Արտեմ Ասատրյանի վերանշանակումների գաղտնիքը. ինչու է նրան բախտը միշտ ժպտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այս պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականից, և այս ընթացքում հասցրել է մի քանի անգամ վերանշանակվել: Հետաքրքիր է, որ նախարարների փոփոխությունները նրա վրա երբևէ չեն անդրադառնում, թեև ամեն անգամ վարչապետի փոխվելուն պես մշտապես շրջանառվում են նրա չվերանշանակվելու մասին տեղեկություններ:

Այս անգամը ևս բացառություն չէր. իրենց պաշտոններում չվերանշանակվեցին անգամ այնպիսի մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանի սիրելիներն են համարվում, սակայն Արտեմ Ասատրյանը կարողացավ խուսափել այդ ամենից:

Նշենք, որ Ասատրյանը ծառայել է Հայոց բանակում, որը մեր օրերում քիչ հանդիպող երևույթ է: Տնտեսագիտության թեկնածու է: Ա. Ասատրյանը 1994 թվականին ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետը: 1997 թվականին ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը, 2000 թվականին էլ` նույն դպրոցի ասպիրանտուրան:

Իսկ 1998-ից Ասատրյանը սկսել է իր աշխատանքային գործունեությունը. 1998 թ. ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամ՝ կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի պետ, 1998-2006 թթ.ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն՝ կենսաթոշակային ապահովության (2002 թ. հունվարից՝ սոցիալական ապահովագրության եւ կենսաթոշակային ապահովության) վարչության պետ, 2006-2007 թթ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն` «Աշխատանքի եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն, 2007-2011 թթ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, 2011 թ. համատեղությամբ նաեւ ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

2011 թ. ՀՀ վարչապետի մարտի 25-ի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, իսկ 2012 թ. հունիսի 16-ից՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար: Նշենք, որ Վազգեն Խաչիկյանի հայտնի յուրացումներն ու ապօրինությունները տեղի են ունեցել Ասատրյանի կառավարման շրջանում, սակայն, պարզվում է, որ Ասատրյանը ոչ միայն դրանք չի նկատել, այլ հենց Խաչիկյանի հեռացումից հետո նրա պաշտոնն է զբաղեցրել:

Հետաքրքիր է, որ Արտեմ Ասատրյանը խնամքով թաքցնում է իր ունեցվածքը, թեպետ նման գործելաոճը բնորոշ է հայրենի գործիչներին: Ըստ 2015 թվականի տարեկան հայտարարագրի՝ նախարարն ունի 31 մլն դրամ և մեկ տարվա ընթացքում վաստակել է 7 մլն դրամ, որն էլ նրա աշխատավարձից է գոյացել: Նրա կինը՝  Մարինե Պետրոսյանը, հայտարարագրել է 3 մլն դրամ, իսկ մեկ տարվա ընթացքում վաստակել է 2 մլն դրամ` կրկին աշխատավարձի միջոցով:

Հավելենք, որ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից հետո խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանն այլևս մտադիր չեն Ասատրյանին պահել կառավարության կազմում, անգամ նրան փոխարինողի անուններ էին շրջանառվում: Բայց մի որոշակի պահի Սերժ Սարգսյանը մտափոխվեց և Ասատրյանին նորից նշանակեց: Նրա հեռանալու մասին խոսակցություններ տարածվեցին նաև ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմավորումից հետո, և, ըստ տեղեկությունների՝ Արծվիկ Մինասյանին պետք է տրվեր այդ պաշտոնը, սակայն այդ անգամ ևս Ասատրյանին բախտը ժպտաց:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս