Գյումրիում և Վանաձորում կայանալիք ընտրությունները մասնակից քաղաքական ուժերի համար «գլխավոր փորձի» նշանակություն են ունենալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է: Վաղը ընտրություններին մասնակցող կուսակցությունները եւ թեկնածուները պետք է լռություն պահպանեն, իսկ հաջորդ օրը արդեն պարզ կլինի, թե նրանք ինչպիսի քարոզարշավ են անցկացրել ու որքանով են պատրաստ ընտրությունների ընթացքը վերահսկել (բացառությամբ ՀՀԿ-ի, նրանք քվեարկությունը վերահսկելու խնդիր չունեն):

Բնականաբար, Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ուշադրությունն հիմնականում կենտրոնացած է Գյումրիում եւ Վանաձորում կայանալիք ավագանու ընտրությունների վրա: Այդ ընտրությունները մասնակից քաղաքական ուժերի համար «գլխավոր փորձի» նշանակություն են ունենալու` 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:
Փորձենք ամփոփ նկարագրել Գյումրիում եւ Վանաձորում առկա վիճակը: Գյումրիում ավագանու տեղերի համար առաջադրվել են «Ալյանս», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «ԳԱԼԱ», «Համախմբում» ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ) եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություններն ու ՀՀԿ-ի եւ ՔԴՄ-ի «Բալասանյան» դաշինքը:

Քարոզարշավի սկզբում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ Գյումրիում ՀՀԿ-ին հեշտությամբ կհաջողվի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորած ցուցակի համար անհրաժեշտ քվեներ ապահովել: Ենթադրվում էր, որ իշխանությունները կկարողանան իրենց ցուցակի համար ապահովել մոտ 15 հազար քվե, մյուս կողմից էլ մոտ 10 հազար քվե էլ կփոշիացնեն` ավագանու թեկնածու ունենալու 6 տոկոսանոց շեմը չհաղթահարած կուսակցությունների միջոցով: Արդյունքում ՀՀԿ-ի «Բալասանյան» դաշինքը կկարողանար Գյումրիի ավագանու մանդատների 40 տոկոսից ավելին ստանալ եւ օրենքով հասանելիք բոնուսի հաշվին մեծամասնություն կազմել: Սակայն քարոզարշավին զուգահեռ Գյումրիում իրավիճակը փոխվեց: Գյումրեցիների համար ակնհայտ դարձավ, որ «Բալասանյան» դաշինքին ընտրելով՝ իրենք փաստացի ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին են կողմ քվեարկելու: Ի դեպ, ամենեւին էլ պատահական չէ, որ Սամվել Բալասանյանի թիմը քարոզչությունն իրականացնելիս ամեն կերպ փորձում է շրջանցել նրա՝ ՀՀԿ-ի թեկնածու լինելու հանգամանքը:

Մյուս կողմից սեպտեմբերի 20-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը եւս Սամվել Բալասանյանի դեմ գործեց: Անկախ պնդումներից, թե տեղի ունեցածը քաղաքական գործընթացների հետ կապ չունի, միեւնույն է՝ գյումրեցիների շրջանում այդ ողբեգությունը խորը նստվածք է թողել: Ստեղծված իրավիճակում, ակնհայտ է, որ Գյումրիի ավագանու ընտրությունների 11 մասնակից քաղաքական ուժերից եւ ոչ մեկին չի հաջողվի բացարձակ մեծամասնություն ունենալ: Այսինքն՝ եթե ՀՀԿ-ի ներկա եւ նախկին կոալիցիոն գործընկերները հաղթահարեն ավագանու անդամ ունենալու 6 տոկոսանոց շեմը, Հայաստանի իշխանությունները կրկին կդիմեն նրանց ծառայություններին` Բալասանյանին Գյումրիում քաղաքապետ դարձնելու համար:
Վանաձորում ի սկզբանե իրավիճակը միանշանակ չի եղել: Այստեղ ավագանու տեղերի համար պայքարում են ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՀՀԿ, «Հմախմբում», «Հայկական վերածնունդ» (ՕԵԿ), «Լուսավոր Հայաստան» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: ՀՀԿ-ի ցուցակը գլխավորում է նոտար Մամիկոն Ասլանյանը:

Նա համարվում է ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանի մերձավորը եւ հենց այս հանգամանքի շնորհիվ է նա Վանաձորի ավագանու ընտրություններում դարձել ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարը: Ենթադրվում էր, որ Կարապետյանների հեղինակության շնորհիվ ՀՀԿ-ին կհաջողվի Վանաձորում մեծամասնություն կազմել: Սակայն փաստն այն է, որ 10 ամիս առաջ տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ժամանակ ՀՀԿ-ն Վանաձորում ջախջախիչ պարտություն կրեց: Իշխանության օգտին, այսինքն՝ այո քվեարկել էր 12 հազար 678 ընտրող, իսկ 21 հազար 944 հոգի սահմանադրական փոփոխություններին դեմ էր արտահայտվել: Այսինքն՝ Վանաձորում եւս ընդդիմադիր տրամադրությունները գերիշխում են: Անցած քարոզարշավի ընթացքում այստեղ եւս ակնհայտ դարձավ, որ ՀՀԿ-ի վարկանիշը գրեթե զրոյական է:

Ընդ որում, իրավիճակը գնալով ավելի բարդացավ, երբ պարզ դարձավ, որ Վանաձորի գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը չի պատրաստվում աջակցել իր հարազատ ՀՀԿ-ի ցուցակին, որը կազվել էր առանց իրեն: Ավելին՝ Վանաձորում լուրեր են շրջանառվում այն մասին, որ գործող քաղաքապետը ոչ միայն չի օգնում, այլ նաեւ ներքին կարգով ՀՀԿ-ի ցուցակի դեմ է գործում: Մի խոսքով, այստեղ եւս առավել հավանական է, որ քաղաքական ուժերից եւ ոչ մեկին չի հաջողվի բացարձակ մեծամասնություն ունենալ: Այդ դեպքում Վանաձորի քաղաքապետը կընտրվի փոխհամաձայնությամբ: Իսկ թե նման պայմաններում Վանաձորում իշխանությունը պահպանելու համար ՀՀԿ-ն իր ներկա եւ նախկին կոալիցիոն գործընկերներից ում օգնությանը կդիմի, պարզ կդառնա երեք օրից:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ




Լրահոս