցին, դարձավ վարչություն, հետո վարչությունը դարձավ խեղճ ու կրակ գործակալություն, հիմա այն մշակույթի նախարարությանը կից փոքրիկ մարմին է, որը ո՛չ նորմալ ֆինանս ունի, ո՛չ ուժ: Իսկ քաղաքաշինության նախարարության վերացման դեպքում չգիտեմ` ինչ կլինի, մյուս կողմից էլ մտածում եմ` գուցե սրա մեջ ինչ-որ դրական բան կա… Սպասենք, տեսնենք` ինչի կհանգեցնի այս ամենը»,-եզրափակեց ճարտարապետը:
Վերջում առաջարկում ենք վերհիշել ՀՀ քաղաքաշինության նախարարության ստեղծման պատմությունը: Նախ` նշենք, որ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության շինարարության մինիստրությունը լուծարվել է 1988 թվականին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ եւ ստեղծվել է պետական շինարարական կոմիտե: 1990 թվականին շինարարական կոմիտեն վերակազմավորվելով՝ անվանվել է հայկական ԽՍՀ շինարարության մինիստրություն:
Հայաստանի անկախության տարիներին` 1995 թվականին, ստեղծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը:
2000 թվականին նախարարությունը վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման ու քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության: Մեկ տարի անց` 2001 թվականին, նախարարությունը վերակազմակերպվել եւ կոչվել է ՀՀ քաղաքաշինության նախարարություն:

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ԵՐԳԻՉ ԱՐՄԱՆ ԷԼԲԵՐՏԸ

«Երգ երգոց», «Երկու աստղ», «22:30 Ռետրո», «10-ից 10» հեռուստածրագրերից հայտնի երգիչ Արման Էլբերտը, ով նախկինում հաճախ հանդես էր գալիս դուետներով, վերջին շրջանում էկրաններին չի երեւում, նրան երաժշտական ասպարեզում չենք տեսնում: Տեւական դադարից հետո միայն՝ 2015-ի գարնանը, նա թողարկեց տեսահոլովակ «Պատրանք» երգի հիման վրա եւ կրկին լռեց: «Ժողովուրդ»-ը պարզել է Արմանի լռության պատճառները, տեղեկացել` ինչով է նա այժմ զբաղվում:

Երգիչը մեզ հետ զրույցում նշեց, որ կյանքի այս փուլում էնտուզիազմի պակաս ունի: Նրա խոսքով` ինքը չի ձգտում էկրաններին երեւալ, նախկինում էլ նման շեշտված ցանկություն չի ունեցել. միշտ իրեն են հրավիրել: Իսկ այժմ Արմանը խոստովանեց, որ իրեն առաջարկում են մասնակցել տարբեր հեռուստածրագրերի, բայց ինքը չի համաձայնում: Տեսահոլովակ կամ երգերի աուդիո տարբերակ թողարկելու ցանկություն էլ չունի, առանձնապես չի շտապում. «Ամեն դեպքում, զբաղվում եմ արվեստով, երգեր եմ հեղինակում, երաժշտություն եմ գրում ռուսական ֆիլմերի համար, բացի այդ` զբաղվում եմ այդ ֆիլմերի երաժշտական ընդհանուր ձեւավորմամբ: Վերջերս հեղինակել եմ նաեւ երաժշտություն թատրոնի համար: Խոսքը ռեժիսոր Դավիթ Հարությունյանի բեմադրության մասին է: Այն կներկայացվի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում»,-ասաց Արմանը:
Նրա ընկերները, կինը` երգչուհի Արփինե Բեկջանյանը, հաճախ համոզում են Արմանին վերադառնալ ասպարեզ, սակայն վերջինս, ինչպես ինքն է ասում, հասկանում է նրանց, բայց չգիտի, թե ինչ պատասխանի:
Արմանն արդեն 3 տարի է` ակումբներում կամ ռեստորաններում չի երգում. «Երեւի այդ տեղերի մասսային ծանոթանալուց հետո էլ կոտրվեցի, զգացի, թե մարդիկ ինչ անորակ երգերի են նախապատվություն տալիս»,-անկեղծացավ երգիչը:
Հարցին, թե հույս ունենա՞նք, որ Արմանը մի օր նորից ակտիվություն կցուցաբերի երգարվեստի ասպարեզում, վերջինս պատասխանեց. «Անպայման: Ես ունեմ գործեր, որոնք ամեն դեպքում պետք է թողարկեմ: Վերջերս ներքուստ զգում եմ, որ ժամանակն է քայլ անելու»:

Նյութերը՝ ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ

 

 

 
ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ ԵՆ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը քննության տակ է առնվել, նա մեղադրվում է երեխաների հանդեպ դաժան վարք ցուցաբերելու մեջ: TMZ-ի փոխանցմամբ` նախորդ շաբաթ դերասանը, ընտանիքի հետ գտնվելով մասնավոր ինքնաթիռում, ոչ ադեկվատ վարք է ցուցաբերել, զայրացել, բղավել է երեխաների վրա, անգամ հարվածել է նրանցից մեկին:
Փիթն ու Ջոլին արդեն հարցաքննվել են, իսկ երեխաները հարցաքննվելու են ավելի ուշ: Դերասանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Փիթը հերքում է իր դեմ ներկայացված մեղադրանքը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ջոլին ամուսնալուծության հայց էր ներկայացրել դատարան՝ նշելով, որ գոհ չէ ամուսնու ծնողական պարտականությունների կատարման մակարդակից: Նա խնդրել էր 6 երեխայի խնամակալության իրավունքն իրեն տալ՝ թույլ տալով Փիթին հանգստյան օրերին այցելել նրանց:
Հավելենք, որ հոլիվուդյան զույգը համատեղ կյանքի 11 տարվա ընթացքում ունեցել է 3 երեխա, իսկ մյուս 3-ը որդեգիր են:

 

 

2 ՕՐՈՒՄ` 2 ՄԼՆ ԴԻՏՈՒՄ
Սեպտեմբերի 21-ին իր Youtube LadyGagaVEVO ալիքով հայտնի էպատաժային երգչուհի Լեդի Գագան ներկայացրել է Perfect Illusion երգի տեսահոլովակը եւ այս կարճ ժամանակահատվածում` երկու օրում, հասցրել է ապահովել ավելի քան 2 միլիոն դիտում:
Երգը, որը կոտրված սրտի մասին է, ներառված է երգչուհու նոր ալբոմում: Այն կթողարկվի տարեվերջին: Երգի համահեղինակներն ու համապրոդյուսերներն են Մարկ Ռոնսոնը, Քեւին Փարկերը ու BloodPop ձայնագրման ստուդիան:

 

 

ԿՌԻՎ ՈՒ ԱՂԵՏ
Հայտնի ամերիկացի երգիչ, կոմպոզիտոր ու դիջեյ Մոբիի նոր` These Systems Are Failing տեսահոլովակում տեղ են գտել ժամանակակից հասարակության կործանմանն առնչվող դրվագներ: Հոլովակում կարելի է տեսնել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարից հետո լքված Պրիպյատ քաղաքը, ռազմական գործողությունների հետեւանքով հողին հավասարեցված քաղաքներ, ինչպես նաեւ` բնական աղետների դառը հետեւանքներ: ՁԸհհ-ի փոխանցմամբ` այս ամենի կողքին ներկայացված են նաեւ քաղաքական բնույթի իրադարձություններ ու դրվագներ: Տեսահոլովակում անդրադարձ է կատարվել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորների կռվին, նաեւ` ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի ելույթին:




Լրահոս