ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ համացանցից
Այս աղյուսակ կազմողի հիշողության մեջ հավանաբար չի տպավորվել որ 6×6=36, այլ ոչ թե 32: Հուսանք՝ այս տետրը ձեռք բերողը չի առաջնորդվի նման թվաբանությամբ:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ անձը օրենքով սահմանված կարգով ի՞նչ տեւողությամբ պետք է աշխատի: Խնդրում եմ՝ մի փոքր մանրամասն ներկայացնել:
Նելլի Մովսիսյան (29 տարեկան, մենեջեր)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքի նորմալ տեւողությունը շաբաթական 40 ժամ է (օրական առավելագույնը 8 ժամ): Արտաժամյա աշխատաժամանակը չի կարող գերազանցել շաբաթական 48 ժամը եւ օրական 12 ժամը: Աշխատելը գիշերային ժամերին (22:00-ից մինչեւ 6:00) արգելվում է մինչեւ 18 տարեկան անձանց, եւ առկա են որոշակի արտոնություններ հղի կանանց եւ մինչեւ 3 տարեկան երեխա խնամող մայրերի համար:
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:
Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ աշխատողի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ ներառող հիմնական փաստաթուղթը աշխատանքային գրքույկն է, որտեղ եւ լրացվում են աշխատողի աշխատելու ժամանակահատվածները:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուն եւ, ընդհանրապես, ի՞նչ գործառույթներ է իրականացնում այն:
Հայարփի Սուքիասյան (33 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառուն ֆոնդի կառավարչից անկախ (չփոխկապակցված) իրավաբանական անձ է, որն իրականացնում է պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների պահառությունը, այսինքն՝ ակտիվների պահպանությունը եւ առանձնացված հաշվառումը: Ընդ որում, ֆոնդի ակտիվներով գործարքները (միջոցների ելքն ու մուտքը) կարող են իրականացվել միայն պահառուի համաձայնությամբ: Այս առումով պահառուն ունի կառավարչի նկատմամբ հսկողական իրավասություններ: Այսինքն՝ պահառուն հսկում է կառավարչի կողմից օրենսդրությամբ եւ ֆոնդի կանոններով սահմանված պահանջների կատարումը եւ չի կատարում կառավարչի հանձնարարականները, եթե դրանց հետեւանքով խախտվում են օրենսդրության կամ ֆոնդի կանոնների պահանջները:
Հարկ է նշել, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի պահառու կարող են լինել միայն բանկերը: Սակայն անցումային շրջանում, այսինքն՝ մինչեւ բանկերի կողմից պահառուի գործառույթի իրականացման համար անհրաժեշտ կարողությունների ձեւավորումը, օրենքը նախատեսում է, որ բոլոր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի համար պահառուի գործառույթն իրականացնելու է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ)՝ որպես կենտրոնացված պահառու:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի անձնական սեփականությունն է: Սակայն նրանց սեփականության իրավունքը ենթակա է օրենքով սահմանված ժամկետային որոշակի սահմանափակումների: