Բառերը կարևոր են, երբ դու պայքարում ես նախագահի պաշտոնի համար. Հիլարի Քլինթոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016թ. նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների վերջին փուլի մեկնարկը տրվեց երկուշաբթի երեկոյան ԱՄՆ-ում կայացած նախագահական առաջին բանավեճով, որն ընթացավ Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի եւ նախկին առաջին տիկին, դեմոկրատ Հիլարի Քլինթոնի միջեւ: Պատմական բանավեճը ապացուցեց, որ ամերիկացիներին դժվար ընտրություն է սպասվում` հաշվի առնելով երկու թեկնածուների անցյալը, ապագայի հանդեպ ունեցած պատկերացումները եւ, հատկապես, անհատականությունը:

Բանավեճը, կարելի է ասել, չտարբերվեց նախորդ` ներկուսակցական բանավեճերից, ինչպես եւ նախապես էր ակնկալվում: Հայտնի էր, որ Թրամփը որեւէ գործնական պատրաստություն չէր տեսել` հույսը դնելով իր ագրեսիվ կեցվածքի վրա: Եթե թեկնածուներից մեկը պատրաստված է, իսկ մյուսը` բնավ ոչ, պարզ է, որ բանավեճ չի կարող լինել հիմնարար հարցերի խորքը թափանցելու իմաստով:

Ի դեպ, այդպիսին էին Թրամփի բոլոր բանավեճերը, երբ թեկնածուն կայուն սերտած մի քանի խոսքերից զատ անկարող էր լինում ներկայացնել իր մարտավարությունը եւ հատկապես տեսլականը պետությանը պատուհասող մարտահրավերների հաղթահարման հարցում: Միաժամանակ իր խառնվածքից ելնելով, ունենալով ներհանրապետական հարթակում բանիմաց քաղաքական գործիչների ջախջախելու փորձը` Թրամփը չէր էլ կարող պատրաստվել: Նախորդ բոլոր բանավեճերից հետո, երբ Թրամփը համառորեն հրաժարվում էր հարցերին ակադեմիական մոտեցում ցուցաբերելուց եւ նախընտրում մրցակցին անձնական վիրավորանքներ հասցնել, նրա վարկանիշը բարձրանում էր: Ակնհայտորեն, նախագահի թեկնածուն հույսը դրել էր նույնօրինակ զարգացման վրա` համոզված, որ Քլինթոնին կարողանալու էր ընկճել: Հենց այդ նպատակին էին միտված Թրամփի ագրեսիվ խոսքը, բղավոցներն ու բազմակի ընդհատումները, երբ իր տեսակետն էր հրամցնում Հիլարի Քլինթոնը:
Հետաքրքիր էր Քլինթոնի պահվածքը, որը շարունակ ժպտում էր, հանդարտ զննում մրցակցին: Փաստելի է, որ բանավեճի վարող Լեսթեր Հոլթը եւս նույն կեցվածքն էր որդեգրել` կարծես վարժված Թրամփի բռնազբոսիկ վարքին: Վերջինս դրսեւորվեց բանավեճի բոլոր փուլերում, սակայն համարժեք պատասխանի արժանացավ Քլինթոնի կողմից: Հետաքրքիր էին կողմերի միջեւ տեղի ունեցած մանր ընդհարումները: Երբ Թրամփը Քլինթոնին հանդիմանում էր դասական քաղաքական գործիչ լինելու համար, որ կարեւորում է միայն խոսքերը եւ արհամարհում գործը, Քլինթոնն արձագանքել էր. «Բառերը կարեւոր են, երբ դու պայքարում ես նախագահի պաշտոնի համար, եւ դրանք էլ ավելի էական են, երբ դու նախագահ ես»: Անհնար է ժխտել Քլինթոնի տեսակետի իրավացիությունը, քանզի ճգնաժամային իրավիճակներում նախագահի խոսքը գերկարեւոր նշանակություն կարող է ունենալ թե՛ քաղաքացիների շրջանում անհանգստության փարատման, թե՛ վստահության պահպանման առումներով:
Հիշենք, օրինակ, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանը հանդես չեկավ ժողովրդին ուղղված կոչով` պատճառաբանելով սափրված չլինելու հանգամանքը: Այդ վարքը արժանացավ բազում քննադատությունների: Իրավամբ, Քոչարյանը որպես երկրի փաստացի նախագահ, պարտավոր էր անմիջական կապի մեջ մտնել ժողովրդի հետ, ինչպես, օրինակ, վարվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ-Էրդողանը ամիսներ առաջ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ:

Հետաքրքիր է, որ հետագայում ինչքան էլ Քոչարյանի շրջապատը փորձեց լղոզել իրականությունն ու ժողովրդին ուղիղ կոչով նրա չդիմելը բացատրել իրավիճակի աննախադեպ բարդությամբ, դա նշանակություն չունեցավ: Թեեւ հանուն արդարության հարկ է նկատել, որ Քոչարյանն ինչպիսի ուղերձ էլ հղեր, դա քաղաքացիների համար վճռորոշ նշանակություն չէր ունենալու` առաջին հերթին նրա լեգիտիմության բացակայության եւ ապա` Քոչարյանի կրթական ցենզի պատճառներով: Ի վերջո, երկրորդ նախագահը չէր փայլում բառերի ընտրության հարցում, չուներ այն հռետորական ձիրքը, ինչպես, օրինակ, նրա նախորդը: Ըստ այդմ, Քլինթոնի վերոնշյալ պնդումը, կարծում ենք, արդարացի է ու հիմնավոր: Այդ հարթության մեջ Դոնալդ Թրամփն իսկապես կաղում է, որի շքեղությունը ԱՄՆ-ի պես առաջատար պետությունը կարծես թե իրեն թույլ տալ չի կարող:
Բանավեճի առանցքային հարցերին մենք դեռ կհասցնենք առաջիկայում անդրադառնալ, իսկ մինչ այդ հարկ է արձանագրել, որ իր հայտարարություններում Թրամփը քանիցս հակասում էր ինքն իրեն ոչ միայն առանձին մտքերում, այլեւ նույնիսկ միեւնույն նախադասության շրջանակներում: Ինչպես կարծում են ամերիկյան վերլուծաբանները` Քլինթոնին հաջողվեց լրջորեն նյարդայնացնել միլիարդատեր գործարարին, որ հաճախ էր ափերից դուրս գալիս: Եթե դիտարկենք բանավեճի արդյունքը երկու կողմերից, կստացվի, որ թե՛ Թրամփը ցույց տվեց իր կայուն ագրեսիվ խաղը, թե՛ Քլինթոնը` իր պատրաստվածությունը: Կարծես թե ակհայտ հաղթողներ եւ պարտվողներ չեն եղել, ինչը պիտի փաստվի առաջիկայում հրապարակվելիք հարցումներով:

Ինչպես բրիտանական «The Guardian» պարբերականն է նկատում, միայն հարցումներով պարզ կդառնա, թե արդյո՞ք ընտրողները դադարում են վստահել «անքաղաքավարի դեմագոգ» Թրամփին: Դատելով ավելի քան մեկ տարվա փորձից` կարող ենք ենթադրել, որ Թրամփի վարկանիշը չի տուժելու: Այլ հարց է, թե ի՞նչ որոշում կկայացնեն շարքային ամերիկացիները` արդյո՞ք իրենց պետք է նման նախագահ: Ի դեպ, եթե Դեմոկրատական կուսակցությունը առաջադրեր մեկ այլ երիտասարդ, բանիմաց, փորձառու եւ հեղինակավոր գործչի թեկնածություն, վստահաբար կարելի էր պնդել, որ Թրամփը շանս չէր ունենա, սակայն Քլինթոնի հանդեպ համընդհանուր կասկածամտությունը մեծագույն նշանակություն ունի Թրամփի հաջողությունների համար:

Ն. Հովսեփյան




Լրահոս