ԿԱՆՉԵՑԻՆ, ՉԳՆԱՑ, ԲԵՐՄԱՆ ԵՆԹԱՐԿԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 2-ին Սեւանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախաշեմին քաղաքում, կարծես, կենաց-մահու պայքար է ընթանում: Կիզակետում է հայտնվել գործող քաղաքապետ, քաղաքապետի ինքնաառաջադրված թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը՝ հանրահայտ Ուդոն, ով հանրությանը հայտնի է կրիմինալ վարքով։

Կարելի էր կարծել, թե քաղաքում ստեղծված իրավիճակը պետք է նախընտրական պայքարով արտացոլվեր, քանի որ ըստ որոշ տեղեկությունների՝ Ռուդիկ Ղուկասյանին իր հարազատ ՀՀԿ-ն չի աջակցում, իսկ մարզպետը, նույն տեղեկությունների համաձայն, սատարում է ինքնաառաջադրված մյուս երեք թեկնածուներին՝ ՀՀԿ անդամներ Սեւանի նախկին քաղաքապետներ Գեւորգ Մալխասյանին, Աշոտ Ալեքսանյանին եւ Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալ, անկուսակցական Սարգիս Մուրադյանին: Պարզվում է՝ ամեն բան միանգամայն ուրիշ հարթության վրա է գտնվում:
Սակայն ամեն ինչի մասին ըստ հերթականության:
Նախ պաշտոնապես
Այսպես, երեկ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ Գեղարքունիքի մարզային քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր 2016 թվականի հուլիսի վերջերին Սեւանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու վերաբերյալ։
Սեւանի քննչական բաժնում սեպտեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով 2-րդ մասի 1-ին կետով (պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ յուրացում կատարելը):
Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը ծանուցագրով հրավիրվել է որպես վկա հարցաքննության։ Վերջինս չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին՝ առանց պատշաճ իրազեկելու չներկայանալու պատճառների մասին, եւ քննիչը որոշում է կայացրել նրան բերման ենթարկել։ Ապա Ռ.Ղուկասյանը ներկայացել է քննչական մարմնին:
Նախ նշենք, որ լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, որ քաղաքապետը բերման է ենթարկվել Մարտունու քննչական բաժին, որտեղ քննվում է գործ` ստորգետնյա խողովակներ յուրացնելու հետ կապված:
Խոսքը Սեւան քաղաքի հաշվեկշռում գտնվող ջրահեռացման կոլեկտորի երկաթյա խողովակների յուրացման մասին է: Համայնքի պաշտոնատար անձինք, ըստ նախաքննական մարմնի, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, զգալի չափերի հասնող՝ 110 գծամետր, որից 66 գծամետրը՝ 600 մմ տրամագծի, իսկ 44 գծամետրը՝ 1000 մմ տրամագծի խողովակներ են յուրացրել: Ռ. Ղուկասյանը չի ընդունում իր պատասխանատվությունն այս մասով:
Ի՞նչ է թաքցնում քաղաքապետը
Պարզվում է՝ սա քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի անվան հետ շոշափվող միակ անօրինական դրվագը չէ: Բանն այն է, որ ընթացիկ ամսվա սկզբին Ռ. Ղուկասյանը հարցազրույցներից մեկի ժամանակ, անդրադառնալով Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին, հայտարարել է, թե վերջինս «խոպանչու» հոգեբանություն ունի՝ նշելով, որ մարզպետն իր դեմ է աշխատում եւ իր թիկունքում այլ թեկնածուների է նախապատրաստում:
Սրան ի պատասխան՝ մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, թե «միայն փոքր ուղեղում կարող էին մեր յոթ միլիոն հայրենակիցները խոպանչի ընկալվել», ապա շարունակել է. «Ինքն իր աշխատանքային գործունեության ընթացքում տարբեր քրեական գործերով է անցել: Իմ լիազորությունների շրջանակում, վարչական վերահսկողության ընթացքում բացահայտվեցին տարբեր տեսակի խախտումներ: Պետական միջոցներից համայնքին տրվող ֆինանսական միջոցները, որոնք պետք է ծախսվեին կոնկրետ ուղղվածությամբ, այլ տեղ են գնացել՝ իր ոճին համապատասխան…
Ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները կարձագանքեն, եւ ես կներկայացնեմ վարչական վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունը եւ առանձին տեղեկանք կտրամադրեմ այլ խախտումների վերաբերյալ»:
Եվ ահա, երեկ որոշ հանգամանքներ ջրի երես դուրս եկան ավելի շուտ, քան կարելի էր սպասել:
Պարզվում է նաեւ, որ Սեւանի քաղաքապետը քաղաքի ճարտարապետին գործուղել է Տավուշի մարզ՝ փորձի փոխանակման։ Ընդ որում՝ գործուղումը ձեւակերպվել է այն բանից հետո, երբ քննիչը ճարտարապետին հրավիրել է հարցաքննության։ Խոսքը խողովակների վատնման գործի մասին է։ Ի դեպ, ըստ լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների՝ այս քրեական գործով քննիչը նախ ցանկացել է հարցաքննել քաղաքի ճարտարապետին եւ նրան հրավիրել է հարցաքննության։ Սակայն ճարտարապետը չի ներկայացել, փոխարենը քաղաքապետարանից գրություն է ստացվել, որ նա գործուղվել է մարզ՝ փորձի փոխանակման՝ 10 օրով։
Իսկ ինչո՞ւ հենց հիմա քաղաքապետը որոշեց ճարտարապետին «հեռացնել»: Թերեւս, թաքցնելու ինչ-որ բան ունի, ինչի համար էլ չի ուզում, որ ճարտարապետը ներկայանա քննության։
Ի դեպ, հարցաքննությունից հետո քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը լրատվամիջոցներով նոր հայտարարությամբ հանդես եկավ: Նրա խոսքով՝ իրեն բերման ենթարկելը շոու է՝ կազմակերպված Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի կողմից. «Շոու ա կազմակերպել, որ պիտի գան 4 հոգով գործող քաղաքապետին աշխատավայրից տանեն»,- հավելել է Ռ. Ղուկասյանը: Ի դեպ, նրա խոսքով՝ ընտրությունների ավարտից հետո ինքը կդիմի ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ընդդեմ Սեւանի ոստիկանապետի գործողությունների:
Ոստիկանապետի պարզաբանումը
Քաղաքապետի հայտարարության հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզաբանում ստանալ Սեւանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանից: Մեր հարցին՝ ճի՞շտ են Ռուդիկ Ղուկասյանի հայտարարությունները ոստիկանապետը բառացիորեն պատասխանեց հետեւյալը. «Հարուցվել է քրեական գործ 179 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով: Քննությունը վարում է Մարտունու քննչական բաժինը: Ղուկասյանին ծանուցում է ուղարկվել, որպեսզի ներկայանա Մարտունու քննչական բաժին, սակայն նա չի ներկայացել: Քննիչը պաշտոնապես որոշում է կայացրել, որպեսզի ես Ղուկասյանին բերման ենթարկեմ Մարտունու քննչական բաժին: Իսկ ես պարտավոր եմ կատարել քննիչի որոշումը: Եվ նրան բերման եմ ենթարկել: Խողովակների պատմության հետ կապված քննչական կոմիտեն մանրամասն կասի: Ես նման ձեռագիր չունեմ: Ես պետական ծառայող եմ, ոստիկանապետ եմ: Ես ինչպե՞ս կարող եմ… թող ինձ դատի տա: Որտեղ ուզում է, թող դիմի: Ինքը, երեւի, արդեն խելքը գցել է: Ես Ձեզ պաշտոնապես ասում եմ՝ ազգային պարկը գրություն է ուղարկել, որ իրենց կողմից սպասարկվող տարածքում ռելիեֆային խախտում է եղել: Մենք ուսումնասիրել ենք ռելիեֆային խախտումը եւ հայտնաբերել ենք, որ այդտեղից խողովակներ են հանվել եւ վաճառվել: Այսինքն՝ յուրացվել եւ վաճառվել են: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է՝ ով է քանդել, ում եւ որքանով են վաճառել: Ես որեւէ անօրինական բան չեմ արել»:
Հ.Գ. Թե որքան կձգվի այս կծիկը, եւ ինչ նոր հանգամանքներ ի հայտ կգան, դեռեւս վաղ է ասել, սակայն մի բան ակնհայտ է՝ այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

«ՀԱՆՑԱՎՈՐ ԽՄԲԻ» ԳՈՐԾՈՎ
2015 թվականի նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված հանցավոր խմբի գործի նախաքննությունը հասավ իր հանգուցալուծմանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն խմբի գործով նախաքննությունն ավարտել է, այն ուղարկել է գործը հսկող դատախազին, որպեսզի նա հաստատի այն եւ ուղարկի դատարան:
Ինչպես հայտնի է՝ խմբավորման պարագլուխն էր «Հայոց Վահան» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Վարդանյանը: Մասնավորապես, ըստ ԱԱԾ-ի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած խումբը ծրագրել էր բռնությամբ զինված հեղաշրջում իրականացնել՝ թիրախավորելով նախագահի նստավայրը, Ազգային ժողովը, Կառավարության եւ Սահմանադրական դատարանի շենքերը, ինչպես նաեւ Հանրային հեռուստաընկերությունը: Այդ նպատակով խմբի անդամները ընդհանուր առմամբ տեղեկություններ են հավաքել քաղաքական գործունեություն ծավալող 147 անձանց, այդ թվում՝ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների վերաբերյալ՝ կենսագրական տվյալներ, ընտանիքի անդամների վերաբերյալ տեղեկություններ: «Google» որոնողական համակարգի միջոցով առանձնացվել են կոնկրետ անձանց բնակության վայրերը: Անմասն չեն մնացել նաեւ Հայաստանի նախկին նախագահները: Խումբը տեսագրել է նաեւ ՀՀ առաջին նախագահի առանձնատունը, դրա մատույցները, ինչպես նաեւ ՀՀ երկրորդ նախագահի գործունեության վայրի հետ կապված ուսումնասիրություններ են իրականացրել: Ավելին, հայտնի էր դարձել, թե ով է ֆինանսավորել խմբին, սակայն այդպես էլ ԱԱԾ-ն չգաղտնազերծեց: Միայն բավարարվեցին նրան մեղադրանք առաջադրելով:
Տեղեկացնենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ խումբը ֆինանսավորվել է մոտ 65 հազար դոլարով: Եւ այսօրվա դրությամբ, ընդհանուր առմամբ այս գործով մեղադրվում է 33 անձ: Մարտի 3-ի տվյալներով՝ նրանցից 25-ը կալանավորված են: Եվ 10 ամիս տեւած քննությունից հետո ԱԱԾ-ն գործով կալանավորված անձանց պատիժը ավելի խստացրեց:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը մինչ այս մեղադրվում էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ՀՀ քրեական օրենգրքի 235 հոդվածով (ապօրինի կերպով զենք պահել): Սակայն օրերս նրան եւս մեկ մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով, այն է՝ իշխանության յուրացում:
Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ բացի նախկին փոխնախարարից, խմբավորման պարագլուխ Արթուր Վարդանյանի եւ, առհասարակ, կալանավորված անձանց մեղադրանքները եւս խստացվել են, ինչից հետո ԱԱԾ-ն նախաքննությունն ավարտել եւ ուղարկել է այն գործը հսկող դատախազին, որպեսզի վերջինս այն հաստատի եւ ուղարկի դատարան:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ԾԻԾԱՂԵԼԻ «ՇՈՒՍՏՐԻՈՒԹՅՈ՞ՒՆԸ»
Ասում են՝ ՀՅԴ-ի նախընտրական «շուստրիությունը» Գյումրիում հասել է իր կուլմինացիոն կետին: Հիասթափվելով քաղաքական պայքարի մյուս բոլոր մեթոդներից՝ դաշնակցական մարզպետը սկսել է իր մոտ կանչել դպրոցի տնօրեններին, որոնք, ի դեպ, մեծամասամբ հանրապետականներ են, եւ հրահանգել աշխատել Դաշնակցության օգտին՝ ասելով, որ յուրաքանչյուր տնօրեն պարտավոր է իր տարածքում ինչ-որ քանակի ձայն ապահովել, հակառակ դեպքում՝ խոստանալով, որ կպատժվեն: Ասում են՝ տնօրենները ծիծաղով են լքում մարզպետի կաբինետը, քանի որ գիտեն, որ նախ ձայն բերել-չբերելը այսօր վերահսկել հնարավոր չէ, բացի այդ, բոլորն էլ գիտեն, որ Հովսեփ Սիմոնյանին մնացել է աշխատելու մի քանի ամիս ժամանակ:

 

 

ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ
Ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատիժը կրելու վայրը կորոշվի նրա նկատմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից 23.08.2016թ. կայացված դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ՀՀ ներպետական օրենսդրությանը եւ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան: Իսկ թե դատավճռի հրապարակումից հետո որտեղ է գտնվում ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովը, tert.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել են. «Պերմյակովը դատավճռի հրապարակումից հետո ներկայումս գտնվում է նույն վայրում, որտեղ եւ պահվում էր մինչ այդ՝ Ռուսաստանի Դաշնության 102 ռազմական բազայի տարածքում»:




Լրահոս