Կհաղթի արդյոք Քլինթոնն իր իսկ նախընտրած մրցակցին. «Վիկիլիքսի» ուշագրավ բացահայտումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանում են 45-րդ նախագահի ընտրությունները: Ավելի քան մեկ տարի տեւած անկանխատեսելի եւ աննախադեպ ընտրարշավն այլեւս անցյալում է: Կարելի է ասել, որ նման ընտրապայքար ԱՄՆ-ում երբեւէ տեղի չէր ունեցել, ինչը փաստվում է նաեւ նրանով, որ քաղաքական վերլուծաբանների կանխատեսումները մեծ մասամբ իրականություն չեն դարձել: Խոսքն, անշուշտ, վերաբերում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի ֆենոմենին: Այդ կապակցությամբ ուշագրավ բացահայտում է արել նաեւ հայ հասարակությանը քաջ հայտնի «Վիկիլիքսը»:

Այս նախագահական ընտրություններում «Վիկիլիքսի» կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը գերազանցապես վերաբերում էին Դեմոկրատական կուսակցությանն ու նրա միասնական թեկնածու Հիլարի Քլինթոնին: Քաղաքական վերլուծություններում հաճախ էր «Վիկիլիքսն» անվանվում Դոնալդ Թրամփի «չերեւացող գործընկերը», որի հրապարակած ամեն մի գաղտնի նամակ նոր դժգոհության ալիք էր բարձրացնում Քլինթոնի նկատմամբ: Բավական է հիշել, որ Քլինթոնի դեմոկրատ մրցակից, Վերմոնտի սենատոր Բեռնի Սանդերսի նկատմամբ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության ցուցաբերած խարդախ վերաբերմունքի իրական մանրամասները եւս բացահայտվեցին «Վիկիլիքսի» շնորհիվ` տհաճ դրության մեջ դնելով Հիլարի Քլինթոնին: Վերջինս, սակայն, չընկճվեց այդպիսի տգեղ բացահայտումներից եւ գաղտնի նամակների ապօրինի հայթայթման ու հրապարկման ողջ մեղքը բարդեց Ռուսաստանի վրա` ակնարկելով Թրամփի «հանցավոր» համագործակցությունը ռուսական շրջանակների հետ: Այդուամենայնիվ, «Վիկիլիքսը» հսկայական գլխացավանք պատճառեց Քլինթոնին: Ի դեպ, հենց այդ բացահայտումների շնորհիվ են նաեւ պարզ դառնում մի շարք հանգամանքներ, որոնք ընտրության ելքի վրա կարող են ճակատագրական ազդեցություն ունենալ:

Ըստ «վիկիլիքսյան» հերթական հրապարակման` Հիլարի Քլինթոնի նախընտրական ողջ արշավը կառուցված է եղել այն հույսի վրա, որ հանրապետականների թեկնածուն պիտի լիներ Դոնալդ Թրամփը: Դեմոկրատ թեկնածուի քարոզչական խորհրդականներից Բրենդ Բուդովսկին ամիսներ առաջ նամակով դիմել էր Քլինթոնի քարոզարշավի ղեկավար Ջոն Փեդեստային` նկատելով, որ նախկին պետքարտուղարի պարտությունն ընտրություններում կարող է լիովին իրականանալի լինել, եթե հանրապետականների թեկնածուն չլինի Դոնալդ Թրամփը: «Այս պահին ես լիովին ապշած եմ, որ Հիլարին գրեթե ամբողջապես կախված է հանրապետականների կողմից Թրամփի թեկնածության հաստատումից: Նա ունի հսկայական բնական քաղաքական թուլություններ, որոնք պարտավոր է շտկել: Նույնիսկ Թեդ Քրուզի պես ծաղրածուին դժվար է լինելու պարտության մատնել, ինչը ինձ մեծապես վախեցնում է»: Այս տրամաբանությունը հիմնված էր ոչ միայն դիտողական սուր աչքի, այլեւ իրական վիճակագրական տվյալների վրա: Խնդիրն այն է, որ մինչ ներկուսակցական միասնական թեկնածուի ընտրությունը, ենթադրյալ հարցումներով հանրապետականների գրեթե բոլոր թեկնածուները հաղթում էին Քլինթոնին, բացի Քրուզից եւ Թրամփից: Իսկ, ահա, թեկնածուների պակասելու հետ մեկտեղ Քրուզի շանսերն էլ էին նկատելիորեն ավելանում: Միայն Դոնալդ Թրամփն էր, որ անկախ ընտրողների մոտ դրական տրամադրություններ չէր առաջացնում: Թեեւ Թրամփը կարող է արժանանալ հանրապետական ընտրողների աջակցությանը, սակայն նախագահ ընտրվելու համար նրան հարկավոր են անկախների ձայները, որոնք այս պահին ավելի շատ նախընտրում են Քլինթոնին` կապված առաջինի` համեմատաբար անլուրջ խառնվածքի հետ:

«Վիկիլիքսի» վերոնշյալ հրապարակումը, սակայն, շատ ավելի կարեւոր է` հասկանալու համար դեմոկրատների մարտավարությունն ու Հանրապետականի ներսում տեղի ունեցած կուսակցական ավերիչ պայքարը: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ի հիմնական լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը ֆինանսական կուլիսային շրջանակների հետ անմիջական կապերի մեջ է, որն էլ իր հերթին սատարում է Քլինթոնին: Եվ, ահա, ամբողջ մեդիա ռեսուրսը հանրապետականների քարոզարշավի օրերին արհեստականորեն ֆետիշացնում էր Թրամփին: Վերջինիս ցանկացած արտառոց ձեւակերպում եւ հատկապես վիրավորական խոսքերն իր ներկուսակցական մրցակիցների հանդեպ անմիջապես հայտնվում էին ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում ու անընդհատ շրջանառության մեջ պահվում: Թրամփի ագրեսիվ ու անտակտ վերաբերմունքը մրցակիցների նկատմամբ ոչ միայն տարածվում էր ԶԼՄ-ների կողմից, այլեւ անուղղակիորեն թմբկահարվում: Առաջին հերթին ամերիկյան ԶԼՄ-ների քարոզչական մարտավարության շնորհիվ էին հանրապետականները մեկը մյուսի հետեւից լքում ընտրապայքարը: Թրամփի հաջողություններն առավելապես ոչ այնքան նրա կարողությունների ցուցիչն էին, որքան դեմոկրատական լրատվական ռեսուրսի ճիշտ մարտավարության: Վերոնշյալ գաղտնի նամակն արդեն իսկ հուշում է, թե ինչպես են պատմական պահը հաջողությամբ գիտակցել Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբում եւ խաղարկել ըստ իրենց ցանկության: Արձանագրելի է, որ հերթով շարքից հանելով հանրապետական թեկնածուներին` դեմոկրատական մեդիան խստագույնս օժանդակեց Թրամփի թեկնածությանը: Վերլուծաբանները նույնպես կտրականապես չեն հերքում, որ Քեյսիքի, Ռուբիոյի եւ մյուս հանրապետականների դեմ հանդիման կանգնելու պարագայում Քլինթոնը իսկապես անլուծելի խնդիրներ էր ունենալու: Ի վերջո, նախկին առաջին տիկնոջ պետա-կառավարման փորձառությունը խաղում է իր դերը Թրամփի անփորձության ու անպատրաստվածության դիմաց` նախ եւ առաջ անկախ ընտրողների շրջանում:

Ինչեւէ, մի շարք այլ գաղտնի փաստաթղթերի եւ քաղաքական իրավիճակի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2016թ. պետք է լինի Հիլարի Քլինթոնի տարին: Նրա ընտրության համար կարծես ամեն ինչ ապահովված է` առաջնահերթորեն հանձին հիմնական մրցակցի: Թրամփին չեն պաշտպանում բազմաթիվ ազդեցիկ կուսակցականներ, իսկ անկախ ընտրողները մեծ վերապահումներ ունեն նրա հախուռն ու անկայուն բնավորության նկատմամբ: Ամեն ինչ հուշում է, որ Հիլարի Քլինթոնը հաղթելու է Թրամփի պես մրցակցին, որին, ի դեպ, հենց ինքն է ընտրել: Սակայն արեւմտյան ընտրությունների առանձնահատկությունը դրանց անկանխատեսելիությունն է, ինչը դեռեւս հույսեր է ներշնչում Թրամփին ու նրա աջակիցներին:

Ն.Հովսեփյան




Լրահոս