Ինչու Կարեն Կարապետյանի հայտարարած «չիստկան» անցավ Արտեմ Ասատրյանի կողքով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հին կառավարությունում նոր վարչապետի հայտարարած «չիստկան» անցավ ամենախոցելի ոլորտի՝ սոցապնախարարության կողքով․ Արտեմ Ասատրյանը վերանշանակվեց իր պաշտոնում, որը 2012-ից ղեկավարում  է ոլորտը, բայց  տարեցտարի մեր երկրի սոցիալական պատկերն ավելի անմխիթար է դառնում, աճում է աղքատության ցուցանիշը։ Իրենց պաշտոններում չվերանշանակվեցին անգամ որոշ «տերով» նախարարներ, մի քանիսը Սերժ Սարգսյանի սիրելիներն էին, ոմանց համար էլ տարբեր միջնորդներ էին բարեխոսել։ Պարզվում է՝ Ասատրյանի համար ոչ միջնորդել են, ոչ էլ բարեխոսել։ Իսկ ո՞ր արժանիքների համար են իրեն վերանշանակել։ «Ես չեմ կարծում, որ այդ հարցն ինձ պետք է ուղղեք», -երեկ մեր զրույցում ասաց կառավարության նիստին շտապող Արտեմ Ասատրյանը։ «Ես չէ, որ պետք է արժանիքներ գնահատեմ, գնահատական տվողը հասարակությունն է ու համապատասխան որոշում կայացնողը»։

Դուք համապատասխանո՞ւմ եք  Կարեն Կարապետյանի՝ նախարարներին ներկայացվող ստանդարտներին՝ տեխնոկրատ եք ու պրոֆեսիոնա՞լ։ «Դուք կարող եք իմ կենսագրությունը նայել եւ անցած աշխատանքային ուղին եւ կունենաք այդ գնահատականը»,- խուսանավեց Ասատրյանը։ Հիշեցրինք, որ երկրում աղքատության ցուցանիշը տարեցտարի աճում է, սոցիալական վիճակը՝ վատթարանում, սոցապնախարարը կարո՞ղ է հպարտանալ լավ աշխատանքով։ «Դուք, կարծում եմ, տարբեր հարցեր խառնում եք իրար, աշխատանքային գործունեությունը պիտի պայմանավորել կոնկրետ կատարած աշխատանքներով եւ դրանց արդյունքներով, կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեք ինքներդ գնահատական տաք», -ասաց նախարարը՝ շտապելով կառավարության նիստին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս