ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԵՐԸ ԱՄՆ-ՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկուշաբթի երեկոյան Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի կունենա պատմական իրադարձություն: Առաջին անգամ բանավեճի հարթակում միմյանց կբախվեն Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը եւ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Հաշվի առնելով նախագահական դեբատների գերկարեւոր ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա` կարելի է չկասկածել, որ առաջին բանավեճը լինելու է պատմական: Ըստ էության, եթե ամերիկացիները բարեբախտություն ունեն վայելելու քաղաքական համակարգի հասունության թերեւս լավագույն դրսեւորումը, հայ ժողովուրդը տարիներ շարունակ զրկված է դրանից, իսկ արդեն նոր Սահմանադրությամբ նույնիսկ դրա տեսական հնարավորություններն են ի չիք դարձել:

Թեեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ անց են կացվել 1789 թվականից, նախագահների բանավեճերի պաշտոնական ֆորմատն այս երկրում ի հայտ է եկել 1960թ. սեպտեմբերի 26-ին հանրապետական փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի եւ դեմոկրատ թեկնածու Ջոն Քենեդու միջեւ կայացած բանավեճով: Մինչ այդ, թեկնածուների միջեւ քաղաքական բանավեճերի հատուկենտ օրինակ է համարվում 1858թ. բանավեճը Լինքոլնի ու Դուգլասի միջեւ: Հատկանշական է, որ 1940թ. ԱՄՆ նախագահ Ֆրանքլին Ռուզվելտը հրաժարվել էր հանրապետական թեկնածու Ուենդըլ Ուիլքիի բանավեճի հրավերից: Ինչեւէ, սպասվում է, որ մինչեւ նոյեմբերի 8-ը կայանալիք քվեարկությունը պետք է կայանան երեք բանավեճեր Թրամփ-Քլինթոն ձեւաչափով եւ եւս մեկը` վերջիններիս ներկայացրած փոխնախագահության թեկնածուներ Մայք Փենսի ու Թիմ Քեյնի միջեւ: ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրության շեմին երկու հիմնական կուսակցությունների թեկնածուներ Թրամփի եւ Քլինթոնի ճամբարներում լուրջ անհանգստություն է առաջացել առաջին բանավեճի հետ կապված: Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ այս փուլում նվազագույն իսկ սայթաքումը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Մեծ է հավանականությունը, որ առաջին բանավեճում լուրջ կորուստներ կրած թեկնածուն հազիվ թե կարողանա կազդուրվել եւ հաջորդ երկու փուլերում վերականգնել կորցրածը: Այս դասագրքային ճշմարտությունն արդեն իսկ ապացուցվել է ամիսներ առաջ տեղի ունեցած ներկուսակցական բանավեճերի փորձով, երբ Ջեբ Բուշը առաջին իսկ անհաջողությունից այլեւս չկարողացավ իրեն վերգտնել` հնարավորություն տալով Թրամփի հաղթարշավին:
Թեկնածուների նախընտրական շտաբների մտահոգությունները, անշուշտ, տարբեր են: Նախկին պետքարտուղար եւ առաջին տիկին Հիլարի Քլինթոնի շտաբում անհանգստացած են, որ բանավեճը վարողները, գիտենալով Թրամփի կարողություններն ու քաղաքական պատրաստվածությունը, նրան կտան ավելի դյուրին ու պարզունակ հարցեր: Միաժամանակ ելնելով Քլինթոնի փորձառությունից` հավանական է, որ վերջինիս բաժին կհասնեն պետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերը: Այդ դեպքում ակնհայտ է, որ Թրամփն ավելի լայն դաշտ կունենա թե՛ վրիպումներ թույլ չտալու, թե՛ դիմացինին կենցաղային հողի վրա քննադատելու եւ նույնիսկ վիրավորելու համար: Քլինթոնի շտաբի հասարակական կապերի գծով պատասխանատու Ջենիֆեր Փալմիերին հիշատակում էր հենց հանրապետականների ներսում կայացած բանավեճերի փորձը` պնդելով, որ վարողները Թրամփին տալիս էին հարցեր` հաշվի առնելով թեկնածուի կարողությունները տվյալ ոլորտում: Ակնհայտորեն ակնարկվում է, որ Թրամփը պետության առաջ ծառացած հիմնական խնդիրների լուծման հստակ հայեցակարգ չունի, ինչն էլ որոշ իմաստով դրականորեն է ազդում բանավեճերում նրա հաղթանակներին` նաեւ լրագրողների պատճառով:
Հավելենք, որ Հիլարի Քլինթոնը առաջին բանավեճին պատրաստվել է շաբաթներով, դրան նախորդող որեւէ հրապարակային հանդիպում չի անցկացրել: Նրա շրջապատից տեղեկություններ են սպրդում, որ նախկին պետքարտուղարը անցել է քաղաքական բանավեճերի դասագրքային կանոնների ուսումնասիրությանը, բանավեճի փորձերին: Միաժամանակ նա մանրամասնորեն ուսումնասիրել է Թրամփի մասնակցությամբ կայացած նախորդ բանավեճերը` գալով եզրակացության, որ Թրամփը առավելապես հաջող հանդես է եկել բազում թեկնածուների մասնակցությամբ անցկացված բանավեճերում: Քլինթոնի շտաբի համար, սակայն, շարունակում է գաղտնիք մնալ, թե ինչպիսին կլինի Թրամփը բանավեճի բեմում` ագրեսի՞վ, ինչպես մի շարք հանդիպումներում, թե՞ հանգիստ խոսելու պատրաստ: Կարծում ենք՝ Թրամփը փորձելու է, մի քանի հիմնական կետերի վրա ագրեսիվ խաղալով, ջախջախիչ հարվածներ հասցնել Քլինթոնին: Այս մասին է խոսում Թրամփի` բանավեճին ընդհանրապես չպատրաստվելը: Եթե հանրապետական թեկնածուն հանգիստ խոսելու տակտիկայով առաջնորդվելիս լիներ, հաստատապես այս օրերին պետք է զբաղված լիներ դասական կանոնների սերտմամբ, մինչդեռ նա ողջ շաբաթվա ընթացքում անցկացրել է բազմապիսի հանդիպումներ, ունեցել նույնաբովանդակ ելույթներ: Առաջին բանավեճի պես կարեւորագույն փուլի նկատմամբ Թրամփի կեցվածքը հուշում է, որ Քլինթոնին կարող է բաժին հասնել այն նույն վերաբերմունքը, ինչպես Ջեբ Բուշին` մեկ տարի առաջ:
Հայաստանում նախագահական բանավեճերի բացակայության պատճառով հարկադրված ենք հերթական անգամ անդրադարձ կատարել միայն եզակի օրինակին` 2003թ. նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ Ռոբերտ Քոչարյան-Ստեփան Դեմիրճյան բանավեճին: Հայկական իրականության ներսում համեմատություն կատարելու հնարավորություն չունենալով հանդերձ` հարկ է նկատել, որ այդ բանավեճում լրագրողները հստակորեն կանխատրամադրված էին Ստեփան Դեմիրճյանի նկատմամբ: Ավելին` օգտվելով Դեմիրճյանի փորձի բացակայությունից, նրան ավելի խճճված հարցեր էին տալիս, քան Քոչարյանին: Մինչդեռ, օրինակ, ԱՄՆ-ում կլիները հակառակը: Խնդրո առարկա բանավեճի վարողները չունեին նաեւ երկու կողմին հավասարակշռելու եթե ոչ հմտություն, ապա առնվազն ցանկություն: Դա Քոչարյանի ձեւավորած քաղաքական մշակույթի ուղիղ արտահայտությունն էր, հատկապես երբ բանավեճը վարող լրագրողները բացառապես «պատասխանատու» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներն էին` աչքի առաջ մեկ խեթ հայացքով աշխատանքից վռնդվելու հեռանկարով:

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԱԿԵԼ ԵՆ ՈՒ ԳՅՈՒՂԻՑ ՀԵՌԱՑԵԼ

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դարի կաթ» ընկերությունը փակվել է: Գյուղացիների պատմելով՝ ընկերության փակման պատճառը ֆինանսական խնդիրներն են:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Դարի Կաթ» ՍՊԸ-ի չկատարած հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշում է կայացրել: Նշենք, որ ընկերության հարկային պարտավորությունները օգոստոսի 5-ի դրությամբ կազմել են 312 հազար 323 դրամ: Հետեւաբար, ՊԵԿ-ը հարկային պարտավորությունները ընկերությունից գանձելու վերաբերյալ վարչական վարույթ է հարուցել: Ըստ ՊԵկ-ի՝ այս մասին ծանուցվել է նաեւ ընկերության տնօրենին՝ Նաիրա Վարդանյանին, սակայն վերջինս վարույթի նյութերին ծանոթանալու համար չի ներկայացել եւ որեւէ բացատրություն չի տվել:
Ապա ընկերության տնօրինությունը վճարումներ արել է, բայց դրանով հարկային պարտավորությունները ամբողջությամբ չի մարվել: Իսկ, ահա, օգոստոսի 26-ի դրությամբ «Դարի կաթ»-ի պարտավորութունը կազմել է 298 հազար 759 դրամ: Նշենք, որ ընկերության եկամտային հարկի պարտավորությունը կազմում է 245 հազար 612 դրամ, իսկ սոցիալական վճարների գծով պարտավորությունը՝ 29 հազար 843 դրամ: Ի դեպ, գանձման ենթակա չկատարած պարտավորությունների նկատմամբ հաշվարկվում են նաեւ տույժեր ու տուգանքներ: Սակայն «Դարի կաթ» ընկերության կողմից նշված պարտավորությունները չկատարելու արդյունքում ՊԵԿ-ը որոշում է կայացրել ընկերությունից գանձել 298 հազար 759 դրամ: Եթե ընկերությունը ՊԵԿ-ի այս որոշումը չբողոքարկի, ապա այն ուղարկվելու է արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել նաեւ «Դարի կաթ» ընկերության տնօրեն Նաիրա Վարդանյանի հետ, սակայն այդպես էլ մեզ դա չհաջողվեց: Այս պատճառով զրուցեցինք Աշոցքի գյուղապետ Արթուր Ալոյանի հետ, որը «Ժողովուրդ»-ին ներկայացրեց, որ ընկերության սեփականատերերը գործարանը փակել են ու գյուղից հեռացել են: Ըստ գյուղապետի՝ նրանք այժմ Երեւանում են. «Ես տեղյակ չեմ իրենցից: Փակել են ու գնացել գյուղից»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԻ 3 ԴԻՄՈՒՄ
Սեպտեմբերի 18-ին Տավուշի համայնքներում կայացան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Իջեւանում տեղակայված Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանի վկայությամբ՝ այդ ընտրատարածքի մեջ ընդգրկված տեղամասերից ընտրական օրենսգրքի խախտումների վերաբերյալ բողոքներ չեն եղել: Նոյեմբերյանում տեղակայված Տավուշի թիվ 40 ԸԸՀ վերահաշվարկի պահանջով դիմել էր համայնքի ղեկավարի 3 թեկնածու: Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր համայնքի ղեկավար Սուրեն Քոչարյանը սեպտեմբերի 18-ին ստացել է 162, իսկ նրա մրցակից, Լուսաձորի նախկին գյուղապետ Վարդան Սարդարյանը՝ 187 ձայն, 20 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ս. Քոչարյանը եւ նրա վստահված անձը թիվ 40 ԸԸՀ բողոքել են, որ սեպտեմբերի 18-ի ընտրությունների ժամանակ ընտրողներին տրվել են անհետացող թանաքով գրիչներ: Այդ գրիչներով քվեարկելուց հետո թանաքը ցնդել է, քվեաթերթիկի վրա մնացել է միայն նշման տեղում գրչի արած մակերեսային փորագրումը: Ս. Քոչարյանը պահանջել է քվեաթերթիկների վերահաշվարկ կատարել:
Վրահաշվարկի մյուս դիմումը եղել է Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ համայնքի ղեկավարի ընտրություններում 668 քվե ստացած Արտեմ Սարիբեկյանից: Նրա մրցակիցը՝ գործող համայնքապետ Ժորա Մարտիրոսյանը, ստացել է 692 քվե: Սեպտեմբերի 18-ին խոշորացված Այրում համայնքում կայացած ընտրությունների արդյունքում Պտղավանի գյուղապետ Արայիկ Պարանյանը ստացել է 1529, իսկ անկուսակցական փաստաբան Դավիթ Փարսադանյանը՝ 1471 քվե: Սեպտեմբերի 18-ին Այրում համայնքի մաս կազմող Պտղավան գյուղում նախօրեին հուղարկավորված անձի փոխարեն, մահացած անձի անձնագրային տվյալների կողքին ընտրողների ցուցակում ստորագրվել է: Դ. Փարսադանյանը դիմել է վերահաշվարկ կատարելու պահանջով:
Սեպտեմբերի 20-ին թիվ 40 ԸԸՀ-ում Լուսաձորի եւ Ազատամուտի ընտրական տեղամասերի քվեաթերթիկների վերահաշվարկ կատարվեց, դրա արդյունքում ընտրական օրենսգրքի էական խախտումներ չարձանագրվեցին, թեկնածուներին տրված քվեների փոփոխություն չեղավ: Սեպտեմբերի 21-ին եւ 22-ին վերահաշվարկվեցին Դեբեդավանի, Պտղավանի եւ Դեղձավանի ընտրական տեղամասերում ընտրությունների արդյունքները: Դ. Փարսադանյանն ասաց, որ դրա արդյունքում իր եւ Արայիկ Պարանյանի քվեների նախկին հարաբերակցությունը չի փոխվել: Սակայն վերահաշվարկի արդյունքում նշված 3 տեղամասերում բացահայտվել են գործավարական բնույթի բազմաթիվ սխալներ, ընտրական օրենսգրքի խախտումներ, օրինակ՝ չկնքված ծրարներ, պակասող քվեաթերթիկներ եւ այլն: Դ. Փարսադանյանը նշեց, որ այդ խախտումների վերաբերյալ թիվ 40 ԸԸՀ-ում կազմվել է արձանագրություն՝ հավելելով, որ խախտումների կապակցությամբ ինքը կխորհրդակցի իրավաբանների հետ, որպեսզի որոշի իր հետագա անելիքները:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս